Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկեպարի ու Կիրանցի հատվածում տեղադրված սյուներն այն մասին են, որ չկա Արեւմտյան Ադրբեջան, կա Ադրբեջան, որը սյունից այն կողմ է»․ Փաշինյան

Մայիս 07,2024 15:03

«Ես համաձայն եմ մինչեւ նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու հետ, եւ դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք բանակցային հարթակներում համաձայնեցվել են, արձանագրել խաղաղության պայմանագրում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիեւի այն հայտարարությանը, թե մինչեւ նոյեմբեր իրատեսական է համաձայնագրի կնքումը։

«Բայց եթե ես հիմա ակնհայտորեն չեմ ասում՝ մենք մինչեւ այս շաբաթվա վերջ ստորագրելու ենք, նշանակում է դա դեռ տեղի չի ունեցել։ Եվ ես հույս ունեմ, որ առաջիկայում Ալմաթիում նախատեսված հանդիպմանն այդ առաջընթացը կարձանագրվի»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով եւ Հայաստանի տարածքն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», անգամ «Արեւմտյան Ադրբեջան» հեռուստաալիք են ստեղծել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ձեր բարձրացրած հարցը մտահոգություն է, դա պրոբլեմ է եւ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Բա հիմա հարց՝ այդ սպառնալիքը մենք ո՞նց ենք պատրաստվում կառավարել։ Հենց սահմանազատումով, որովհետեւ այդ ֆոտոն ինչի՞ մասին է, որ սյունը տեղադրվել է Ոսկեպարի ու Կիրանցի հատվածում, որ չկա Արեւմտյան Ադրբեջան, կա Ադրբեջան, որը սյունից այն կողմ է։ Այսինքն՝ կա Արեւմտյան Ադրբեջան, բայց Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է։ Եվ սյունից այս կողմ Հայաստանի Հանրապետություն է։ Դա տեղի է ունեցել համատեղ որոշմամբ։ Այն սյունը, որը տեղադրվել է Ոսկեպարում ու Կիրանցում, փակել է ձեր ասած խոսույթի ճանապարհը»։

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում էլ Արեւմտյան Հայաստանի մասին են խոսում։ «Ընդդիմադիր հարգարժան գործընկերներն իրենց միջոցառումներում Արեւմտյան Հայաստանի մասին են խոսում եւ էլի ուրիշ բաների մասին են խոսում։ Ես բան չեմ ասում, ես խնդրում եմ մեր բոլորի ուշադրությունը՝ այս տերմինաբանությունները կարո՞ղ է իրար հետ կապ ունեն։ Կամ մենք այսօր այդ խոսույթով ո՞ւր ենք առաջնորդում մեզ բոլորիս։ Մենք հատել ենք այն գիծը, որ պետք է խոստովանենք ինքներս մեզ, որ այդ ճանապարհից պետք է հետ դառնանք, որովհետեւ շարունակության պարագայում կորսվելու է ամեն ինչ»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031