Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարան է ներկայացվել ապօրինի ծագման գույքի բռնագանձման 103 հայցադիմում՝ 526 մլրդ դրամ արժեքով»․ Աննա Վարդապետյան

Մայիս 03,2024 15:00

ԱԺ նիստում դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ կատարված աշխատանքներին։

«2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է 384 մլրդ 055 մլն 372 հազար դրամ։ Բռնագանձման են ենթակա նաեւ 832 անշարժ եւ 161 շարժական գույք, ինչպես նաեւ 283 իրավաբանական անձում մասնակցություն»,- ասաց նա։

Աննա Վարդապետյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը կազմում է 417 մլրդ 591 մլն 062 հազար դրամ։ Նա ասաց, որ ընդհանուր հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցությունը, ինչպես նաեւ մի շարք գույքեր դեռեւս ենթակա են լրացուցիչ գնահատման։

Այս վարույթի շրջանակներում 2023 թվականին Գլխավոր դատախազությունը կնքել է 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ եւ 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի արժեքով, ինչպես նաեւ շուրջ 79 մլն դրամ։ Այդ գույքերից 6-ը կառավարության որոշումներով ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին։

«Եթե ձեզ հետաքրքիր է, թե ձեւավորման օրվանից ի վեր քանի հայց է ներկայացված, ապա նշեմ, որ 2020 թվականի դեկտեմբերից առ այսօր դատարան է ներկայացվել 103 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1070 անշարժ եւ 210 շարժական գույք, ինչպես նաեւ 290 իրավաբանական անձում մասնակցություն։ Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 526 մլրդ դրամ, որը համարժեք է 1 մլրդ 335 մլն ԱՄՆ դոլարին»,- հավելեց Աննա Վարդապետյանը։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031