Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 17,2000 00:00

ՇՈՒՏՈՎ ՈՐԵՎԷ ՕՐԵՆՔ ՊԵՏՔ ՉԻ ԼԻՆԻ Եթե շարունակեն երկիրն այսպես կառավարել 1995 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծվեց «Հանրապետություն» միավորումը։ Միավորման մեջ ընդգրկված էին ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, ՀՔԴՄ-ն, ՍԴՀԿ-ն, «Մտավորական Հայաստան» միությունը, ՌԱ(ԼԴ)Կ-ն, ինչպես նաեւ մի խումբ գիտնականներ, մտավորականներ, արդյունաբերողներ եւ այլք։ Միավորման նպատակը «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունն» էր։ «Հանրապետություն» միավորումը նախընտրական ծրագիր ներկայացրեց, որը կարող ենք կոչել աննախադեպ։ Ծրագրերի կոնկրետ կետերի համար ներկայացված էր ժամանակացույց։ Սա մոտավորապես նման է նրան, ինչ խոստացավ անել Անդրանիկ Մարգարյանը։ «Միասնություն» դաշինքի ձեւավորումը թերեւս նմանության եզրեր ունի «Հանրապետություն» միավորմանը։ Ի թիվս մի շարք տարբերությունների (մի դեպքում հավաքվել էին ՀՀՇ-ի շուրջը, երկրորդում՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի) կա նաեւ կարեւոր տարբերությունը՝ «Միասնության» ծրագիր՝ որպես այդպիսին, չկար, եղածն էլ այնպիսի մանրամասներ չէր պարունակում (ե՛ւ բովանդակության, ե՛ւ ժամանակացույցի իմաստով), ինչպիսին «Հանրապետություն» միավորման ծրագիրն էր։ 1991-95 թթ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը ծրագրի գլխավոր հեղինակն էր։ Ծրագրի ստեղծման աշխատանքներում լուրջ ներդրում ունի հանգուցյալ Էդուարդ Եգորյանը։ Հրանտ Բագրատյանի հետ մեր զրույցը փորձ է ներկայացնել, թե «Հանրապետություն» միավորման ծրագիրը որքանով է կատարվել եւ եթե չի կատարվել՝ ինչու։ Օրենսդրություն, պետական շինարարություն Առաջին կետը Սահմանադրության ընդունումն է։ Լավ կամ վատ՝ Սահմանադրությունն ընդունվել է, իսկ թե որքանով է այդ թվերին եւ դրանից հետո հաստատվել «օրենքի գերիշխանություն, անկախ եւ գործուն դատական իշխանության ստեղծում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում», սա արդեն հարց է։ Ծրագրի այս կետի մասին Հրանտ Բագրատյանն ասաց. «Դատական իշխանության համակարգի ձեւավորումը սկսվեց, պետք է ասեմ, որ այնպիսի կարեւորագույն օրենսգիրք, ինչպիսին է «քաղաքացիական օրենսգիրքը», ձեռնարկվեց դեռեւս 95 թվականին, ստեղծվեց խումբ, որը ֆինանսավորվեց այն բանի համար, որպեսզի մոդելային քաղաքացիական օրենսգիրքը թարգմանվի ռուսերենից հայերեն եւ հարմարեցվի տեղական պայմաններին։ Արդեն 97-ին դա ընդունվեց։ Նույն աշխատանքը սկսվեց նաեւ քաղաքացիական դատավարական օրենսգրքի, դատարանակազմության մասին, դատախազության մասին օրենքների ընդունման ուղղությամբ։ Ստեղծված էր խումբ իմ գլխավորությամբ, որն աշխատում էր։ Այսօրվա վիճակով այդ ամենը պրոցեսից ետ է ընկել։ Օրինակ, զուտ սուբյեկտիվ պատճառներով արդեն չորս տարի ձգձգվում է ամբողջ կալանատների հանձնումը արդարադատության նախարարության տնօրինությանը։ (…) 96-ի սկզբներին արդեն պատրաստ էր դատական իշխանության բարեփոխման հայեցակարգը։ Դժբախտաբար, այն չի կիրառվել դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ, առավել հեռու են գնացել ներկա իշխանությունները։ Իհարկե, որոշ օրենքներ ընդունվեցին։ Օրենսդրորեն կարգավորվեց դատավորների ցմահ նշանակման կարգը, չնայած, հիմնականում կիսատ-պռատ արվեց։ (…) Բոլորովին կասկածելի է ՍԴ-ի դերը, ինչի՞ համար է, ի՞նչ է անում, ո՞վ իրավունք ունի նրան դիմել։ Ստացվում է, որ այդ ինստիտուտը, եթե փոփոխություններ չարվեն, ավելի շուտ ծառայում է ոչ թե Սահմանադրությունը պաշտպանելուն, այլ՝ նախագահին պաշտպանելուն։ Մոտավորապես նույնն է նաեւ դատավորների որակավորման կարգավորման գործում։ Այս ամենի արդյունքում մենք ստացել ենք խամաճիկների դատարան։ Եվ համակարգի խամաճիկությունը թաքնված է կոնկրետ մարդկանց խամաճիկության մեջ։ Չէր կարելի Դատարանակազմության մասին օրենքն այդպես վատ ձեւով կատարել»։ Առաջին գլխի երկրորդ պարբերությունը վերաբերում է գործադիր իշխանությանը. «31 շրջգործկոմ վերացվեց, ստեղծվեցին մարզպետարանները։ Մարզպետարանները պետական կառավարման օղակներ են, ստեղծվեցին ինքնակառավարման մարմիններ, մոտ 850 բնակավայրերի վրա։ Պետք է խոստովանենք, որ լավագույն լուծումը Երեւանի նկատմամբ դեռեւս չի գտնված։ Կենտրոնական իշխանությունների պատասխանատվության մեծացում տեղի չի ունեցել սոցիալ-տնտեսական իրադարձությունների պատճառով, ինչպես նաեւ այն պատճառով, որ ոչ այն ժամանակ, ոչ հիմա չի գտնվել լավագույն լուծումը պետական կառավարման եւ ինքնակառավարման փոխհարաբերության առումով։ (…) Տեղական ինքնակառավարման օրենքը ընդունվել է առաջին մոտավորությամբ, այն պարզապես չի կատարվում, որովհետեւ ուղղակիորեն հետեւում է վերեւում կատարվող քաղաքական իրադարձություններին։ Վերեւները՝ կառավարություն, նախագահ եւ այլն, էական վերաձեւման, վերափոխման անհրաժեշտություն ունեն։ Այդ պայմաններում տեղական ինքնակառավարումը չի աշխատում։ Իսկ մարզպետների ինստիտուտը, ընդհակառակը, պետք է ուժեղացնել։ (…) Եթե երկիրը շարունակեն այսպես կառավարել, շուտով, ընդհանրապես որեւէ օրենք պետք չի լինի»։ Ազատ տնտեսության ձեւավորում Ծրագրի երկրորդ գլուխն է։ Խոսքը մի շարք մանր ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին է. «Ընդհանրապես սեփականաշնորհումը սկսվեց խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհմամբ։ Եթե վերցնենք 1995-2000 թթ. սեփականաշնորհումը, ապա առաջին երկու տարում կատարվել է սեփականաշնորհման 60 տոկոսը, արժեքով՝ 40 տոկոսը»։ Արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին. «96-ին մենք հասանք այն տեմպին, որ ամիսը մինչեւ 100-150 ձեռնարկություն սեփականաշնորհվում էր։ Կարող եմ ասել, որ այս ծրագրով առ այսօր որպես պետական սեփականություն պահպանվել են էներգետիկայի, առողջապահության, կրթության, կապի օբյեկտները, երկաթուղին, ավտոճանապարհները, օդակայանները, մետրոպոլիտենը, ռազմական արդյունաբերությունը»։ Ֆինանսական, հարկային քաղաքականություն «Մինչեւ 96-ի նոյեմբերի մասին ենք խոսում, իսկ այդ ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց։ Միայն 96-ի կեսերին մի քանի օրենքներ ընդունվեցին։ (…) Հայաստանը 92-93-ին ճանաչված էր որպես բարեհաջող ռեֆորմներ իրականացնող երկիր։ Եվ առանձնապես մեծ համբավ ուներ, մասնավորապես ՀԲ-ում։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ երբ Ռուսաստանն առաջարկեց մեզ միանալ մաքսային միությանը, մենք պարզապես առաջարկել ենք, որ մեր համակարգով միանանք մեկ միության մեջ։ Եվ այն ժամանակ ԱՊՀ երկրների կառավարությունների հանդիպման ժամանակ, այդպիսի առաջարկները քմծիծաղ չէին առաջացնում։ Իսկապես Հայաստանը հեղինակություն էր դարձել։ (…) Այստեղ խնդիրը պարզապես ազատական ռեժիմի պահպանումն է։ Երբ մենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ բանակցում էինք, 95-96-ին Հայաստանի խնդիրը ոչ թե սահմանափակումները վերացնելն էր, այլ ընդհակառակը։ Այդ հիմա է, երբ ահավոր սահմանափակումներ փորձեցին կիրառել։ Մենք նորից պետք է լիբերալիզացնենք արտաքին առեւտուրը, որպեսզի գանք միջազգային ստանդարտներին»։ Էներգետիկա Այս գլխի առաջին կետը Հերհերի ՀԷԿ-ի գործարկումն է։ Ժամկետը՝ 95-ի վերջ։ Բայց ՀԷԿ-ը գործարկվել է 97-ին, թեպետ պատրաստ է եղել արդեն 96-ի վերջին. «Սա իմ գաղափարն է եղել։ Ճիշտն ասած, երբ նման գաղափար է լինում, կարծես քո երեխան լինի, բայց ի վիճակի չեղա երեխայի ծնունդը տեսնելու։ Հետո եմ գնացել տեսնելու»։ «Իրանի հետ կապող էլեկտրագծի շահագործումը լիովին կատարվել է։ Գիծը կառուցվեց մեկ տարում։ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գործարկման մասին. շինարարությունը 96-ին թափով գնում էր, հետո պրոբլեմներ ծագեցին, պարզվեց՝ գումարը, որ խնդրել էինք որպես վարկ, քիչ է. հաշվի չեն առել ՊՇԷԿ-ի շահագործման ծախսերը եւ այլն։ 96-ին կարողացանք հաջող ֆինանսավորման աղբյուր գտնել։ Դժբախտաբար, այդ գործը ձգձգվեց չորս տարի։ Բայց 96-ի վերջի դրությամբ ՊՇԷԿ-ը 85 տոկոսով պատրաստ էր»։ Իրան-Հայաստան գազամուղի գործարկումը ծրագրով նախատեսված էր իրականացնել 1997-ին. «Հաջողվեց 95-ի մայիսին պայմանագիրը ստորագրել, համոզել Իրանին։ Առաջին անգամ Իրանը պայմանագիր ստորագրեց հարեւան երկրներից մեկի հետ։ Լուծվել էր նաեւ ֆինանսավորման հարցը։ Դժբախտաբար, իմ հրաժարականի պատճառով ծրագիրը չկարողացա իրականացնել։ Ըստ էության, ոչ մի մետր գազամուղ մինչեւ այսօր չի կառուցված»։ Արտաքին քաղաքականություն «Արտաքին քաղաքականությունն ավելի շատ կապված է երկու ռեժիմների՝ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հետ։ Հիմա երկրի հեղինակությունն իջել է»։ Ծրագրի այս գլխի կետերից մեկը միջազգային կազմակերպություններից արտոնյալ վարկերի շարունակական ստացմանն է վերաբերում. «Ամեն տարի 95-96-ին ստացվում էր 250-300 միլիոն դոլարի արտոնյալ վարկ։ Եթե տեմպերը պահպանվեին, 98-ին 800 միլիոնի սահմանագիծը ընդհանրապես կգերակատարվեր։ Ի՞նչ է եղել հետո, ես չգիտեմ։ 97-ի հունվարի մեկին պետության պարտքը եղել է մոտ 650 միլիոն, հիմա արտաքին պարտքը դարձել է 850 միլիոն։ Իհարկե, նկատի ունեցեք, որ ամեն տարի այդ պարտքից 50-60 միլիոն փակվում է։ Եվ ամենաակտիվն էին եղել»։ Ղարաբաղի հարցը Ծրագրի այս գլխում գրված է. «ԼՂՀ ինքնորոշման իրականացում։ Ղարաբաղին ամենայն աջակցության շարունակություն, սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման ապահովում, Արցախից բռնագաղթածներին իրենց հայրենի բնակավայրում վերաբնակեցման ծրագրի իրագործում»։ Այս մասին Հրանտ Բագրատյանն ասաց. «93-96 թթ. Ղարաբաղին մեր կառավարությունը 600 միլիոն դրամ էր տվել, 96-ին՝ արդեն 6-7 միլիարդ դրամ էր (տարադրամի կուրսը 400 դրամ էր)։ Այսինքն՝ ինչպես էինք մենք Ղարաբաղը պահում՝ շատ մեծ ռեսուրսներ էինք ուղարկում Ղարաբաղ»։ Զինված ուժեր Այս գլխում նշված է, որ «Հանրապետություն» միավորումը պարտավորվում է ստեղծել «Մարտունակ, կարգապահ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված, արդիական տեխնիկայով հագեցած բանակ։ Ռազմաարդյունաբերական համալիրի ամրապնդում, պոտենցիալի առավել արդյունավետ օգտագործում»։ Այս մասին Հրանտ Բագրատյանն ասաց. «Պետական կառավարման համակարգում չի կարելի անընդհատ մի կողմը ուժեղացնել, մի համակարգը ուժեղացնել մյուսի հաշվին։ Ես, իհարկե, չեմ կարծում, որ բանակին ավելին է տրվել, քան պետք է։ Բանակը դրա կարիքն ուներ։ Բայց տառացիորեն վերջերս եւ այն ժամանակ էլ արդեն կար ռազմական ոստիկանությունը։ Սա առաջացրեց կոնֆլիկտ հենց կառավարության ներսում, որոշ մարդկանց հետ, որոնք ռազմական ոստիկանությունը օգտագործում էին որպես իրենց ՆԳ նախարարություն, իրենց դատախազություն եւ այլն։ Սա արդեն այլընտրանք է։ Իսկ ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ բանակում բոլոր տարիներին լուրջ աշխատանք է տարվում։ Ըստ իս, 96-ը ռազմաարդյունաբերական համալիրի գործունեության վերջին տարին էր։ Չի գործում այդ համալիրը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Հրանտ Բագրատյանի հետ զրույցում շոշափվեցին նաեւ կրթության եւ մշակույթի, սոցիալական եւ առողջապահական, կապիտալ շինարարությանն առնչվող հարցեր։ Պարզապես տեղի սղության պատճառով դրանք դուրս մնացին նյութից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել