Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնատեղահանված արցախցին Հայաստանի գյուղում

Ապրիլ 22,2024 13:00

Շահումյան

Արարատի մարզի Շահումյան համայնքի գյուղական այս խանութը հիմա արդեն որպես տուն է ծառայում, որի մեջ շուրջ 6 ամիս ապրում է Արցախից բռնատեղահանված Օհանյանների ընտանիքը: Հատակը սալիկապատված է, ինչն ավելորդ խոնավություն, ցրտություն եւ, հետեւաբար, ջեռուցման ծախս է պահանջում ձմռանը: Ընդարձակ հյուրասենյակի մի անկյունը խոհանոց է համարվում, մյուս անկյունում ճաշասեղանն է տեղադրված, իսկ մյուս կողմում՝ բազմոցը, որը նաեւ մահճակալի դեր է կատարում: Բացի այդ, հատակին էլ են քնում, մահճակալը չհերիքելու պատճառով: 6 հոգի են ապրում այս տանը: Նայում ես ու զարմանում՝ ինչպե՞ս:

Շուշեցի տիկին Անժելան երկրորդ անգամ է բռնատեղահանվել, իսկ ամուսինը՝ Միշան, այդ դառը «փորձը» երրորդ անգամ է տեսնում, որովհետեւ մինչ Արցախ գալը եւ 2001թ.-ին Անժելայի հետ ամուսնանալը, նա 1989-ին Բաքվից Ռուսաստան է բռնատեղահանվել եւ տարիների դեգերումներից հետո Արցախում բնակություն հաստատել: Այս մասին պատմում են Օհանյան ամուսինները՝  ներկայացնելով իրենց վերջին 3-4 տարվա ապրած դառը կյանքը. «Չնայած կյանքում ինձ ծանր բախտ է վիճակվել, բայց ես Արցախում ունեցել եմ ամեն ինչ: Ծնողներս արմատներով Քարին Տակ գյուղից էին, իսկ ես ծնվել-մեծացել եւ ապրել եմ Շուշիում: Երեք քույր, երեք եղբայր էինք: Ցավոք, ծնողներս շուտ մահացան, եւ երեխաների հոգսը հիմնականում ինձ վրա էր: Շատ չանցած՝ 1992-ի մայիսի 9-ին զոհվեց եղբայրս, իսկ մյուս եղբայրս 44-օրյա պատերազմում վիրավորվեց եւ մի քանի վիրահատություններից հետո անցյալ տարի մահացավ: Քույրերիցս մեկն էլ երկու տարի առաջ մահացավ՝ հիվանդության պատճառով: Մյուս քույրս էլ, ինչպես տեսնում եք, անկողնային հաշմանդամ է, ապրում է մեզ հետ՝ իմ խնամքի տակ: Ես դժվարություններից երբեք չեմ ընկճվել, պայքարել եմ, աշխատել եւ ստեղծել եմ ամեն ինչ»:

Արմինեն պատմում է, որ Արցախում մի քանի տուն են ունեցել, զբաղվել են անասնապահությամբ՝ ունեցել են տասնյակ կովեր, ոչխարներ, հավեր: Սեպտեմբերի 30-ին իրենց փոքր բեռնատարով են ճանապարհ ընկել ու 3 օրում մի կերպ հասել Հայաստան. «Շատ դժվարությունների եմ հանդիպել կյանքում, բայց այնպիսի դառն օրեր, որոնք այս վեց ամսվա ընթացքում էին, երբեք չեմ տեսել»:

Տան վարձը 170.000 դրամ է, գումարած՝ կոմունալ ծախսերը: «Ապրուստի միջոց հայթայթելը համարյա անհնարին է այսօրվա դրությամբ… Ճիշտ է, պետությունն այդ գումարը տալիս է, սակայն ընտանիքի հոգսերը ինչպե՞ս հոգալ առանց աշխատանքի, ահա սա է հարցը: Աղջիկս չնչին աշխատավարձով աշխատում է խանութում, բայց դա չի կարող բավարարել 6 հոգանոց ընտանիքի պահանջները: Պետական աջակցությունը շատ չնչին է: Ասում են՝ սննդի ձեռքբերման համար կտրոններ են տալիս, բայց, ցավոք, բոլորին չեն տրամադրում: Քույրս հաշմանդամ է, բայց չեմ կարողանում նրա հաշմանդամության թոշակը ձեւակերպեմ: Հոգնել եմ արդեն այս կամ այն պետական մարմիններ դիմելուց: Չնայած այս ամենին, ես հույսս չեմ կորցնում, ինքս ինձ ասում եմ՝ ետ եմ դառնալու Արցախ: Էդ հույսով եմ ապրում, ու էդ հույսն ու հավատն է, որ ապրելու ուժ է տալիս»,- ասում է Անժելա Օհանյանը:


Շահումյան գյուղում Արցախից բռնատեղահանված 32 ընտանիք է ապրում՝ շուրջ 120 բնակիչ: Ինչպես տեղեկացնում է Արտաշատի խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի առաջին կարգի մասնագետ Շուշան Գրիգորյանը, ընտանիքներից շատերն ապրում են միավորված՝ ելնելով կոմունալ եւ այլ ծախսերի տնտեսման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ՝ ազատ բնակարանների սղության հանգամանքից:


Մեր այցելության հաջորդ հասցեներից մեկը  Ճավակյանների ընտանիքն էր: Տարիներով մարդու երես չտեսած այս տունը բռնատեղահանվածներից շատերն են եկել, նայել՝ բնակվելու նպատակով  եւ, տեսնելով անմխիթար վիճակը, միանգամից շրջվել-հեռացել են: Սակայն Արտաշեսը մի քանի օրում կարգավորել եւ անճանաչելի է դարձրել տունը:

Հիմա այստեղ 10 հոգի է ապրում. Արտաշն է՝ կնոջ ու աղջկա ընտանիքի հետ, 3 թոռներով, նաեւ՝ Արտաշի խնամին՝ 3 հոգանոց ընտանիքով:

Բաղնիքը, խոհանոցը եւ սանհանգույցը հիմնական տնից առանձնացված են, սակայն դա նրանք այնքան էլ չեն կարեւորում:


«Կարեւորը, որ այսքան արհավիրքներից հետո գլխներիս վրա տանիք ունենք: Կարեւորը, որ զավակներս ողջ եւ առողջ դուրս են եկել թուրքի ճանկից»,- ասում են Ճավակյանները:

«Մենք մեր շենումը երկու տոն, բաղ ու բախչա ենք ունեցալ, սակայն իմ աշկես ոչ մի պեն ըրվամ չի»,-ասում է տիկին Վեներան եւ արցունքն աչքերին՝ հիշում Հակարիի կամուրջն անցնելու պահին ունեցած իր ապրումները:

Արցախի Մեծ Թաղեր գյուղից մինչեւ Հայաստան 3 օր ու գիշեր բեռնատարի թափքի մեջ են անցկացրել՝ անձրեւի տակ, ցրտի եւ քամիների մեջ: Մեծից-փոքր՝ բոլորը հիվանդացել են. «Փառք Աստծո, մենք ողջ ենք մնացել, բա մնացած մարդիկ ի՞նչ ասեն, որ հարազատներ են կորցրել կռվի ու պայթյունի ընթացքում: Ես նայում եմ նրանց ու ինքս ինձ ասում, որ կորստի մասին ես խոսելու իրավունք չունեմ: Չնայած հազար ու մի պակաս-պռատին, ես գոհ եմ պետական աջակցությունից: Բացի պետությունից, կան նաեւ մարդասիրական կազմակերպություններ, որոնք երբեմն նյութական աջակցություն են ցուցաբերում, սննդի ձեռքբերման կտրոններ են տրամադրում: Համայնքի տեղական կառույցն էլ է պարբերաբար հետաքրքրվում եւ միջոցներ ձեռնարկում մեր վիճակը հնարավորինս բարելավելու համար: Սակայն զուտ օգնությունների վրա հույսը դնել չի կարելի: Անհրաժեշտ է աշխատանք որոնել եւ աշխատել: Աղջիկս՝ Գայանեն, արդեն աշխատում է գյուղի խանութում, 80.000 դրամ աշխատավարձ է ստանում, իսկ ամուսինս գյուղում տարբեր ֆիզիկական, գյուղատնտեսական աշխատանքներ է կատարում: Նա հենց այս պահին մոտակա տան տարածքում աշխատում է, կարող եք տեսնել»:

Ու քիչ հետո թոռան՝ փոքրիկ Գոռի ուղեկցությամբ հանդիպեցի Արտաշեսին, որը մերձակա տան հողամասում մաքրման ու հարթեցման աշխատանքներ էր կատարում: Ինչպե՞ս ես Արցախից տեղահանվել, ինչպե՞ս ես այստեղ հարմարվել եւ ո՞նց ես ապրում՝ իմ այս հարցին Արտաշեսի պատասխանը հակիրճ էր. «Շատ դժվար ճանապարհ ենք անցել, բեռնատար «Կամազ»-ով մի քանի օրում ենք տեղ  հասել: Ինչ մնում է այստեղի ապրուստին, ես մեծ դժվարությունների չեմ հանդիպում: Աշխատավոր մարդ եմ եւ ինձ համար ամենօրյա գործ գտնում եմ գյուղում: Աղջիկս էլ է աշխատում՝ խանութում, փեսաս շուտով մսի խանութ կբացի, խնամիս էլ  աշխատում է ձկնաբուծարանում: Միաժամանակ թոշակս էլ են վերականգնել, եւ հիմա արդեն ստանում եմ: Ես ոչ մի անլուծելի հարց չեմ տեսնում: Միայն մի երազանք ունեմ, որը բոլորինս է, դա Արցախ վերադառնալն է»:

Մենք եղանք գյուղում բնակություն հաստատած եւս մի քանի բռնատեղահանված արցախցիների ընտանիքներում: Ամեն մեկը յուրահատուկ էր իր ապրումներով, անձնական ճակատագրով, օրվա հոգսերով: Մի տեղ մարդիկ տնամերձ հողամասում էին աշխատում՝ բանջարանոցի համար հող մշակում, մի այլ տեղ՝ կենցաղային մանր-մունր աշխատանքներ կատարում, իսկ ահա Կոլխոզնիկների 19 հասցեի տանը Արցախի Խանցք գյուղի նախկին բնակիչ Ռուբեն Հովսեփյանը հյուրասենյակի հնացած հատակն է փոխում իր ուժերով:

«Իմ տանտերը հրաշալի մարդ է, բարի սիրտ ունի: Պատկերացրեք, տան վարձ չի վերցնում: Իսկ դա ինձ հնարավորություն է տալիս խնայած ֆինանսով այս սենյակի հատակը փոխեմ, բակում թռչնաֆերմա կառուցեմ, որպեսզի զբաղվեմ հավաբուծությամբ, իսկ մնացած տարածքը, որը շուրջ 800ք/մետր է, բանջարաբոստանային մշակաբույսեր եմ ցանելու: Խնամում եմ նաեւ եղած ծառերն ու խաղողի տնկիները,- պատմում է Ռուբենը, եւ ավելացնում,-շատ լավ կլիներ, որ այստեղ նաեւ իմ արհեստին համապատասխան աշխատանք գտնեի՝ Արցախում տասնյակ բնակարանների տանիքներ եմ տեղադրել: Նույն գործը, եթե հնարավոր լիներ այստեղ կատարել, ընդհանրապես ֆինանսական խնդիր չէի ունենա: Հիմա ստիպված այս տնամերձ հողամասում գյուղատնտեսությամբ եմ զբաղվում: Փորձում եմ անել այն ամենը, ինչն Արցախում էի անում: Բազմաթիվ խոզեր, թռչուններ էի պահում այնտեղ, տասնյակ հեկտարներով ցորեն էի ցանում: Բլոկադայի տարում մեկ հեկտար կարտոֆիլ եմ ցանել, որից ստացված 40 տոննա բերքը փրկության նման մի բան է եղել բոլորի համար: Շատ ծանր էր այդ ամենը, տուն-տեղդ, ծննդավայրդ թողնելը: Հայրս բլոկադայի օրերին է մահացել, անգամ գերեզմանը չեմ հասցրել կառուցեմ, տարին դեռ չի լրացել: Արտագաղթի ճանապարհի կեսից փորձել եմ ետ  դառնալ, սակայն ռուս զինվորականները ճանապարհս փակել են: Մեզ համար անասելի ծանր վիճակ էր, քանի որ մեկամսյա երեխա կար մեզ հետ՝ մեր նորածին Հայկը: Ու պատկերացրեք՝ 56 ժամ անտանելի ճանապարհ՝ 56 օրական երեխայի հետ…, մինչեւ հասանք այստեղ: Այստեղ՝ Հայաստանում բոլորը լավ, սրտաբաց մարդիկ են, վատ մարդու դեռ չեմ հանդիպել»:

Ռուբենը նաեւ հավելեց. «Պետական աջակցությունները ստանում ենք, սակայն այդ գործում անհավասար մոտեցումներ կան: Օրինակ, սննդի ձեռքբերման կտրոնները բոլոր ընտանիքներին հավասարաչափ չեն տրամադրվում: Այ, դա լուրջ խնդիր է, որը եւ դժգոհություն է առաջացնում: Այդպիսի երեւույթները, ինչպես նաեւ աշխատանք չգտնելու, տուն՝ անշարժ գույք չունենալու հանգամանքը երբեմն ստիպում է մարդկանց թողնել Հայաստանը, որը շատ ցավալի է: Իմ կարծիքով, ավելի լավ կլիներ անշարժ գույքի սեփականության հարցը լուծեին՝ տուն կառուցելու համար հողամաս տային, քան՝ 40+10 տան վարձի եւ կոմունալ վճարները: Պետական օգնությամբ եւ ուրիշի տանը մինչեւ ե՞րբ կարելի է շարունակել ապրել»:

Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930