Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՏԱՍՆՕՐՅԱԿ

Սեպտեմբեր 10,1998 00:00
chanaparhayin vostikanutyun

Լրագրողը փոխում է մասնագիտությունը

Հերթական ուսումնական տարվա շեմին քաղաքապետարանը եւ պետավտոտեսչությունը հայտարարեցին անվտանգ երթեւեկության տասնօրյակ: Խորհրդային տարիներին այդպիսիք կազմակերպվում էին պարտադիր եւ բավական արդյունավետ էին: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսի՞ն է լինելու այս մեկը: Դիմեցինք ՆԳ նախարարություն եւ համապատասխան թույլտվություն ստանալով՝ մասնակցեցինք միջոցառմանը:

Վերակարգ

Այս արարողությունը մեզ ավելի հայտնի է ռուսերեն «ռազվոդ» բառի տեսքով: Եւ այսպես, առավոտյան ժամը 7-ին սկսվող վերակարգից ուշացա, ինչի համար բանավոր դիտողություն ստացա ՊԱՏ քաղաքային բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Կոստանյանից: Ես դեռ ոչինչ, քաղաքացիական եմ, իսկ ահա մի ճանապարհային տեսուչ դիտողություն ստացավ արտաքին անհամապատասխան տեսքի համար: Հրամանատարի պահանջը կատարվեց առանց քննարկման, ծառայություն է: Բոլոր մանրամասները ճշտելուց հետո դուրս եկանք քաղաք: Առավոտը դեռ կարգին չէր բացվել:

ՈՒժեղացված ծառայություն

Դեռ կարգին չէինք հեռացել ՊԱՏ վարչական շենքից, երբ նկատեցի, որ մի քանի մեքենաներ արդեն ընթացիկ նորոգման են կանգնել: Մեկի դողն էին փոխում, մյուսի շարժիչը չէր միանում: Ինչ արած, «Հունդայները» չեն հարմարվում մեր բնակլիմայական պայմաններին եւ հատկապես լանդշաֆտին: Վաղ առավոտյան Մաշտոցի պողոտան կիսադատարկ է, սակայն հատկապես շուկայի մոտ մարդիկ, միեւնույն է, փողոցը հատում են ինչպես ուզեն՝ թքած ունենալով սեփական անվտանգության վրա: Ինչեւէ, մեր խնդիրն այսօր դպրոցների մերձակայքն է: Առավել խիտ երթեւեկությունը Բաղրամյան պողոտայում է: Փոսի դպրոցի մերձակա ճանապարհի մոտ 200 մետրանոց հատված ուժեղացված հսկողության տակ է: Ճանապարհային ոստիկանները մերթընդմերթ շրջափակում են տրանսպորտի հոսքը եւ երեխաներին խումբ-խումբ անց կացնում փողոցը: Բոլոր վարորդները, այդ թվում՝ «ֆիրմա» ավտոները անվերապահ կատարում են տեսուչի պահանջը, եւ միայն երթուղային տաքսիներն են փորձում խախտել այս հավասարակշռությունը: Նրանք այլ խնդիր են լուծում:

Ճանապարհատրանսպորտային անեկդոտ-1

Խիտ լցված երթուղային տաքսին շարժվում է մեծ արագությամբ: Հանկարծ ուղեւորը բացականչում է:

-Վարորդ, կանգնիր, ուղեւորն ընկավ մեքենայից:

-Թքած 100 դրամի վրա, մյուս կանգառում նորին կվերցնենք:

Սեւ հումոր է իհարկե, բայց ճշմարտությունից այնքան էլ հեռու չէ: Բաղրամյան պողոտայի մյուս երկու դպրոցների մերձակայքում վիճակը նվազ լարված է, բայց ոստիկանները հսկում են տարածքը: Օպերայի մոտ, ճանապարհի մեջտեղում կանգնած է քարոզչական մեքենան, որի բարձրախոսից տիկնոջ հաճելի ձայնը դիմում է քաղաքացիներին. «Հարգելի համաքաղաքացիներ, փողոցն անցնելիս եղեք ուշադիր, օգտվեք դրա համար հատկացված անցումներից եւ գետնուղիներից»: Զուգահեռաբար փողոցն այս ու այն կողմից հատում են ամենատարբեր տարիքի հարգելի համաքաղաքացիներ, եւ տեսուչները, որոնք ընդամենը չորսն են, անզոր են կանխել այդ բրոունյան շարժումը: Սարյան փողոց: Այստեղ իրար շատ մոտ տեղակայված երկու դպրոցների հատվածը նույնպես խիստ հսկողության տակ է: Այս փողոցի «դժբախտությունն» այն է, որ ասֆալտը որակյալ է, փոսեր չկան, եւ որոշ վարորդներ ձգտում են մեծ արագություն զարգացնել: Մոսկովյան, Հանրապետության, Տերյան փողոցների դպրոցների մոտ նույն վիճակն է, նույնիսկ անհետաքրքիր է դառնում:

Սովորական ծառայություն

Ժամը 9.30-ին մոտ արդեն գրեթե բոլոր դպրոցների մոտ հանգիստ իրավիճակ է, եւ պետավտոտեսչությունը անցնում է ծառայության սովորական ռեժիմի: Կարող ենք հանգստանալ, մի բաժակ սուրճի շուրջ զրուցել հոգսերից ու խնդիրներից: Գլխավոր գլխացավանքը, որքան հասկացա, անկարգապահ, այսպես կոչված «պուզատի» վարորդներն են եւ նրանց անմիջական եւ ոչ այնքան անմիջական հետնորդները, որոնցից շատերը մեքենա են վարում հարբած վիճակում:

Ճանապարհատրանսպորտային անեկդոտ-2

Գափոյին ամեն անգամ կանգնեցնում ու տուգանում են հարբած վարելու համար: Ընկերներից մեկը առաջարկում է խմելու դեմ կոդավորվել եւ հանգիստ շարունակել մեքենա վարել: Գափոն զարմանում, բայց համաձայնում է: Նրան տանում են հայտնի կոդավորող Առաքել բիձու մոտ:

– Հանվի ու կռացի,- կարգադրում է կոդավորողը:

Գափոն անակնկալի է գալիս, բայց կատարում է Առաքել բիձու պահանջը…

Վերջը, շիվարած Գափոն հարցնում է,-կոդավորեցի՞ր, էլ չե՞մ խմելու:

– Հանկարծ ու լսեմ, որ բաժակ ես վերցրել ձեռքդ, – պատասխանում է կոդավորողը:

Տեսուչների հետ շարունակում ենք շրջել փողոցներով, բայց հետաքրքիր ոչինչ չի կատարվում, հանգիստ օր է: Քաղաքը աստիճանաբար ռիթմի է գալիս, մարդիկ, նրանց հետ էլ կանոններ խախտողները շատացել են: Կանգառներում սկսվել է ավտոբուսային պատերազմը, որը շարունակվելու է մինչեւ ուշ երեկո: Սովորական բան է: Ծառայության վերջը Բավական մեծ տարածք ընդգրկելուց հետո տեսուչների հետ վերադառնում ենք սկզբնակետ: Սիրեկան Կոստանյանը լսելով զեկույցը՝ թեթեւ շունչ է քաշում եւ արձանագրում, որ լրագրողիս ոտը խերով էր, մյուս տեղամասերում նույնպես պատահարներ չեն գրանցվել: Ինձ մնում է միայն ուրախանալ եւ ոտիս ծառայությունը կրկին առաջարկել: Փոխգնդապետը սիրով համաձայնում է եւ հաջորդ ստուգայցի թեման ինքն է առաջարկում. «պուզատիների» բարքերի ուսումնասիրում դաշտային պայմաններում: Այսպիսի առաջարկը մերժել անհնար է:

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930