Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք չեն հեռանում, այլ վերադառնում են

Օգոստոս 03,1999 00:00
Gevorg Gevorgyan

Հարցազրույց բանակային շինարար Գեւորգ Գեւորգյանի հետ

Շինարար Գեւորգ Գեւորգյանը ծնունդով Թալինի Ն. Բազմաբերդ գյուղից է: Նրա նախնիներն այստեղ են գաղթել դարասկզբին Սասուն աշխարհից: 88-ի զարթոնքից սկսած իր ավանդն ունի Արցախի ազատագրման գործում: 1995 թվականից մշտապես բնակվում եւ աշխատում է Արցախ աշխարհում, որտեղ նրա գործը եղել է ավերված բնակավայրերի վերականգնումը, այնուհետեւ բանակային շինարարությունը:

Ազգային ժողովի վերջին ընտրություններին Գ. Գեւորգյանը որպես պատգամավորության թեկնածու գրանցված էր թիվ 26 ընտրատարածքում: Այս օրերին նա Երեւանում է, եւ մեր թղթակիցը, որպես նախկին պատգամավորության թեկնածուի եւ քիչ թե շատ մոտ կանգնած Արցախի իշխանություններին, փորձեց մի քանի հարցերով նրա կարծիքն իմանալ Արցախի իշխանության վերջին շաբաթների ճգնաժամային իրավիճակի մասին:

– Ինչո՞ւ չընտրվեցիք Ազգային ժողովում: 

– Այստեղ էլ Նժդեհի միտքը խիստ արդիական է. «Ուժն է ծնում իրավունք»: Նախկին ընտրություններում էլ այս գործոնը «պտուղ» է տվել: Համոզված եմ, որ ապագայում էլ սկզբունքը նույնը կլինի: Այնուամենայնիվ մի դրական բան եմ տեսնում. առաջնորդները չխուսափեցին պատասխանատվություն կրելու դժվար գործից, ուրիշներին չբերեցին, որ հետո դարձնեն քավության նոխազ, իրենք կրեցին եւ դա լավ է: Չեմ ուզում մտածել, որ իշխանատենչությունից էր, բայց մի մտավախություն ունեմ. նեղ տեղից դարձյալ դիմում են ժողովրդին: Կարիք չկա: Մի անգամ ժողովուրդն իր ասելիքն ասել է, հիմա հերթն իրենցն է:

– Ինչո՞ւ էիք ուզում ընտրվել Ազգային ժողովում: 

– Ես շինարար եմ: Բազմաբնույթ շինարարություններ եմ իրականացրել՝ սկսած ոռոգման համակարգերից, վերջացրած զինվորի կացարանով: Գիտեմ, որ մեր ոռոգման համակարգը կործանման եզրին է, որը կաթվածահար է անում գյուղատնտեսությունը, գիտեմ, որ աղետի գոտին խոստացած ժամկետում չեն վերականգնելու: Այդ մասին պետք է հստակ դիրքորոշում ունենա Ազգային ժողովը, կառավարությունը, նախագահը: Փող չկա՝ ուրիշ բան է, բայց երբ փող չկա, ժամկետ ես ներկայացնում, թե Գյումրիում երեք տարի հետո կվերանան աղետի հետեւանքները, գյումրեցին կծիծաղի, որովհետեւ ինքը մի բան գիտի. փող չկա եւ վերջ: Նույնը մյուս բոլոր բնագավառներում: Առողջապահությունը էլի անորոշության մեջ, մշակույթը եւս եւ այլն:

– Տարբերություն տեսնո՞ւմ եք Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների միջեւ:

– Նմանություն եմ տեսնում՝ անակնկալ դեպքերի հարստությունն ու գործունեությունը գնում է անակնկալի: Ընթացքում դա երեւում է, բայց կարծես չի երեւում: Ու մեկ էլ՝ անխուսափելի անակնկալը. Վազգեն Մանուկյանի պարտությունը, Լ. Տ.-Պետրոսյանի հրաժարականը, ղարաբաղյան այս իրադարձությունները եւ այլն:

– Ի դեպ, այս իրադարձությունների մասին ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:

– Այս իրավիճակն Արցախում առկա է դեռեւս 1992 թվականից, երբ գրավված էր Ղարաբաղի ուղիղ կեսը: Այն ժամանակ ով մտածում էր հաղթանակի մասին, նա դեպքերի ուղիղ կենտրոնում էր. ահավասիկ՝ Սամվել Բաբայանը, որի շուրջ աստիճանաբար հավաքվող ջոկատները մարտունակ բանակի վերածվեց: Բանակը, որ դեռւես պաշտոնապես այդպես չէր կոչվում, ընտրեց իր առաջնորդին, որն այդ ժամանակ էլ, դրանից առաջ էլ մարտական գործողությունների պատասխանատուն էր: Հիշենք, որ 92-ին չկար Ղարաբաղի Հանրապետություն, բնականաբար չկար նախագահ եւ վարչապետ: Այնուհետեւ եղավ այդ ամենը: Սամվել Բաբայանը, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ հարաբերական դադարի ժամանակ, իրեն դրսեւորեց որպես հմուտ, բանիմաց զինվորականի՝ սկսած սահմանների պաշտպանությունից, բանակային շինարարությունից, զորքի մատակարարումից, վերջացրած զինվորի կերակրումից եւ այլն: Պարզ է, որ պաշտպանության նախարարն իրավասու չէր սոցիալական խնդիրներ լուծելու, պարզ է, որ այդ պաշտպանության նախարարն առանց այդ խնդիրների լուծմանը հզոր բանակ չէր տեսնում: Հզոր տնտեսությունը չէր կայանում, իսկ Արցախի տղամարդկանց 90 տոկոսը պատերազմն իրենց ուսերին տարած մարդիկ էին, որոնք աշխատանքի կարիք ունեին: Թոշակառուն թոշակի, ծառայողը աշխատավարձի եւ այլն: Պաշտպանության նախարարն այդ հարցը բազմաթիվ անգամ բարձրացրել է կառավարությունում, իր տեսակետներն ասել հարցի կարգավորման համար: Մի քանի անգամ հրաժարական է ներկայացրել նախագահին, նախագահը այն չի ընդունել:

– Չե՞ք կարծում, որ սոցիալական խնդիրների չկարգավորվածությունը կարող է հանգեցնել ռազմաքաղաքական անհաջողության, եւ ըստ Ձեզ ո՞րն է Սամվել Բաբայանի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը:

– Սամվել Բաբայանը դեռեւս մեկ տարի առաջ իր հարցազրույցներից մեկում հետեւյալն էր արտահայտում. «Իմ մտահոգությունը հենց նրանում է, որ մենք բարոյական իրավունք չենք ունենալու ժողովրդին նորից կռվի հանելու, եթե հանկարծ պատերազմ սկսվի: Պրոբլեմը հենց այստեղից էլ սկսվում է: Այսօր ինձ համար պատերազմը դա տնտեսության զարգացումն է, եւ պետք է այդ ոլորտում էլ հաղթել: Ես ունեմ ծրագիր, կոնկրետ կարծում եմ, որ սպառողական զամբյուղի պարունակությունը առնվազն պետք է լինի 30 հազար դրամ: Չկա հարկային դաշտ: Նման քաղաքականություն կարելի է ասել չի տարվում: Բայց ինձ թվում է, հնարավոր է բարձրացնել թե ժողովրդի կենսամակարդակը, թե մնացած բոլոր հարցերը լուծել»: Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանն այն մարդն է, որ լիովին տիրապետում է իրավիճակին, հստակ տեսնում է եւ ներքին, եւ արտաքին քաղաքականությունը, եւ սոցիալ-տնտեսական վիճակը, եւ ռազմական քաղաքականությունը: Եվ տեսնում է դրանց լուծման ճիշտ ուղին, որն ինչ-որ տեղ խանգարում է իշխանություններին:

– Ձեր կարծիքով այս փոփոխությունները դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենան Արցախում:

– Ես շատ կուզեի, որ առաջինը լիներ: Ես շատ կուզեի, որ նախագահը հզոր լիներ, իշխանությունը՝ սկզբունքային, որ գյուղատնտեսության նախարարն իր ոլորտում գնար այնպիսի սկզբունքային հիմնահարցերի լուծմանը, որ կարճ ժամանակում նա «անձնավորվեր» այնպես, ինչպես նախկին պաշտպանության նախարարն ու այսօրվա գլխավոր հրամանատարը: Թե չէ գիտեք, սարքովի անակնկալներն անմիջապես բացահայտվում են: Ինչ է նշանակում լուծարել Արցախի պաշտպանության նախարարությունը եւ նմանօրինակ էլի մի շարք արտահայտություններ: Ես գիտեմ, որ այսօրվա գլխավոր հրամանատարը վաղը կարող է շարքայինի համազգեստ կրել եւ շարքայինի հետ կանգնել մեր սահմանապահ դիրքերում:

– Պատկերացնո՞ւմ եք Արցախն առանց Սամվել Բաբայանի:

– Իհարկե անփոխարինելի պաշտոնյաներ չկան, դա միանշանակ է: Ես այստեղ կուզեի հիշել իմ մեծ երկրացի Մուշեղ Գալշոյանին. մի տեղ նա ասել է, որ հողի կորուստը կորուստ չէ, կորուստը մարդու կորուստն է, որից հետո այդ հողն անտեր է մնալու: Ինչքան այդ հողի կորստի գինն իմացող մարդիկ շատ լինեն մեր փոքր ազգի մեջ, այնքան հարատեւելու է այդ հողը:

ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031