Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱ՜Յ ՕՐԵՆՔ, ՀԱ՜Յ ԻՐԱՎՈՒՆՔ, ՀԱ՜Յ ԴԱՏԱՐԱՆ

Հուլիս 28,1999 00:00

ՀԱ՜Յ ՕՐԵՆՔ, ՀԱ՜Յ ԻՐԱՎՈՒՆՔ, ՀԱ՜Յ ԴԱՏԱՐԱՆ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (որին 1991 թ. ապրիլի 1-ից միացել է նաեւ մեր հանրապետությունը) երկրորդ հոդվածի երրորդ մասի համաձայն, դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավոր է զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները։ Ենթադրվում էր, որ դատաիրավական ռեֆորմները պետք է ուղղված լինեին առաջին հերթին հենց այդ նպատակին, սակայն այդ ռեֆորմների արդյունքում մարդու դատական պաշտպանության հնարավորությունները «զարգացել» են հակառակ՝ այդ իրավունքները սահմանափակելու ուղղությամբ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վեցերորդ հոդվածի համաձայն, «Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության եւ իրավահավասարության պայմաններում»։ Ինչպես հայտնի է, «բարեփոխումների» արդյունքում հանրապետությունում գործում է եռաստիճան (նախկինում՝ քառաստիճան) դատական համակարգ։ Բոլոր քաղաքացիական գործերը քննության են առնվում Առաջին ատյանի դատարաններում, կայացվում են որոշումներ եւ վճիռներ։ Մասնակիցները համաձայն չլինելով վճռի հետ, օրենքով սահմանված ժամկետում իրավունք ունեն այդ վճիռը բողոքարկել երկրորդ ատյանի՝ Վերաքննիչ դատարանին։ Հայցում ենք ընթերցողի ներողամտությունը դասախոսական բնույթ կրող դատական համակարգի մասին կարճ ակնարկի համար, սակայն առանց նման ակնարկի ոչ մասնագետին երեւի դժվար կլիներ կողմնորոշվել բերվող օրինակում մարդու դատական պաշտպանության իրավունքի խախտման մասին։ Այսպես. Ա-ն դիմել է Առաջին ատյանի դատարան՝ Բ-ից գույքի պահանջի մասին։ Դատարանը քննության առնելով հայցը, այն բավարարել է, վճռել է գույքը վերադարձնել Ա-ին։ Բ-ն, դժգոհ մնալով վճռից, օգտվելով վերադաս կամ երկրորդ ատյանի դատարանին բողոքարկելու վերը նշված օրենքով իրեն վերապահված իրավունքներից, բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, խնդրել է հայցը մերժել։ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանը գործերը կրկին, ըստ էության (լսում է կողմերին, հետազոտում է ապացույցները եւ այլն), քննող դատարան է։ Քննության առնելով գործը, կայացած վճռով Վերաքննիչ դատարանը հայցը մերժում է։ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 219 հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Այդ նշանակում է, որ մասնակիցները չեն կարող վճիռը բողոքարկել երրորդ աստիճանին՝ Վճռաբեկ դատարանին։ Այս անգամ շահեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հեղինակների տոմսը, որի արդյունքում հայցվոր Ա-ն զրկվեց հայցը մերժելու մասին իր գործով միակ՝ վճիռը բողոքարկելու, իրավունքից։ Դատաիրավական նոր համակարգի արդյունքում Ա-ն հայտնվեց այնպիսի վիճակում, որ զրկվեց ՀՀ քաղ. դատ. օր.-ի 6-րդ հոդվածով երաշխավորված կողմերի հավասարության (Բ-ն կարողացավ բողոքարկել իր համար ոչ ցանկալի վճիռը, իսկ Ա-ն չի կարող օգտվել այդ իրավունքից) սկզբունքից։ Չի կարող Ա-ն օրենքով սահմանված իրավունքներն օգտագործել, քանի որ (իհարկե, ոչ Ա-ի մեղքով) ինչպես նշեցինք, Վերաքննիչ դատարանի վճիռը հրապարակման պահից ուժի մեջ է մտնում եւ մասնակիցների կողմից բողոքարկման ենթակա չէ։ Կարծես միտումնավոր այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ակամայից հիշեն նախկին դատական համակարգն ու ասեն՝ էն ավելի լավը չէ՞ր, քան թե նորը։ Բարեփոխիչների «տոմսը» շահելու մասին պատահական չհիշեցի։ Ս/թ հուլիսի 19-20-ը ՀՀ ԳԱԱ դահլիճում, «Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների պաշտպանությանը» նվիրված սեմինարին մասնակցում էր նաեւ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի նախագահ պրն Արման Մկրտումյանը։ Մարդու դատական պաշտպանության իրավունքի խախտման վերը բերված օրինակի կապակցությամբ նա «բացատրեց», թե ինչքան կարեւոր է, թե դատական համակարգը քանի աստիճանից է բաղկացած, կարեւոր է ունենալ թեկուզ մեկ, բայց իրավասու, պրոֆեսիոնալ դատարան, իսկ Վճռաբեկ դատարանն իր բեկանման իրավունքով, թույլ չի տա, որ չհիմնավորված ու օրենքի խախտումներով կայացված վճիռները գոյատեւեն։ Ընթերցողին հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը գործը քննության է առնում գլխավոր դատախազի, տեղակալների եւ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի բողոքի հիման վրա, իսկ վերջինս առանց վարձատրության բողոք չի բերի։ Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի բողոքը Վճռաբեկ դատարան միայն «մուտքագրելը» պահանջում է շուրջ 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պետական տուրք մուծել։ Թե այս պայմաններով բնակչության ո՞ր խավը կարող է իր իրավունքները վերականգնելու համար դիմել Վճռաբեկ դատարանի օգնությանը, թողնում ենք ընթերցողի գնահատականին։ Իրոք, շահած տոմս (խորհուրդ կտայինք պալատի նախագահին՝ հաջողությունը փորձել նաեւ «Խոշոր շահում» վիճակախաղում)։ Չարժեքավորելով վճռի դեմ բողոք բերելու քաղաքացու խախտված իրավունքի փաստը, պալատի պարոն նախագահը հետեւություն արեց, որ լավ չի՞ թեկուզ մեկ ատյանի կողմից հարցը լուծվի եւ վերջ։ Բազմակարծության իրավունքից օգտվելով երեւի ասենք՝ իսկ եթե այդ մեկ ատյանն էլ չլիներ, ու հարցերը լուծվեին թաղային հեղինակությունների միջոցով կամ գուցե վերադառնանք վաղուց մոռացված, անբեկանելի վճիռներ կայացնող «տրոյկաների» դատական համակարգին… Սակայն… փորձում ենք ժողովրդավարական պետություն կառուցել եւ այդ նպատակով ունենք առայժմ գործող Սահմանադրություն, ըստ որի, հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ։ Օրենքները պետք է այնպիսին լինեն, որ չհակասեն հիմնական օրենքին եւ ապահովեն եռաստիճան դատական համակարգի միջոցով մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ի դեպ, նշվեց, որ մեր դատական համակարգում «վերադաս» դատարան չկա, հանրապետությունում գործում է երեք անկախ դատարանների (ականջդ կանչի, պարոն արդարադատության նախարար, ձեր հանճարեղ գնահատականը կյանքի է կոչվել) համակարգ։ րՑՏտ, այս անգամ շահեց չվաճառված մեկ տոմս։ ՀՀ Սահմանադրության 40 հոդվածի համաձայն, «յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի վերանայման իրավունք»։ Սա շարունակելի թեմա է։ ԺՈՒԴԵՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել