Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 13,2000 00:00

«ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՁԱԽՈՂՎԵԼ» Սա՝ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի հաստատ համոզմամբ: Եվ այս լավատեսությունը, կարծես, տարածվում է ոչ միայն ռուս-հայկական վերջին բանակցությունների վրա։ – Պրն Գալուստյան, կարո՞ղ եք վկայել այն մասին, որ ռուս-հայկական բանակցությունները ոչ միայն չեն ձախողվել, այլեւ ռուսները չեն էլ պահանջել, թե՝ կամ մեր պարտքը տվեք, կամ ՓՇԷԿ-ի, ատոմակայանի եւ ԲԷՑ-ի բաժնետոմսերի մի մասը։ – Ես հարցը այդքան միանշանակ չէի ձեւակերպի, քանի որ գործ ունենք այնպիսի կարեւոր մի ոլորտի հետ, ինչպիսին էներգետիկան է։ Այո, կային ինչ-ինչ խնդիրներ, բայց ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք մի կողմից ղեկավարում է իմ տեղակալ Գալստյանը, ռուսական կողմից՝ ատոմային էներգետիկայի փոխնախարար Նիգմատուլինը։ ՌԴ վարչապետը հանձնարարական էր տվել մի շարք գերատեսչությունների, երկու վարչապետները հանդես եկան համատեղ ձեռնարկություն կազմելու հայտարարությամբ, եւ էլ ի՞նչ ձախողման մասին կարելի է խոսել։ – Բայց հայտարարությամբ մեր պարտքի չափը չի նվազում, ընդհակառակը՝ նորից Ռուսաստան-Արեւմուտք ստատուս-քվոյի անհրաժեշտություն է առաջ գալիս՝ հենց նույն ԲԷՑ-ի հետ կապված։ – Միանգամից ասեմ, որ չկա ԲԷՑ-ի խնդիր. այս հարցը մենք կարգավորել ենք օրենքով, որում ասվում է, թե մասնավորեցման մրցույթին կարող են մասնակցել միայն նախնական որակավորում անցած ընկերություններ, իսկ դուք գիտեք, ռուսական ընկերությունը նախաորակավորման ընթացքում դուրս մնաց։ Ուրեմն, վերանում է այս խնդիրը։ Հիմա՝ ՀՁ-ի մասին։ Քանի որ այն դիտարկվելու է իբրեւ մեր ունեցած պարտքի վերաձեւակերպում, մենք պիտի տեսնենք, թե ինչ ցանկ է մտնելու ՀՁ-ի մեջ։ Ուսումնասիրվում են Հրազդանի ՓՇԷԿ-ի ունեցած հնարավորությունները, նայում ենք, թե այսօրվա միջազգային ստանդարտներով ի՞նչ արժե կայանը, հիմք ենք վերցնում նաեւ այսօրվա ԱՊՀ տարածքում գործող գազի գնագոյացման դաշտը։ Մեր գնահատումը, որ արդեն պատրաստ է, կուղարկենք ռուս նախագծողներին, որպեսզի իրենք էլ վերահաշվարկ անեն։ Թվեր չեմ ասի, քանի որ դրանք առայժմ տվյալներ են, որոնք հիմք են հանդիսանալու բանակցությունների համար։ – Կամենում եք ասել, որ չեք ուզում նեղացնել ոչ Ռուսաստանին, ոչ Արեւմուտքին եւ դեռ ատոմակայանն էլ մե՞զ է մնում։ Ի դեպ, ինչպե՞ս է վճռվելու վերջինիս ճակատագիրը։ – Մի բան կարող եմ ասել. մենք պիտի ապահովենք անվտանգ էներգետիկ համակարգ եւ մեր շահը հստակ դիտարկենք։ Ատոմակայանը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ չկան համապատասխան դիվերսիֆիկացված-ալտերնատիվ էներգիայի աղբյուրներ։ Մյուս կողմից, ատոմակայանը, վերջիվերջո, մի օր պիտի փակվի, ինչը լուրջ գիտական-տնտեսական խնդիր է։ Հարցը պիտի դիտարկել նաեւ անվտանգության կոնտեքստում։ Ես ուսումնասիրել եմ նաեւ իտալական փորձը, անձամբ եղել եմ երկու ատոմակայաններում եւ տեսել, որ դա իրոք բարդ խնդիր է։ Բացի այդ, ատոմակայանի ճակատագիրը բոլորս ենք վճռելու, քանի որ կա օրենք, որն ընդունել է ԱԺ-ն։ – Լավ, այդ դեպքում ԲԷՑ-ի մասնավորեցման մրցույթն ինչո՞ւ այդքան ձգձգվեց, որ Մոսկվայից վերադառնաք եւ միայն կիրակի օրը պայմանագիր կնքեք «Չադբորն ընդ Փարք» խորհրդատվական ընկերության հետ։ Ի դեպ, դա նկատել էր նաեւ ՀԲ-ն եւ դժգոհել։ – Նորից իզուր տեղը սրում եք հարցը։ Մի քանի ամիս մրցույթ էր իրականացվում, բայց ձգվեց մի փոքր, քանի որ առաջին ընկերությունը չէր համաձայնում մեր ինչ-ինչ պայմաններին։ Ընտրվեց ձեր նշած ընկերությունը, հիմա կկազմվի ժամանակացույց, կլինի մրցույթ, կընտրվի հաղթող կողմը, կուղարկվեն փաստաթղթերը, կստացվեն պատասխանները եւ, թե ինչքա՞ն կտեւի այս ընթացքը՝ դեռ վաղ է ասել։ – Նույն համամասնությա՞մբ կանցկացվի մրցույթը՝ 51 տոկոս՝ ստրատեգիական պարտնյորին, 20 տոկոս՝ միջազգային ֆինանսական ընկերությանը եւ այլն։ – Մենք այդպես նախատեսել էինք, բայց վերջնական մոտեցում չենք դիտարկում. գուցեեւ բանակցությունների ընթացքում ինչ-ինչ բաներ փոխվեն։ – «Հայռուսգազարդը» պիտի մեկնի Մոսկվա։ Ի՞նչ հարցեր են քննարկվելու եւ ընդհանրապես՝ որքա՞ն է մեր ունեցած գազի պարտքը՝ թե ապրանքային, թե վալյուտային արժեքով։ – Ընթացիկ հարցեր են քննարկվելու։ Կքննարկվի նաեւ ներդրումների խնդիրը, ինչը ամենակարեւորն է մեզ համար։ Ինչ վերաբերում է պարտքերին, ապա հունիսից սկսած՝ մենք ընթացիկ գազի պարտքեր չենք առաջացրել։ 10.7 մլն դոլար վալյուտային արժեքով պարտքը հասցրել ենք 7,7 մլն դոլարի, մինչեւ տարեվերջ էլ՝ կփորձենք մինիմումի հասցնել այն։ Ապրանքային պարտքը 7,7 մլն դոլար է, դա եւս կկրճատվի. տարվա վերջում ծրագրել ենք հասցնել զրոյականի։ ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել