Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՇԵՂՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԻՋՈՑ

Հուլիս 08,1998 02:11

Մենք մշտապես փորձում ենք ամոթի նորանոր սահմաններ գծել եւ սարսափում ենք մեր մեջ թաքնված անամոթությունը բացահայտել։ Բայց այն ծնվում է հենց ամոթի զոհաբերումից։ Նման զոհաբերումը սկսվում է սեռական կյանքի առաջին իսկ օրվանից եւ շարունակվում է ընդմիշտ։

Եվ այստեղ էլ ծնվում են բազում պրոբլեմներ, որոնք լինելով զուտ անհատական մտածողության եւ զգացողության արդյունք, լուծման կարիք են զգում։ Խոստովանենք, որ հաճախ այդ խնդիրները փորձում ենք անկարեւոր կամ անլուրջ համարել, հաճախ այն դասում ենք սոցիալական հարցերի թվին, թեպետ միշտ չէ, որ այդպես է։

Սեռական կյանքը պատված է երկաթյա մի վարագույրով, որը բացելու փորձերը մի նպատակ ունեն միայն՝ օգնել նրանց, ովքեր ինչ-ինչ պրոբլեմներ ունեն սեքսում, ում կաշկանդում են բարոյականության կեղծ չափանիշները, ովքեր ամոթխած եւ բարդույթավորված են այնքան, որ չեն դիմում սեքսապաթոլոգներին։ Եվ որքան էլ մեզ թվում է, թե հագեցած ինֆորմացիայի ժամանակներում խնդիրներ չկան կամ կլուծվեն ինքնին՝ սխալվում ենք։

Հաճախ ինֆորմացիան շեղում կամ, ընդհակառակը, անիմաստ տագնապ է ծնում հասարակության մեջ։ Չգիտես ինչու նմանօրինակ տագնապ առաջացավ, երբ Սայաթ-Նովա փողոցում բացվեց «Սեքս-շոփ», ուր վաճառվում էին արհեստական սեռական օրգաններ՝ թե՛ իգական, թե՛ արական։ «Օ՜, ինչպես կարելի է, անամոթություն է»,- բացականչում էին քաղքենիները։ Ինչպես եւ սպասելի էր, խանութը փակվեց։ Մինչդեռ մեզ համարում ենք քաղաքակիրթ ազգ եւ պետություն։ Իսկապես քաղաքակիրթ երկրներում այս մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի է։ Գաղտնիք չէ, որ այսօր այդ առեւտուրը ամոթխածորեն իրականացվում է։ Նույնիսկ վաճառողները վախվորած են՝ հանկարծ չկարծեն, թե իրենք էլ են օգտագործում։

Ինչեւէ, մեր ազգաբնակչության մեջ կա պահանջարկ, որը հասարակության համար որեւէ վտանգ չի ներկայացնում։ Այդ կարծիքին է հանրապետության գլխավոր սեքսապաթոլոգ Գագիկ Գալստյանը. «Սեռական պահանջը ֆիզիոլոգիական պահանջ է, բնազդ, որը մարդու մեջ մյուս բնազդների բավարարման տեսակետից մարդկայնացվում է։ Այսինքն՝ շնորհիվ մեր կուլտուրայի, մեր կրթվածության, մեր անձնային որակների բավարարում ենք այդ բնազդը քաղաքակիրթ ձեւով, դրանով իսկ տարբերվում կենդանական աշխարհից։ Յուրաքանչյուր մարդ ձգտում է սեփական սեռական վարքը հարմարեցնել հասարակության մեջ իշխող նորմերին։

Բայց կան անձնավորություններ, որոնք տարբեր պատճառներով հնարավորություն չունեն կամ ի վիճակի չեն սեքսուալ զուգընկերության, ուստի նրանք իրենց պահանջները բավարարում են արհեստական սեռական օրգանների օգնությամբ։ Ես դա համարում եմ նորմալ երեւույթ, քանի որ բնազդների քաղաքակիրթ բավարարումը երբեք հասարակության վրա չի անդրադառնում։ Այլ բան է, երբ այն իրականացվում է բռնությամբ կամ այդ երեւույթը պարտադրվում է ճնշող մեծամասնության կողմից»։

Ըստ պրն Գալստյանի, այս երեւույթը չի կարող առաջ բերել մեր ազգային ավանդական նորմերի շեղում։ Դրանով զբաղվում են մեծամասամբ միայնակ մարդիկ, որոնք սահմանափակ թիվ են կազմում։ Ահա թե ինչ է խոստովանում 37-ամյա մի կին, որը շուրջ 7 տարի օգտվում է նման միջոցներից։ «Ամուսնուս մահից հետո վճռականապես որոշեցի նվիրվել միակ զավակիս, լինել ե՛ւ հայր, ե՛ւ մայր։ Բայց եւ չէի կարող իմ մեջ սպանել սեռական պահանջներս, թեպետ մի քանի տարի գիտակցված անտեսում էի այդ փաստը։ Տղամարդու կարիք էի զգում։ Ինձ համար խիստ կարեւոր էր ունենալ հիմնական տղամարդ՝ ամուսին։ Հոգեբանորեն այլ կարգավիճակով հանդես գալ չէի կարող, թեպետ առաջարկություններ շատ են եղել։ Որոշեցի սեռական պահանջներս բավարարել արհեստական առնանդամի միջոցով։ Սկզբում սարսափով էի դրան մոտենում, ինքս ինձ հանցագործ էի համարում, մեղավոր էի զգում։ Հետո աստիճանաբար սովորեցի. հասնում եմ լիարժեք հեշտանքի։ Քանի դեռ չեմ գտնում ինձ արժանի տղամարդ, կշարունակեմ այս կերպ հագուրդ տալ կրքերիս»։

Կանանց մեծամասնությանը հուզում է տղամարդու կողմից «օգտագործված» լինելու սեւեռուն գաղափարը, հոգեբանությունը։ Վարկաբեկված լինելու, ճիշտ չընկալվելու վախը հաճախ նրանց ստիպում է դիմել սեռական բավարարման այդ միջոցներին։ Իմ զրուցակից կանանց (հիմնականում, մտավորականներ) մեծ մասը այն կարծիքին է, որ իրենք կգերադասեն ապրել առանց սեռական կյանքի, քան արհեստական միջոցներով իրենց էգ զգալ։ Մի նկարչուհի ասաց. «Ես այսօր սեռական կյանքով չեմ ապրում, առանձնապես չեմ էլ սարսափում այդ միջոցներից օգտվել, բայց չեմ կարող տղամարդու շունչը փոխարինել արհեստական առնանդամի հետ։ Չնայած դա, երեւի թե, օնանիզմի ձեւ է»։ Կանանց մի մասն էլ կես լուրջ, կես կատակ ասաց. «Շատ ավելի հարմար է։ Հիգիենիկ է եւ հղիանալու վտանգ էլ չկա»։ Չափազանց անկեղծ զրույցների ժամանակ յուրօրինակ եւ հետաքրքիր կարծիքներ լսեցի։ Մի քանիսը խոստովանեցին, որ սեռական հարաբերության ընթացքում եղել են դեպքեր, երբ ենթագիտակցորեն զգացել են դրա կարիքը, ոչինչ չասելով ամուսնուն։ Շատերն էլ պարզապես անտեղյակ էին եւ զարմանում էին։

Արհեստական սեռական օրգանների կարիքը միայն միայնակները չեն զգում։ Լինում են դեպքեր, երբ այն օգտագործում են նաեւ ամուսնական զույգերը, չնայած չնչին տոկոս են կազմում։ Դա բնավ էլ պայմանավորված չէ տղամարդու սեռական ակտիվությամբ. «Ի վերջո, կան էրոտիկ եւ սեքսուալ հարաբերությունների ձեւեր, որոնք տվյալ զույգի համար նախընտրելի են եւ միայն այդ միջոցով կարող են հասնել ներդաշնակության։ Իսկ եթե անձնային պատճառներով զույգերից որեւէ մեկը մերժում է այդ առաջարկը, նրանցից մեկի մոտ սեքսուալ սպասումները չեն արդարացվում։ Դա հաճախ բերում է միջանձնային հարաբերությունների շեղման, միմյանց հանդեպ փոխվում է վերաբերմունքը, ինչը կարող է խարխլել ամուսնական դաշինքի հիմքերը»,- ասաց պրն Գալստյանը։

Մի կին խոստովանեց, որ երբ ամուսինը մեկնում էր արտագնա աշխատանքի, ինքը ֆիզիկապես թույլ էր զգում, ահավոր գլխացավեր էր ունենում, ուշաթափություններ։ Դիմելով բժշկի, հասկացել էր, որ դա սեռական կյանքի բացակայությունից է։ Որոշ խորհուրդներից եւ զրույցներից հետո կինը դիմել է այդ միջոցներին, քանի որ այլ ելք չի ունեցել։ «Հանուն իմ առողջության, ես ստիպված էի… բայց, երբ ամուսինս վերադարձավ, ես չխոստովանեցի այդ մասին, քանի որ նա ինձ կմեղադրեր»։

Որքանո՞վ են այս խոստովանությունները հարյուր տոկոսով անկեղծ, չեմ կարող ասել։ Ինչո՞ւ ենք մենք ատամի, կույր աղիքի կամ այլ հիվանդությունների դեպքում դիմում բժշկի, բայց մոռանում ենք, որ ընտանեկան կյանքի ամրության համար կարեւոր է սեքսուալ իմացությունը եւ աններդաշնակության դեպքում բժշկին դիմելը՝ դժվար է ասել։ Թերեւս դա մեր սահմանափակ մտածողության եւ բարքերի արդյունք է։

ՆԱՐԵ ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ. Թող տղամարդիկ աքլորավարի չմտածեն, որ իրենք «անմեղ» են։ Դեռ հետաքննությունը շարունակվում է, եւ նրանց մասին էլ փաստեր կգտնենք։ Խոսքս հայկական միջավայրի մասին է։ Թե չէ աշխարհին է հայտնի, որ անթիվ տղամարդիկ տարված են եղել տիկնիկ-կանանցով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031