Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 24,2000 00:00

ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ Կանխավճա՞ր, թե՞ հարկ Մոտ երեք շաբաթ է, մարդկանց խոսակցության հիմնական թեման մեկն է՝ հարկահավաքություն։ Հարկատուները պնդում են, թե հարկային տեսուչները կանխավճարներ են պահանջում, գլխավոր հարկահավաքը հայտարարում է, թե կանխավճարների պահանջ չկա։ Առաջին հայացքից սա շատ հեշտ լուծելի խնդիր է թվում. լսում ես երկու կողմերին եւ ամեն ինչ պարզ է դառնում։ Այնինչ, երկու (կամ գուցե երեք) կողմերին լսելուց հետո ամեն ինչ ավելի խճճվեց։ Մի բան է փաստ. գրեթե երեք շաբաթ առաջ ՀՀ պետական եկամուտների նախարար նշանակվելուց հետո Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց՝ ապահովել հավասար հարկային դաշտ եւ խոստացավ երկու ամսվա ընթացքում հավաքել 32 մլրդ դրամ։ Հարկահավաք՝ ըստ հարկատուների Այս հայտարարությանը հետեւեց բազմաթիվ հարկատուների հոսքը «Առավոտի» խմբագրություն՝ հարկային տեսուչները կանխավճարներ են պահանջում։ Հասկանալի պատճառներով բողոքող հարկատուները խուսափեցին իրենց անունը հրապարակել։ Մասնավորապես, տոնավաճառներին առաջարկվել է յուրաքանչյուր տաղավարից նոյեմբերին գանձել 75 հազար դրամ, դեկտեմբերին՝ 100 հազար դրամ։ Ընդ որում, սա իբր առաջարկվել էր վճարել ՀԴՄ-ների տեղադրման հետաձգման պայմանով։ Նույն աղբյուրը մեզ տեղեկացրեց, իբր տոնավաճառների տերերի հետ պետեկամուտների նախարարի պայմանավորվածությունն այսպիսին է եղել. յուրաքանչյուր տաղավար 25 հազարը վճարում է ինքը, իսկ 50 հազարը՝ տոնավաճառի տերը։ Հիշեցնենք, որ այսքան մեծ աղմուկ հանած ՀԴՄ-ների արժեքը ճիշտ 75 հազար դրամ է։ Եվ ՀԴՄ-ներ տեղադրելու եւ պարզեցված հարկի անցնելու դեպքում տոնավաճառները (եւ ոչ միայն) ամսեկան վճարելու են ապրանքաշրջանառության 2 տոկոսը։ Մեզ տեղեկացրին նաեւ, թե քանի որ «կանխավճար» բառը վատ է ընդունվել հարկատուների կողմից, նախարարը իբր իր տեղակալներին ասել է. ինչ անուն ուզում եք, մտածեք, միայն գումարներ հավաքեք։ Վերը նշված բողոքներին, մեկ այլ տնտեսվարող սուբյեկտ ավելացրեց, թե նախարարը համայնքների տեսչապետերին զգուշացրել է, թե ով այսքան կանխավճար չհավաքի՝ թող հրաժարականը գրի։ Իսկ իբրեւ խրախուսական միջոց, իբր, պետեկամուտների նախարարը խոստացել է պահանջվող գումարը հավաքելու դեպքում՝ պարգեւատրել աշխատավարձի վեցապատիկով։ Ի դեպ, որոշ հարկատուներ դեմ չէին այդ կանխավճարը վճարելուն, սակայն մտավախություն ունեին, թե առաջիկա ամիսներին եւս կանխավճարներ կպահանջեն։ Հարկահավաք՝ ըստ պետեկամուտների նախարարի Վերը նշված բոլոր բողոքները պարզելու համար դիմեցինք ՀՀ պետեկամուտների նախարարության լրատվական ծառայությանը։ Մեզ համար զարմանալի օպերատիվությամբ հարցերին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց հենց պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը։ Նա կտրականապես հերքեց կանխավճարներ հավաքելու վերաբերյալ տարածված լուրերը, ուստի հարկատուները կարող են հանգիստ խղճով չվճարել կանխավճարներ պահանջող հարկային տեսուչներին։ Սակայն պրն Մանուկյանը միաժամանակ հայտնեց, որ պետեկամուտների նախարարությունն անողոք է լինելու բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ եւ հարկեր է հավաքելու բացառապես բոլորից։ Պետեկամուտների նախարարը նշեց, որ կանխավճարների վերաբերյալ այս աղմուկը բարձրացրել են անբարեխիղճ հարկատուները։ Նա ներկայացրեց միայն առեւտրական օբյեկտները ներառող մի ցուցակ (4000-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ), որի համաձայն մոտ 90%-ը կամ բոլորովին հարկ չի վճարում, կամ վճարում է չնչին տոկոսներ։ Ի դեպ, ներկայացված ցուցակում հայտնաբերեցինք նաեւ մեզ բողոքող տնտեսվարող սուբյեկտներից մեկին, որի ֆիսկալ հասույթը անցած 9 ամիսների ընթացքում կազմել է 10 մլն 513,7 հազար դրամ, իսկ վճարել են 482,5 հազար դրամի հարկ։ Անդրանիկ Մանուկյանը համոզված է, եթե այսօրվա անբարեխիղճ հարկատուների 50%-ին բերեն հարկային դաշտ, ապա բյուջե մուտք կարվի 22-25 մլրդ դրամ։ «Ես կանխավճարի գանձման հրահանգ որեւէ մեկին չեմ տվել։ Ես ասել եմ՝ կգնաք, ովքեր չեն վճարել՝ դուք ինքներդ գիտեք, հարկերը կհավաքեք»,- նշեց Անդրանիկ Մանուկյանը եւ հայտարարեց, եթե որեւէ պարտաճանաչ հարկատուից փորձեն գումարներ գանձել, ապա. «Ես ձեզ խոստանում եմ այդ հարկ ուզողը իր պետով, պետի պետով այս համակարգում մնալու իրավունք չունի»։ Ավելին, պրն Մանուկյանը հայտարարեց, որ շուրջ 4 մլրդ դրամ կանխավճար են մարել։ Հարկային տեսչապետերին ազատելու սպառնալիքի առնչությամբ պրն Մանուկյանն ասաց. «Էրեբունու համայնքապետին ազատել էի, 2 օր համակարգից մարդ չէի կարողանում համոզել, որ աշխատեին»։ Ի պատասխան կանխավճարները այլ անվամբ հավաքելու հարցին՝ պրն Մանուկյանը նշեց. «Ես չգիտեմ, այդ լուրերը որտեղից են տարածվում. դա աբսուրդ է, նման խոսակցություն երբեք չի եղել։ Իմ գալու առաջին օրը ես իմացել եմ, թե ինչքան կանխավճար կա, ինքս փակել եմ դրանք։ Իմ տեղակալներին նման հանձնարարական ես չեմ տվել, ոչ էլ որեւէ մեկին նման բան եմ ասել։ Ոչ, չի եղել նման դեպք, չի էլ լինելու։ Նրանք պետք է վճարեն հասանելիք հարկերը։ Իմ տեղակալներին հարցրել եմ. ինչն է պատճառը, որ այս մարդիկ այսքան ժամանակ հարկ չեն վճարել, բա ինչո՞վ է զբաղված եղել այս նախարարությունը։ Իմ տեղակալներն էլ պետք է պատասխան տան»։ Իսկապես, հարցերը շատ են ու խճճված, ասենք, ինչու է նախկին նախարարը անբարեխիղճ հարկատուների մի ցուցակ հրապարակում, նորը՝ մեկ ուրիշ։ Կամ ասենք, ինչու է ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնում եւ ժամացույց նվիրում նախկին նախարարին, եթե, նոր նախարարի հավաստմամբ, անցած 9 ամիսների ընթացքում հարկատուների 90%-ը հարկ չի վճարել։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել