Լրահոս
Օրվա լրահոսը

300 ՄԻԼԻՈՆ ՏՆՕՐԻՆՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 17,1999 00:00
dram

Նորանկախ Հայաստանի բյուջեն ամեն կերպ համալրելու իշխանության մղումները հանդիպում են հասարակության հիմնական մասի տարակուսանքին։ Օրենսդիր իշխանության ցանկությունը՝ ընդամենը սառեցված տեսնել էլեկտրաէներգիայի 1998 թվականի նոյեմբերի 1-ի սակագինը, հանդիպեց գործադիր մարմնի բուռն դիմադրությանը։ Ինչո՞ւ է մեր կառավարությունը, որն ինչքան էլ ոմանք փորձեն ապացուցել, որ հայ պետության կառավարիչը չէ, այլ ինչ-որ մի այլ մարմին, թող որ անփորձից մինչեւ անառակի կարգավիճակով, դեմ է գնում հանրային տրամադրությանը։

Պարզագույն տրամաբանությունը հուշում է, որ կառավարությունը բյուջե ունենալու համար է։ Ոչ թե բյուջեն՝ կառավարություն պահելու։ Ունի՞ մեր կառավարությունը այդ ֆինանսական բուրգը, որի պարագայում պարտավոր է գործել։ 300 մլն դոլարին համարժեք դրամային եկամտազանգված ունեցող կառավարիչ մարմինը պատվաբե՞ր է արդյոք կառավարություն անվանել։ Կարծում եմ, Հայաստանում կան մեկ տասնյակ մասնավոր ֆիրմաներ, որոնց տարեկան եկամուտը մոտ է կառավարության գործունեությունը պայմանավորող հարկահավաքության եկամտային մասին։ Ինչ է իրենից ներկայացնում մեր այդ 300 միլիոնը։ Մեկ հայաստանաբնակի հաշվով ստացվում է տարեկան 100 դոլար, ամիսը 8 դոլար։ Փորձենք այս թիվը համեմատության մեջ դնել տարածքով կամ բնակչությամբ մեզ մոտ զարգացած երկրների ցուցանիշների հետ. որոշ մասնագետների այն գործելաոճը, երբ զուգահեռներ անց են կացվում գերհզոր երկրների օրինակների վրա, անընդունելի են այն պարզ պատճառով, որովհետեւ, ասենք, Ֆրանսիայում կամ Իտալիայում գործում են բացարձակապես այլ պայմաններ, քան 44 հազար քառ. կմ տարածք ունեցող Հոլանդիայում, կամ 4,5 մլն բնակչություն ունեցող Նորվեգիայում։ Համենայնդեպս, մեզ ավելի հարմար է չափվել այս երկրների հետ։

Հոլանդիայի բյուջեն 1998-ին եկամտային մասի գծով կազմել է 103 մլրդ դոլար՝ մեկ բնակչի հաշվով 7000 դոլար։ Այս ցուցանիշին հասնելու համար, եթե ապահովվի ՀՀ կառավարության նախատեսած 10 տոկոս տարեկան միջին աճը, կպահանջվի 73 տարի։ Կարծես հուսալքություն ծնող տարեթիվ է ստացվում, որի անցնելիք ձեւ-միջոցը բացարձակապես անհասկանալի է մեր շարքայինից մինչեւ նախարարը։ Թեեւ նրանց շարքերում կան այնպիսիք, ովքեր ենթադրելով համոզված են, որ ՀՍՍՀ 80-ականների արդյունաբերությունը վերականգնելու դեպքում այդ ճամփան կարելի է անցնել շատ արագ։ 1985-ին ՀՍՍՀ բյուջեն եղել է 2,2 մլրդ ռուբլի, որը ընդունված է համարել մոտ 3 մլրդ դոլար. անգամ այս ցուցանիշին հասնելու համար, դարձյալ տարեկան 10 տոկոս, գրեթե անհավատալի աճի պարագայում, պահանջվում է 24 տարի։ Ասել է թե, անցած տասը տարիներին մեր տնտեսությունը հետընթաց է ապրել 34 տարով։ Տխուր պատկեր է, եթե չասենք՝ ողբերգական։

Սակայն առաջ շարժվել, զարգանալ պետք է։ Միայն ինչպե՞ս. պատասխանը այն պարզագույն տարբերակը չէ, որ պարտադիր փորձում են ներկայացնել արդյունաբերության վերակենդանացման հետ։ Ինչքան էլ տարօրինակ է, Հոլանդիայի տնտեսությունը կազմավորված է 4 տոկոս գյուղատնտեսության մասից, 18 տոկոս արդյունաբերությունից եւ 78 տոկոս սպասարկման ոլորտից։ Չեմ կասկածում, որ շատերը կտարակուսեն, բերված թվերը անլուրջ կհամարեն։ Հոլանդիան գյուղատնտեսական երկիր տեսնողները թերահավատ են 4 տոկոսի հարցում, իսկ տնտեսության 78 տոկոսը սպասարկման բնագավառում պատկերացնելը ուղղակի ծիծաղելի է. ինչ է, երկրի տնտեսությունը հիմնված է ֆուտբոլ խաղացողներին սպասարկելո՞ւ վրա։ Բայց բերված բյուջեն իրողություն է, թվերը՝ բազմիցս ստուգված։

Ուրեմն՝ որտեղից է սկսվում երկրի զարգացումը։ Փորձենք դիտարկել էլեկտրաէներգետիկ ոլորտը։ 25 տարի առաջ Հոլանդիան մեկ բնակչի հաշվով արտադրում էր 4000 կվտ էլեկտրաէներգիա, մեր այսօրվա 2000-ի դիմաց։ Մեր իշխանավորների այն հավաստիացումները, թե մենք էլեկտրաէներգետիկ բավարար ապահովվածություն ունենք, ավելին չեն, քան պահի թելադրանքով արված քաղաքական աճպարարություններ։ Թող ճյուղի որեւէ պաշտոնյա թվային հիմնավորումներով հակառակն ապացուցի։ ՀՀ ներկա էներգահամակարգը իր ապահով գործունեությունը վտանգելու պարագայում կարող է արտադրել մինչեւ 7,5 մլրդ կվտժ էլեկտրաէներգիա, որը մեկ բնակչի հաշվով կկազմի մոտ 2500 կվտժ։ Եթե նկատի ունենանք ԱԷԿ-ի հարցում ՄԱԳԱՏԷ-ի պահանջն ու ՋԷԿ-երի ռեսուրսների մաշվածությունը, որը քաջ հայտնի է արտասահմանյան ներդրողներին, ստացվում է, որ 2005 թվականից մեզ էլեկտրաէներգետիկ ոչ հուսապնդող շրջան է սպասվում։ Հենց միայն տնտեսության այս ճյուղի շուրջ պաշտոնյաների պատասխանները անհեթեթությունների շքահանդես են հիշեցնում, ձմռան շրջանում Վրաստանին էլեկտրաէներգիա չվաճառեցինք, 30 մլն կվտժ գնեցինք Իրանից։

Անցած 25 տարիներին Հոլանդիայի իշխանությունները, մշտապես մտահոգ իրենց երկրի ճակատագրով, էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ բնակչի հաշվով հասցրին տարեկան 5000 կվտժ-ի։ Սա գրեթե այն ցուցանիշն է, որ մենք ունեինք 1980-ականներին, երբ գործում էր գերհզոր արդյունաբերական համալիրը՝ ապահովելով 2,2 մլրդ ռուբլի եկամտային մասի 92 տոկոսը։ Այսինքն՝ հրաշք կատարվելու, գերհզոր արդյունաբերությունը վերականգնելու պարագայում, մեկ բնակչի հաշվով էլէներգիայի նույն արտադրության դեպքում մեր բյուջեն կկազմի Հոլանդիայի այսօրվա բյուջեի ընդամենը 3 տոկոսը։ ՀՀ բնակչության հնգապատիկ պակասի պարագայում այդ թիվը բարձրանում է 15 տոկոսի։

Բայց երկրի տնտեսությունը պարզել միայն բյուջեի մասով, նշանակում է նվազագույն հարցի պատասխանել։ Հոլանդիայի բյուջեին 22 տոկոս մասհանում կատարող գյուղատնտեսա-արտադրական ոլորտը 1997-ին արտահանել է 203 մլրդ դոլարի արտադրանք, մեկ բնակչի հաշվով 13000 դոլար, մեր այսօրվա համապատասխան 223 մլն եւ 7 դոլարի դիմաց։ Թե որտեղ եւ ինչպես է հաջողվում Հոլանդիայում նման ծավալների հասնել, պետք է պարզեն մեր իշխանավորները։ Որ մեզանում մշտապես շահարկվող օրենսդրական դաշտի անկատարությունը հիմնական խոչընդոտ չէ, հայտնի է շարքային հարկատուից մինչեւ ներդրողները։ Խոչընդոտն առավել շատ պայմանավորված է իշխանության բարոյականությամբ, երբ կարելի է 100 հազարավոր դոլարների հասնող կարողությունը ներկայացնել ստացած երբեմնի բարձր աշխատավարձով կամ հարազատների այսօրվա հաջողակ բիզնեսով։ Այստեղից էլ մեր ղեկավարների՝ հայ մարդու աչքերին ուղիղ նայելու անընդունակությունը։ Մեր պաշտոնյան այսօր ապրում է գրեթե այն կարգավիճակում, ինչ միլիոնավոր հոլանդացի ընտանիքները. բարեկարգ բնակարան, կահույք, ավտոմեքենա, կալորիական սնունդ, բարետես հագուստ, ճանապարհորդելու գումար եւ, իհարկե, խնայողություն։ Ուրեմն՝ ինչու չձգտել այս ամենն ստեղծել նաեւ հարազատ ժողովրդի յուրաքանչյուր անդամի համար։

Մի քանի թվերով դիտարկենք 4,4 մլն բնակչություն ունեցող Նորվեգիայի բյուջեն։ Վերջին տարիներին այն կազմում է 50 մլրդ դոլարին մոտ գումար, մեկ բնակչի հաշվով՝ 12000 դոլար։ Տնտեսության մեջ արդյունաբերության բաժինը 34 տոկոս է, գյուղատնտեսությանը՝ 3 տոկոս եւ 63 տոկոս՝ սպասարկմանը։ 2,1 մլն աշխատողների 71 տոկոսը զբաղված է սպասարկման ոլորտում, 23 տոկոսը՝ արդյունաբերությունում, մնացածը՝ գյուղատնտեսությունում։ Մեկ բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադրությունը կազմում է 26500 կվտժ, միայն հիդրոկայաններում։ Երբ խոսվում է Հայաստանի էներգետիկ զարգացման այս կողմի մասին, ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվության ծառայությունը այն զավեշտի է վերածում։ Այնինչ ընդամենը արտահայտվում է մեր գիտական ու մասնագիտական շրջանակների ցանկությունը, որն է՝ առաջնայնության կարգով ընդլայնել սեփական ռեսուրսների վրա հիմնված էլեկտրաէներգետիկ ոլորտը։ Մեր էներգետիկ կարծեցյալ շղարշի գաղափարը մասամբ հաջողվում է պահպանել. սակայն հարցը ինքնաբերաբար է ծնվում. ինչո՞ւ Հոլանդիան չգոհացավ, երբ մեկ բնակչի հաշվով էլարտադրությունը 4000 կվտժ էր, Նորվեգիան չբավարարվեց, երբ Հոլանդիայի 5000 կվտժ ցուցանիշն ուներ։ Ուրվագծվում է այն իրողությունը, որ էլեկտրաէներգետիկ ապահովվածությունը պայմանավորում է տնտեսական եւ ապա բյուջեի բավարար ներարկումներ, որի արդյունքում էլ բնակատեղին Երկիր է դառնում։

Ցավոք, մեր օրերում կվտժ-ն բյուջեի համար աղբյուր է դարձել, տնտեսության համար նպատակ հռչակվելուց առաջ։

Հոլանդացիներն ու նորվեգները հատուկ ազգ չեն, ոչ էլ նրանց ղեկավարներն են հատուկ։ Թող ներվի, բայց հայերս էլ հատուկ ազգ չենք, որը, չգիտես ինչու, չի տարածվում մեր ղեկավարների վրա։ Ընդամենը՝ ափսոս ասենք։

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930