Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ՝ ԴԱՐՁ ԴԻՍԻԴԵՆՏՈՒԹՅԱՆԸ

Հուլիս 16,1998 01:50

Շատերի համար անսպասելի, հուլիսի 18-ին Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը կգումարի արտահերթ համագումար։ Օրակարգում մեկ հարց է՝ ՔԴՄ-ի ներկայիս նախագահ Ազատ Արշակյանի հրաժարականը։ Նախաձեռնությունը շարքերինը չէ։ Պարզապես քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդն այն կարծիքին է, որ իբրեւ պարտված ուժի կողմնակից, ինքը պետք է հեռանա։ Իր հրաժարականն էլ պետք է դիտարկվի փետրվարի 4-ից ծայր առած գործընթացի համատեքստում. «Կարծում եմ, որ մենք պետք է հեռանանք եւ տեղ բացենք նոր մարդկանց համար, ովքեր ունեն ծրագրեր, իմ համոզմամբ, երկիրը խոր ճգնաժամից դուրս բերելու համար»։

Իհարկե, ավելի ճիշտ կլիներ, որ հրաժարականը ի կատար ածվեր մյուս նմանօրինակ քայլերի ժամանակահատվածում։ Բայց քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլն անակնկալ էր, եւ, բացի այդ, կար իրականացվելիք մի քանի ծրագիր, Ազատ Արշակյանը շարունակեց իբրեւ ՔԴՄ-ի ժամանակավոր նախագահ։ Հիմա կազմակերպությունը, նախագահի խոսքերով, աստիճանաբար դուրս է գալիս շշմած վիճակից։ Այն կընթանա սեփական ճանապարհով, քանի որ Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգծի նկատմամբ ինքն՝ Արշակյանն, ունի որոշ վերապահումներ։

Գործընկերային համերաշխությունը «Հանրապետություն» միավորման շրջանակներում ապահովվել է անդամ կուսակցությունների փոխզիջումներով։ Հիմա քրիստոնեա-դեմոկրատներն ավելի ազատ են։ Դրանով հանդերձ. «Ես անձամբ կողմնակից եմ նոր միավորումների ձեւավորմանը։ Կարծում եմ, որ չափազանց թանկ արժե բազմաթիվ փոքրաթիվ կուսակցությունների առկայությունը Հայաստանում։ Քաղաքականությունը թանկարժեք հաճույք է։ Հասարակության ուժը պետք է խնայողաբար օգտագործվի»։

Այն փաստին, որ ՔԴՄ-ին տեղ հատկացված չէ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ստեղծված Քաղաքական խորհրդում, Ազատ Արշակյանն անդրադարձավ գոհունակությամբ։ Այլապես պետք է գտնվեր նրբանկատ մերժման մի տարբերակ, քանի որ հրավերը պարտավորեցնող կլիներ։ «Քաղաքական այդ խորհուրդը ֆունկցիա չունի, բայց կարող է լինել իբրեւ քաղաքական կազմակերպությունների ակումբ։ Մենք ԱԺ-ում ունենք ներկայացուցիչներ, մեր դիրքորոշումներն այնտեղ ներկայացվում են։ Այսինքն՝ քաղաքականության մասնագիտական ասպարեզ մենք ունենք»։
Իսկ սիրողաբար կամ արհեստավարժորեն Ազատ Արշակյանը չի ցանկանում լինել այնտեղ, ուր չկա անելիք։ Դա անիմաստ մարմին է, որ ՔԴՄ նախագահը չգիտե, թե հանուն ինչի է ստեղծվել։

Այլ են Ազգային ժողովի աշխատանքներին Արշակյանի չմասնակցելու արգումենտները։ Թեեւ նա խորհրդարանի նախագահի հրավերը հարգելով մեկ անգամ այցելել է Ազգային ժողով, սակայն ներկա չի լինում նիստերին, որովհետեւ «բարոյական մթնոլորտն այնտեղ՝ ինձ վանում է։ Ես չեմ կարող այդ մարդկանց հետ աշխատել»։

Իհարկե, կարող են լինել իրավիճակներ, երբ Ազատ Արշակյանն իր համար տհաճ մարդկանց հետ էլ կարող է աշխատել, բայց հիմա դրա անհրաժեշտությունը չկա։ Քվորում է պետք՝ ունեն. «Ես ինչո՞ւ պիտի նրանց հետ նստեմ նույն նստարանին, նրանց հետ քվեարկեմ, նրանց հետ գնամ նույն ճաշարանը։ Ես նույնիսկ կալանավայրում հատուկ կարգեր էի դնում, որ ինձ համար ոչ սիրելի մարդկանց հետ նույն խցում չլինեմ։ Չեմ ուզում նրանց հետ լինել։ Այնտեղ արհեստավարժ հայրենասերներ են»։

Դա, իհարկե, չի խանգարում, որպեսզի քրիստոնեա-դեմոկրատները չանտեսեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու անհրաժեշտությունը։ Թեպետ, ինչպես պարոն Արշակյանը մատուցեց, ոչ իրենք, եւ ոչ էլ որեւէ այլ մեկն այդ խնդրի շուրջ հիմա լրջորեն չի մտածում։ Պատճառն առավել քան ակնհայտ է. «Այս Ազգային ժողովը հանրապետության նախագահին շատ հարմար է»։
Իսկ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու իր ընթացքը ՔԴՄ-ն տեսնում է հետեւյալ կերպ. արդեն իսկ կուսակցության Քաղաքական խորհրդում ամբողջացվում է առաջնային լուծման կարոտ հիմնախնդիրների ցուցակը։ Դրանք, ըստ երեւույթին, ընդհանուր քննարկման առարկա կդառնան այլ կուսակցությունների հետ։ Համաձայնությունների ձեռքբերումը չի բացառի նոր միավորման ստեղծումը։ Իսկ ՔԴՄ-ն առաջնային խնդիրների մեջ դասում է. «Հայաստանի անվտանգությունը, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունը։ Հայաստանի քաղաքացիներն արժանի են լավ ապրելու»։

Հրատապ խնդիրներից բացի, կան նաեւ ռազմավարական հարցեր. «Պետության հայեցակարգ պիտի մշակվի՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանը։ 2000 տարի դրանով ոչ ոք չի զբաղվել։ Չէ՛, մի անգամ զբաղվել են՝ քրիստոնեությունն ընդունելիս։ Պետք է որոշենք. գուցե անհրաժեշտ է, որ ժողովրդավարությունն էլ ավելացնենք քրիստոնեական պետությանը»։
Այդպիսով պետք է ավարտին հասցվի պետական ինստիտուտների ձեւավորումը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի գործը պետք է շարունակվի այդ բնագավառում»։

Իրենց առջեւ դրած խնդիրների շրջանակում քրիստոնեաևդեմոկրատները հնարավոր համարո՞ւմ են միաժամանակյա գործակցությունը եւ երկրապահներով համալրվելիք հանրապետական կուսակցության, եւ թե ՀՀՇ-ի հետ։ Ազատ Արշակյանն ասաց, որ թեեւ այդ հարցը քննարկման նյութ չի դարձել, բայց «պետք է նկատի առնել, որ Հանրապետական կուսակցությունը, ՔԴՄ-ն ու ՀՀՇ-ն այդպիսի փորձ ունեն։ Նրանք անցյալում համագործակցել են»։

Իսկ իր քաղաքական ապագան Ազատ Արշակյանը պատկերացնում է այսպես. «Ուզում եմ ազատ լինել։ Դրանից զատ, պարտականություններ ունեմ նախկինում քաղբանտարկյալ իմ ընկերների նկատմամբ։ Ուզում եմ դրանով զբաղվել։ Վերադառնում եմ իմ քաղբանտարկյալության ակունքներին։ Ինչ-որ իմաստով ես ռելիկտ եմ՝ ցուցանմուշ։ Այժմ ես միակ քաղբանտարկյալն եմ, որ անցել եմ հատուկ ռեժիմ՝ Նավասարդյան Աշոտի հետ։ Ես պիտի ռելիկտի դերն էլ կատարեմ»։

Թույլ կտա՞ դա Ռոբերտ Քոչարյանը. «Երբ ես Գերագույն դատարանի վճռով դարձա հատուկ վտանգավորության պետական հանցագործ, երբ ես դարձա հատուկ ռեժիմի արժանի հայրենասեր, Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ կոմերիտմիությունում Սուսլովի կոնսպեկտներն էր կազմում»։

Իսկ որ Արշակյանն այսպես թե այնպես ՔԴՄ-ի ստվերային ղեկավարն է լինելու դիտարկումը մեկնաբանվեց հետեւյալ կերպ. «Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ նոր նախագահին ազատություն եմ տալու։ Երկիշխանություն չի լինելու։ Լինելու է մեկ նախագահ։ Բայց հաճելի է, երբ կարծիքդ հաշվի է առնվում։ ՔԴՄ-ի նախագահի պաշտոնը կուզենայի ունենալ իբրեւ տիտղոս, բայց պետք է լինի մեկ նախագահող։ Ես զբաղվելու եմ իմ դիսիդենտական գործերով»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031