Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 20-ից Հայաստանում է Խարկովի պետական շրջիկ կենդանաբանական այգին

Փետրվար 15,2001 00:00

Սողուն տեսնելու գինը Հունվարի 20-ից Հայաստանում է Խարկովի պետական շրջիկ կենդանաբանական այգին Հավանաբար գովազդներից շատերն են լսել «Մեր մոլորակի հրեշները» խորագրով բացված կենդանաբանական այգու մասին, որը տեղավորվել էր Արդի արվեստի թանգարանում եւ իր հյուրընկալ դռները բացել թե՛ մեծերի ու թե՛ փոքրերի առջեւ։ Օձեր, վիշապներ, կրիաներ, մողեսներ… Բոլոր այցելուներն էլ խոստովանեցին, որ չէին էլ պատկերացնում, թե իրենց կյանքում երբեւիցե կտեսնեն այդպիսի ունիկալ, էկզոտիկ կենդանիների հավաքածու։ Յուրաքանչյուր կենդանի իր պատմությունն ունի, որը մեծ հաճույքով պատմում է էքսկուրսավար, մասնագիտությամբ կենսաբան, ուսուցիչ Նատալյա Կարասը։ Հայի աչքին խորթ էր տեսնել, թե ինչպիսի սիրով էր նա վերցնում յուրաքանչյուր կենդանու, պատմում կենսագրությունը, սովորույթները, ու համբուրելով տեղավորում բնում։ Շատերը խոստովանեցին, որ ռուսերեն լավ չեն հասկանում, բայց այստեղ ամեն ինչ հասկացան։ Այստեղ հավաքված կենդանիներից ամենափոքրը՝ Գեկկոն, 2 ամսական է, իսկ ամենամեծը՝ Իգուանան՝ 7 տարեկան։ Յուրաքանչյուր կենդանի սնվում է յուրովի։ Օրինակ, Շերխանը, որի երկարությունը 3 մետր է, միանգամից 5-6 նապաստակ կարող է կուլ տալ, իսկ կրիան՝ մի քանի տերեւ։ Բոլոր կենդանիներն էլ վտանգավոր եւ վնասակար են, սակայն ի պատասխան աշխատակիցների սիրալիր վերաբերմունքի, երբեւէ չեն գրանցվել փախուստի կամ այցելուներին վնասելու դեպքեր։ Խարկովի կենդանաբանական այգին 10 տարվա պատմություն ունի, իսկ նրա շրջիկ մասնաճյուղը՝ 5։ Այս 5 տարիների ընթացքում շատ քաղաքներում են եղել։ Եվ ինչպես յուրաքանչյուր քաղաք, ազգ, Երեւանն ու հայերն էլ իրենց առանձնահատկություններն ունեն. հետաքրքիր, փոքր-ինչ անտերության մատնված փողոցներ, տխուր, բայց եւ խելացի աչքեր… Այցելուներից դժգոհ չէին. շատ են երկրորդ անգամ այցելողները։ Շաբաթ, կիրակի օրերին բավական մարդաշատ է լինում։ Ի տարբերություն Հայաստանի կենդանաբանական այգու (որտեղ հետաքրքիր կենդանիներ եւս շատ կան), այստեղ այցելուները շատ-շատ են։ Քանզի կարողանում են գրավել իրենց կողմը (սակայն ոչ զանազան իրեր, քաղցրեղեն կամ արեւածաղկի սերմ վաճառելով)։ Պարզապես կարողանում են համատեղել ու «մատուցել» գեղեցիկն ու արտասովորը, հետաքրքիրն ու ուսանելին։ Եվ, որ ամենակարեւորն է, սեր ու ափսոսանք կա սեփական ունեցվածքի նկատմամբ։ Նույնիսկ մեկ անգամ այցելելով նրանց՝ շատ բան կարող ենք սովորել, սովորել ու նման հնարանքներ օգտագործել մեզ մոտ… Եվ ոչ թե օրական դնել ու հաշվել դեռեւս հավկիթից դուրս չեկած ճտերին… Վերջերս Հայաստանի թանգարանների տնօրենները աղմուկ էին բարձրացրել տոմսերի թանկացման պատճառով։ Իսկ տոմսերն արժեն 150-200 դրամ։ Այնինչ Արդի արվեստի թանգարանում տեղավորված այս կենդանաբանական այգին (մեզ համար) շատ բարձր գներով բիզնես էր անում, որը ցուցահանդեսը երեխաների հետ դիտելու եկած ծնողների համար այնքան էլ էժան չէ։ Իսկ թե ինչ կապ ունի կենդանաբանական այգին Արդի արվեստի թանգարանի հետ, այդպես էլ չհասկացանք։ Չհասկացանք նաեւ, թե ի՞նչ գաղտնիք կար վարձակալության վճարի չափը թաքցնելու մեջ։ ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել