Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 13,2000 00:00

ՍԱՍՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ՊԱՀՎԵԼ Է ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ Երեկ «Առավոտը» հանդիպեց «Սամվել Բաբայան եւ մյուսներ» ահաբեկչության գործով ներգրավված փաստաբան, ամբաստանյալ Էրիկ Փարամազյանի պաշտպան Էդուարդ Չինարյանին, որը վերադարձել էր Ստեփանակերտից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ից ԼՂՀ Գերագույն դատարանում դադար է, եւ դատաքննության սկսվելը կախված է մեղադրյալ Սասուն Աղաջանյանի դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունից, որը պետք է տար Նուբարաշենի հոգեբուժարանը։ – Դադարի այս փուլում ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում։ – Նոյեմբերի 8-ից դատաքննությունն ընդհատվեց Սասուն Աղաջանյանի նկատմամբ նոր փորձաքննություն նշանակելու կապակցությամբ, եւ առ այսօր Սասունի վերաբերյալ ոչ մի տեղեկություն դատարանը մեզ չի տվել։ Ընդհակառակը՝ դատավորը հրաժարվում է մեզ ընդունել։ Սահմանափակվել են տեսակցությունները մեր պաշտպանյալների հետ։ Երեք անգամ դիմելուց հետո, տարբեր պատճառաբանություններով, դատավորը չթույլատրեց։ Ինֆորմացիա ունենք Հայաստանից։ Գիտենք, որ Սասուն Աղաջանյանին բերել-հետազոտել են այստեղ։ Եվ հետազոտելուց հետո տարել են Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան, ուր գտնվել է առ այսօր։ Մեր փաստաբաններից՝ Է. Աղաջանյանը ականատես է եղել, թե Արցախի ներկայացուցիչները ինչպես էին երեկ տանում Սասունին մեկուսարանից։ Այսօր տարել են Ստեփանակերտ։ Եվ ե՞րբ ԳԴ-ում կվերսկսվի դատաքննությունը՝ գաղտնի են պահում։ – Պրն Չինարյան, Դուք Ձեր պաշտպանյալի՝ Էրիկ Փարամազյանի հետ նոյեմբերի 8-ից հետո տեսակցե՞լ եք։ – Մեկ անգամ, մեծ դժվարությամբ տեսա (երկու-երեք օր չարչարվելուց հետո)։ Դրանից հետո դիմել եմ երկու անգամ՝ չեն թույլատրել։ – Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ։ – Տարբեր պատճառաբանություններ են բռնում։ Չնայած, որ դատավոր Ալեքսանյանը գրություն է գրել մեկուսարանի պետին՝ «մինչեւ դատաքննության ավարտը թույլատրել տեսակցություն, առանց որեւէ սահմանափակման», սակայն մեկուսարանի պետը միշտ արգելք է հանդիսանում տեսակցությունների համար (հավանաբար դատավորի գիտությամբ)։ Վերջին անգամ, հատուկ այդ նպատակով, երեք օրով գտնվեցի Արցախում եւ չկարողացա տեսակցություն ունենալ։ Հետո էլ հայտարարեցին՝ կարանտին է։ – Ինչպիսի՞ն է Էրիկի, Սասունի առողջական վիճակը։ – Էրիկի հոգեկանի վրա, անշուշտ, անորոշ վիճակում գտնվելն է ազդում։ Նա դժգոհում էր երիկամների ցավից, միջորդությամբ դիմել ենք մեկուսարանի պետին՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար, ինչը եւ արվել է։ Սասունի վիճակը նույնն է, ոչ մի փոփոխություն չկա՝ հաց չի կերել։ Չեմ կարծում, թե Սասունը կարող է այդպես միանշանակ սիմուլյացիա անել, որը մեր դատական պրակտիկայում հանդիպում է, այլ գտնում եմ, որ հոգեկան ծանր հիվանդության սիմուլյացիա երկար ձեւացնել հնարավոր չէ։ – Հանդիպեցի՞ք Հայաստանի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամների հետ, որոնք դեկտեմբերի 8-ին գտնվում էին Ստեփանակերտում։ – Կհանդիպեմ այսօր, տեղյակ եմ միայն, որ երեկ նրանք փորձում էին հանդիպել Սամվել Բաբայանի հետ։ – Տեսակցության ժամանակ պաշտպանվո՞ւմ է արդյոք ամբաստանյալի եւ նրա պաշտպանի առանձնազրույց ունենալու իրավունքը, լինո՞ւմ են խոչընդոտներ։ – Ընդհանրապես մեկուսարանի ներկայացուցիչներից որեւէ մեկը ներկա է լինում։ – Չշփվելը դատավորի հետ, չի՞ ենթադրում, որ դուք ինքնակամ լքել եք «պոստը»։ – Դատական վերջին նիստից հետո դատավորն ինձ ընդհանրապես չի ընդունել։ Մենք ինքնակամ չենք լքել «պոստը» եւ դատավորին զգուշացրել ենք մեր Երեւան գալու մասին (միջնորդավորված)։ – Դուք, փաստորեն, առաջին անգամ է, որ որպես փաստաբան մասնակցում եք արցախյան դատավարության։ Ինչպիսի՞ առանձնահատկություններ են նկատելի։ – Նմանություն չկա, ուր մնաց թե՝ առանձնահատկություն։ Ցավալին այն է, որ Ղարաբաղում չկա պաշտպանական կողմ։ Ընդհանրապես պաշտպան հասկացությունը մեկնաբանվում է այլ կերպ (խամաճիկի)։ Պաշտպանական մեր տակտիկան նորություն էր, ինչը չթաքցրեց եւ դատավորը։ Արցախում իրավական բարեփոխումները նոր են եւ հիմքը այս դատաքննությամբ, հավանաբար, կդրվի։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել