Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԿՈՒԿԵՍ ԱՄԻՍ Է, ԱՅՍ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՈՉ ՄԻ «ԱՋ» ԵԼՈՒՅԹ ՉԻ ՀՆՉԵԼ» 

Հուլիս 04,1998 00:42
Azgayin joxov

Բողոքեց ԱԺ նախագահը

Խորհրդարանը երեկ 11 օրենքներ ընդունեց եւ այդպիսով սպառեց մեկ շաբաթ տեւած արտահերթ նստաշրջանի օրակարգը։ Այս մարաթոնից հետո վերջապես պիտի վաստակած հանգստի գնային, բայց նախագահ ոչարյանը նրանց համար անակնկալ էր պատրաստել…
եւս մի արտահերթ նստաշրջան (ճիշտ է, ավելի սեղմ օրակարգով), որը տեղի կունենա երկուշաբթի։ Համառոտ անդրադառնանք երեկ ընդունված օրենքներից մի քանիսին։

«Պատվերով օրենքն» անցավ

Մաքսատուրքերի դրույքաչափերը վերանայելու մասին Արմեն Եղիազարյանի նախաձեռնությանը կողմ քվեարկեցին 93 հոգի (այսքանը բավական էր օրենքն առաջին ընթերցմամբ անցկացնելու համար), 21-ը ձեռնպահ էին, իսկ 8-ը՝ դեմ։ Ենթադրելի է, որ 8-ն էլ «Հայրենիք» խմբից էին։ «Զարմանալին այն է, որ նախորդ իշխանության հովանավորությունը վայելող Սուքիասյան ընտանիքին այսօրվա իշխանությունները ոչ միայն նորից հովանավորության տակ առան, այլեւ սերտաճեցին իրար հետ։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ այդ ընտանիքին պաշտպանության տակ են վերցնում։ Ես համոզվել եմ, որ իշխանության համար այս գինը 1998-ի նախագահական ընտրությունների համար հատուցումն է եւ սպասվելիք ընտրությունները»,- վաղօրոք իր տեսակետն էր հայտնել Պետրոս Մակեյանը։ Արտահերթ ելույթի իր իրավունքն օգտագործելով, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը հիշեցրել էր, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրկնվող փաստարկներից էին, թե տեղական արտադրողների շահերը չեն պաշտպանվում։ Իսկ այս նախաձեռնության իմաստը հենց օրենսդրորեն այդ աջակցությունը կարգավորելն է։

Եվս մի վարկ հաստատվեց

Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիրը կամ զարգացման վարկի մասին համաձայնագիրը 114 կողմնակիցներ ունեցավ եւ 7 հակառակորդներ։ Իսկ նախապես շուրջ 15 ելույթների ուղղվածությունը հուշում էր, թե վարկային այս համաձայնագիրը կարող է եւ չհաստատվել։ Դարձյալ խոսվում էր վարկերի օգտագործման արդյունավետության, սերունդների ուսերին այս պարտքերը ծանրացնելու մասին եւ այլն։ Սակայն գյուղատնտեսության նախարար Վլադիմիր Մովսիսյանն ուղղակի խնդրում էր «ի շահ գյուղատնտեսության զարգացման եւ ինտենսիվացման» հաստատել այս վարկը։ Եվ էլի Խոսրով Հարությունյանն արտահերթ ելույթ ունեցավ։ Բավական կոշտ ելույթ էր։ Բողոքում էր, որ վարկային համաձայնագրերն ԱԺ-ն միայն ամենավերջին պահին է ստանում, ընդ որում՝ առանց լիարժեք տեղեկանքների, եւ ստիպված են լինում 2-3 օրում կարեւորագույն փաստաթղթեր ընդունել ու պատասխանատվություն ստանձնել։

Ուսումնասիրված վարկերի վերաբերյալ Աժ վերահսկիչ պալատի նյութերը դատախազությունն անհետեւանք է թողնում. «Պրն Մովսիսյան, մի անգամ էլ Դուք միջնորդեք։ Ասեք, որ չենք կարողանում ԱԺ մտնել՝ Ձեզ ասում են, «բա էն վարկերն ի՞նչ եղան»,- հորդորում էր ԱԺ նախագահը, վկայակոչելով վարկերին միշտ կողմ եղած պատգամավորների հայտարարությունները, թե այլեւս սկզբունքորեն դրական չեն քվեարկելու։ ․․․ Այնքան սարսափելի չստացվեց, ինչպես ներկայացնում էին։ Գուցե պատճառն այն է նաեւ, թե հույս ունեն, որ այս անգամվա «հաթաթան» անարձագանք չի մնա։

Արհեստավարժներ, քայլով մա՛րշ

Ամբողջությամբ ընդունվեց «Զենքի մասին» օրենքը եւ առաջին ընթերցմամբ՝ «Զինապարտության մասին» օրինագիծը։ Վերջինս հարուստ պատմություն ունի։ Անցած տարվա մայիսին խորհրդարան ներկայացվելով, այն Բաբկեն Արարքցյան-Վազգեն Սարգսյան բախումների առիթ դարձավ։ Ուսանողների զորակոչման հարցն այժմ մեջտեղից դուրս էր եկել։ Փոխարենը Քեմբրիջում, Հարվարդում եւ ուսումնական այլ հայտնի կենտրոններում սովորողներին դասալիքների «սեւ ցուցակից» հանելու առաջարկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը բավական կտրուկ պատասխանեց. «Մինչեւ ուսումնական հայտնի կենտրոնի ուսանող դառնալը նրանք հանցագործ են դարձել Հայրենիքում՝ խուսափելով զինծառայությունից»։

Մի ոչ պակաս հետաքրքրաշարժ հոդված էր հայտնվել, ըստ որի, ընտրովի մարմիններում ընտրվելու եւ պետական պաշտոնի նշանակվելու համար պիտի հաշվի առնվի Հայաստանի զինված ուժերում ծառայած լինելու հանգամանքը։ Վահան Շիրխանյանը Ֆրանսիայի օրինակը բերեց, որտեղ պարտադիր զինվորական ծառայություն չանցածները նույնպես չեն կարող պաշտոն գրավել։

Որոշ պատգամավորներ այս հոդվածին լուրջ արձագանքեցին։ Ասենք, Արամ Մանուկյանը հակափաստարկներ բերեց, թե մարդը հաշմանդամության պատճառով կարող է ծառայած չլինել, արդյոք սա իրավունքների ոտնահարում չէ՞։ Եվ կամ, Վարդան Օսկանյանը, այլ սփյուռքահայեր ապագայում չե՞ն կարող պաշտոններ զբաղեցնել, քանզի այստեղ չեն անցել իրենց զինվորական ծառայությունը։

«Որքան գիտեմ, արհեստավարժներից միայն Վազգեն Սարգսյանն է Հայրենիքի համար կռվել։ Կառավարության մնացած անդամները պաշտոնից ազատվելու են եւ գնալու են բանակում ծառայե՞ն»,- Խորեն Սարգսյանի այս հարցն առավել մասնավորեցրեց Վիկտոր Դալլաքյանը. «Վահրամ Ավանեսյանը կարո՞ղ է բանակ զորակոչվել»։

Կեսկատակ տրված այս հարցերից զատ, քննարկումները բավական տարտամ անցան՝ հատուկենտ ելույթներ հնչեցին եւ ամենակարեւորը՝ ոչ ոք հրաժարական չտվեց։ Դե, չկար նախկին էնտուզիազմը։

«Փրկությունը ներելու մեջ է»

Փոխարենը խիստ բուռն անցան «Իջեւանյան գորգեր» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տալու հարցի քննարկումները։ Սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը պատմեց, որ այս գործարանը ապարդյուն փորձել են 2 անգամ միջազգային մրցույթով վաճառել։ Անհաջողության պատճառներից մեկն էլ ձեռնարկության շուրջ 1,5 մլն դոլարի պարտքն է, որտեղ մայր գումարը միայն 48 հազար դոլարն է, մնացածը վճարման ժամկետների խախտման հետեւանքով առաջացած տույժերն ու տուգանքներն են։

80 «կողմ», 12 «դեմ» եւ 20 «ձեռնպահով» հարկային այս ներումն էլ իրականացվեց, բայց նախ մի կո՜ւշտ իրար հետ կռվեցին։ Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի ներկայացուցիչները պնդում էին, թե աննախադեպ է, որ ոչ պետության մեղքով, այլ սխալ տնտեսավարման պատճառով առաջացած պարտքերը բյուջեից հատուցվեն։ «1,5 մլն դոլարը ներենք, որ հետո 200 հազար դոլարով վաճառե՞ն»,- բորբոքված գոռում էր Վարդան Խաչատրյանը։ «Ո՞վ է այդ տնօրենը, որ այսքան ժամանակ այս պարտքերով աշխատել է, երկու անգամ թույլ չի տվել, որ վաճառեն։ Կառավարությանն էլ համոզել է ԱԺ մտնել։ Արժանի՛ է»։

Կարելի է, իհարկե, ընդդիմախոսների հակափաստարկներն էլ ներկայացնել, որ միեւնույն է՝ պարտքերը չեն տալու, իսկ այսպես՝ աշխատատեղերի, տնտեսական առողջացման հույս կա։ Բայց այս բոլոր քննարկումներից էլ, վեճերից էլ, տնտեսական շահերից էլ, մութ գործարքներից էլ առավել՝ միայն մի հարց է այժմ հետաքրքրում՝ մի՞թե պատգամավորները չեն գնալու արձակուրդ, որ համ իրենք հանգստանան, համ մենք, համ դուք։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031