Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «…ՈՒ ԼԱՎ Է, ՈՐ ՈՐԴԻՍ ԻՆՁ ՀԵՏ ԷՐ»

Հունիս 27,1998 19:40
komandos

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի առանձնասենյակն էլ ավելի զուսպ ու ասկետիկ է, քան ՊՆ պաշտոնյաների մեր տեսած այլ նստավայրեր: «Ոչինչ փափուկ չեմ սիրում»,- խոստովանեց գեներալը, առաջարկելով կոշտ աթոռ:
Կոմանդոս անունը, որ կարծում էինք Աֆղանստանում ծառայելու ժամանակներից է կրում, Մանվել Գրիգորյանն է դրել 92-ին Ղարաբաղում:

Ծնվել է Թբիլիսիում, 59 տարեկան է, պրոֆեսիոնալ զինվորական: Ծառայել է Բելառուսում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Աֆղանստանում: Լեռնային Ղարաբաղում: 1991թ. հունիսից եղել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ, այնուհետեւ՝ գլխավոր հրամանատար: 92-ի հունիսին Մարտակերտում ստացած կոնտուզիան, այնուամենայնիվ, իր հետքը թողել է: Արկադի Իվանովիչի խոսքը՝ երբեմն կցկտուր, երբեմն չկապակցված, հիշեցրեց ինձ նույն այդ թվի ամռանը հայ զինվոր մի աղջնակի աղերսը. «Նահանջում էինք, ամենուր խուճապ էր. Կոմանդոսը գրկեց ինձ, ասաց՝ Մարտակերտն էլ թողեցինք, ու արտասվեց, մենք էլ երեխեքի պես լաց եղանք»: Սուսաննան ընդամենը 16 տարեկան էր: Կոմանդոսի հետ մեր զրույցից որոշ հատվածներ ներկայացնելով, փորձեցի շատ չմիջամտել նրա խոսքին:

– Երբեմն ընկնում ենք ծայրահեղությունների մեջ ու սկսում փառաբանել մեկ Մոնթեին, մեկ Կոմանդոսին: Էքստրեմալ իրավիճակներում ասպարեզ են գալիս մարդիկ, որոնք լիդերի դեր են ստանձնում ու առանձնանում մյուսներից: Լիդերը նույնպես պրոֆեսիոնալ է: Ղարաբաղում զորավարների փայլուն համաստեղություն ծնվեց՝ Ասկոլկան ( Աշոտ Ղուլյան), Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթեն, Վլադիմիր Բալայանը (բոլորն էլ 1-ին աստիճանի Մարտական Խաչի շքանշանակիրներ՝ հետմահու-Ա.Բ.), պարզապես երբեմն մեկին աստվածացնում ենք, մյուսների մասին քիչ ենք խոսում կամ չենք խոսում ընդհանրապես: Երբ Ղարաբաղում պատերազմ սկսվեց, արհեստավարժ զինվորականների խիստ կարիք ունեինք:

Հրամանատարներ էին պետք, ովքեր կկարողանային համախմբել, մեկ հրամանատարության ենթարկել բոլոր ջոկատները: Մարտունիում արդեն ունեինք փորձառու, ուժեղ հրամանատարներ (այժմ՝ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարներ Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան-Ա.Բ.): Երբ Մոնթեն եկավ Մարտունի, արդեն զինվորական փորձ էր ձեռք բերել Աֆղանստանում, Շահումյանում: Զեկուցեցի Սերժ Սարգսյանին (1992 թ. ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի Կոմիտեի նախագահ)… Շատ հետաքրքիր պաշտոններ ունեինք այն օրերին: Պրոֆեսիոնալ զինվորականները ղեկավարում են վարժեցված զինվորներին, իսկ մեր ունեցածը Ղարաբաղում անփորձ տղաներ էին, որոնք եկել էին իրենց հայրենիքը պաշտպանելու համար: Վարժեցված զինվորը խուսափում է էքստրեմալ վիճակներից, վախի զգացողություն ունի: Մերոնք վախի զգացողություն չունեին, նետվում էին մարտի դաշտ…

– Իսկ Շուշի՞ն: Շուշիի օպերացիան համարվում է ռազմական արվեստի փայլուն օրինակ: Պրոֆեսիոնալ զինվորականի տեսակետից այդպես չէ՞:

– Այդ օպերացիան ուսումնասիրված չէ, եւ նրա մասին քիչ է խոսվում: Այն տպավորությունն ունեմ, կարծես ոչ ոքի չի հետաքրքրում՝ իրականում ի՞նչ է եղել Շուշիում: Օպերացիային սկսեցին պատրաստվել 92-ի փետրվարի 27-ից, Խոջալուն վերցնելուց հետո (փետրվարի 26): Գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ Գզոգյան ֆելիքսը (92-ին Ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ) պատասխանատու էր գիշերը, ես՝ ցերեկը: Մանրամասն ծրագիր էինք մշակել: Ենթադրում էինք, որ ադրբեջանցիների ուժեղ դիմադրությանը պիտի հանդիպենք: Շուշիի օպերացիայում ներգրավված էին շատ ուժեր եւ ռազմական տեխնիկա, մոտ 2500 զինվորական էր մասնակցում: Նրանց ցուցակները ես ունեմ: Հարձակման ռազմագիծը բավական երկար էր՝ մոտ 20 կիլոմետր, ու նախատեսել էինք, որ օպերացիան մի քանի օր պիտի տեւի:

Ռազմական գործողություններին մասնակցում էր 4 զորախումբ, 5-րդը՝ պահեստայինը, նույնպես մասնակցեց մարտերին: Հրամանատարը քաջարի Յուրա Հովհաննիսյանն էր (1-ին աստիճանի մարտական խաչի շքանշանակիր, զոհվեց 1993թ. հունիսի 29-ին Մարտակերտում-Ա.Բ.) : Թշնամին չէր կարող դիմադրել եւ նահանջեց: Շուշիի ազատագրման ժամանակ գյումրեցիները շատ զոհ տվեցին: Սամվել Բաբայանի ջոկատը պիտի Սղնախում լիներ, դեպի Զարսլու ու Լիսագոր ճանապարհը փակեր: Եղանակը շատ վատն էր, առատ ձյուն եկավ, նրանք հերոսաբար հաղթահարում էին այդ հատվածը: Պատմությունը որոշ մանրամասներ լռության է մատնում, էդպես է: Անկեղծորեն ասեմ, որ չհասկացա էլ, թե ոնց վերցրինք Շուշին: Ահավոր քնել էի ուզում: Շուշին վերցրինք թե չէ, ասացի. «Վերջ: Գնամ, քնեմ»:

-Շուշիի ազատագրման մասին նույնիսկ գրքեր կան գրված, իսկ Դուք ասում եք՝ օպերացիան ուսումնասիրված չէ։

-Դնեպրիկ Բաղդասարյանն, օրինակ, գիրք է գրել, թե ինչպես են վերցրել Շուշին: Ինքը, գեներալ Սարգսյանը, իհարկե, մասնակցել է Շուշիի օպերացիային։ Բայց ոմանք մասնակցել են «Պապն ու շաղգամը» հեքիաթի մկան պես: Նա էլ էր չէ՞ շաղգամը հողից հանողների թվում: Այն օրերին ո՞նց էր՝ սկզբից հավաքվում են մոտ 200 հոգի, հետո պարզվում է, որ մեկի ոտքն է ցավում, մյուսի մայրն է հիվանդ, արդյունքում մնում են 15-17 հոգի, որոնք սկի չգիտեն էլ, թե ուր պիտի գնան եւ ինչ անեն: Կամ, օրինակ, Զորի Բալայանին վերցնենք: Դե, նա մեր հանճարն է, չէ՞: Սիրում է գրքեր գրել: Հիշո՞ւմ եք, 1991 թ. Հաթերքում մենք ՕՄՕՆ-ականներից 40 հոգի գերի վերցրինք: Զորին գրքում գրում է. «Կանանց «Փառանձեմ» ջոկատը Հաթերքում գերի վերցրեց»։

Իրականում դա մեր ջոկատն էր, իհարկե: Մոսկվայից զանգահարում են, հարցնում են՝ ո՞ւր են այդ գերիները, անհապաղ բաց թողեք: Մենք էլ պատասխանում ենք, որ չգիտենք, ինչ-որ կանանց ջոկատ է դրանց վերցրել: Էդ զինվորներին մեզ մոտ պահեցինք, մոտ 5-6 օր: Մեղք չունեին, խաբված զինվոր էին, հրամանատարները՝ հարբած, գեներալը՝ անփող: Հաթերքից հետո տեղափոխվեցինք Հադրութ, Տող գյուղ: Գյուղը կիսված էր, հայկական մասում ընդամենը մի միլիցիոներ կար, որն, օրենքով, ադրբեջանական ՕՄՕՆ-ին պիտի ենթարկվեր: Հայ միլիցիոները ուներ մեկ ատրճանակ եւ մեկ փամփուշտ: Գյուղի մյուս կողմում՝ ադրբեջանական ու ռուսական ՕՄՕՆ-ներ՝ 40 հոգի ու ռուսական 200 զինվոր:

Դանիելյանների ընտանիքի բոլոր անդամներին սպանել էին: Մեզ ասացին, որ եթե մինչեւ առավոտ չհեռանանք գյուղից, բոլորիս կոչնչացնեն: Բայց հաջորդ օրը առավոտ չեղավ, որովհետեւ ժ. 17-ին սկսեցինք ազատագրել գյուղը: Տարիներ անց ինձ մի տեսաժապավեն ցույց տվեցին, հրամանատարներից մեկը՝ Վրեժը, պարծենում էր, թե Տողը ինքն է վերցրել: Իբր գյուղի ազատագրման համար ես նրան ատրճանակ եմ նվիրել: Իրականում, բոլոր հրամանատարներին նման ատրճանակ էի նվիրել, բայց Ստեփանակերտում: Տողի ազատագրման մասին գիրք եմ գրում:

– Արկադի Իվանովիչ, գիտեմ, որ Ձեզ համար այնքան էլ հաճելի չէ հիշել 92-ի հունիսը՝ Շահումյանը, Մարտակերտը: Ասում են, քաղաքական անհամաձայնությունն էր մեր անհաջողությունների պատճառը: Այս մասին էլ, կարծես, չենք սիրում խոսել։

– Ես զինվորական եմ եւ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Եթե զբաղվեի, հիմա կամ շատ մեծ պաշտոն կզբաղեցնեի, կամ ընդհանրապես էստեղ չէի լինի: Իբրեւ զինվորական կարող եմ ասել, որ մեր քաղաքագետները շատ կոպիտ սխալներ են թույլ տվել: Օրինակ, մենք Ղարաբաղում որոշում էինք, թե ինչը, երբ եւ ինչպես պիտի ազատագրվի: Հետո Վազգեն Մանուկյանն է խառնվում, այս տարի ընտրություններից առաջ, ասում են, պարծեցել է, թե Քելբաջարը ինքն է վերցրել: Դա նույնպիսի բլեֆ է, ինչ եւ Լաչինի ազատագրումը: Քելբաջարում զինված ուժեր գրեթե չկային, բայց մինչ այսօր մեզ ագրեսոր են անվանում: Վազգեն Մանուկյանը շատ վնասներ հասցրեց Հայաստանին, եւ մենք դեռ երկար տարիներ պիտի վայելենք դրա պտուղները:

Մարտակերտի մասին։ Հիմա արդեն ստույգ գիտենք, որ Մարտակերտը վերցրել է ռուսական 10-րդ դեսանտա-օդային դիվիզիան, որ վճարել են դրա համար։ Հարձակմանը մասնակցում էին տանկեր, այլ զրահատեխնիկա: Սկզբից Շահումյանը վերցրեցին, խուճապ սկսվեց: Խաղաղ բնակչությանը չեն ոչնչացրել, հնարավորություն են տվել հեռանալու: Հունիսի 15-16-ը մենք պիտի հակահարձակման անցնեինք, ականազերծեցինք տարածքը: Ցավոք, մեր բոլոր գործողությունների մասին թշնամին մեզանից շուտ գիտեր։ Երբեմն ուզում են նսեմացնել Շահեն Մեղրյանի դերը: Բայց նա էլ Մոնթեի պես մեր ազգի պարծանքն է: Մենք պետք է անուն առ անուն իմանանք բոլոր նրանց, ով փրկել է հայրենիքը, անկախ նրանից՝ ՀՀՇ-ական են, թե դաշնակցական: Երբ խոսում ենք պատերազմում մեր հերոսական գործողությունների մասին, մոռանում ենք ասել, որ դրանում մեզ շատ օգնեցին մեր հակառակորդները՝ Ադրբեջանի կառավարությունն ու քաղաքական կուսակցությունների լիդերները: Իրար միս էին ուտում: Նույնը եղավ մեզ մոտ Մարտակերտի նախօրեին: ՀՀՇ-ն ու Դաշնակցությունը անվերջ հարաբերություններ էին պարզում, չէին կարող որոշել, թե ո՞ւմ ձեռքին պիտի լինի իշխանությունը:

Ստեփանակերտում համատեղ ժողով արեցին, ես էլ էի ներկա: Փոխադարձ մեղադրանքներ էին ներկայացնում, թե ով սկզբից հեռացրեց իր ջոկատները՝ ՀՀՇ-ն, թե Դաշնակցությունը: Փոխանակ բոլորս ռազմաճակատում լինեինք, Ստեփանակերտում հարաբերություններ էինք պարզում: Հունիսի 25-ին թողեցինք Մարտակերտը: Մի քանի օր անց հրամանատարությունը փոխանցեցի Սամվել Բաբայանին: Երեւի դա ճիշտ էր: Բնական է, որ ղարաբաղյան բանակի հրամանատարը տեղացի պիտի լիներ: Ճիշտ է, հետո ղարաբաղցիները ինձ նամակ գրեցին, խնդրեցին, որ վերադառնամ: Նորից եկա Ղարաբաղ, արդեն որպես Ռոբերտ Քոչարյանի խորհրդական 1992-ի դեկտեմբերին Վազգեն Մանուկյանը ինձ հետ կանչեց Երեւան:

Ղարաբաղում վերջին անգամ Կոմանդոսին հանդիպեցի 97-ի մայիսի 9-ին: Որդու հետ էր: Պատվավոր հյուրերի շարքում չէր, ու Շուշիի ազատագրման տարելիցի առիթով կազմակերպված շքեղ հանդիսության հետ, կարծես, առնչություն չուներ: Անշուշտ, կողմնակի հայացքի ու անտեղյակների համար: Ղարաբաղցիները, ովքեր հիշում կամ ուղղակի լսել էին լեգենդար Կոմանդոսի մասին, շրջապատել ու երախտիքի խոսքեր էին հնչեցնում:
«Գիտե՞ք, դա ինձ համար ամենամեծ պարգեւն էր, ու լավ է, որ տղաս ինձ հետ էր»,- ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը, երբ Շուշին հիշեցրի:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930