Լրահոս
Օրվա լրահոսը

2001թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է ՄԱԿ-ի քաղաքակրթությունների երկխոսության տարի։ ՄԱԿ-ի ԳԱ-ն

Փետրվար 27,2001 00:00

ԽՈՍԵՔ՝ ԽՌՈՎ ՄԻ ՄՆԱՑԵՔ 2001թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է ՄԱԿ-ի քաղաքակրթությունների երկխոսության տարի։ ՄԱԿ-ի ԳԱ-ն դիմել է բոլոր անդամ պետություններին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին՝ այս տարվա կարգախոսին օժանդակելու նպատակով նախաձեռնելու եւ իրագործելու մշակութային, կրթական եւ սոցիալական ծրագրեր։ Քաղաքակրթությունների երկխոսության ընդհանուր սկզբունքներում տեղ ունեն բազմաթիվ հետաքրքիր դրույթներ, այդ թվում՝ հարգանք բոլոր մարդկանց արժանապատվության եւ հավասարության նկատմամբ, ինչպես նաեւ՝ տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների տեսակետների ու արժեքների հանդեպ եւ հանդուրժողականություն, նաեւ՝ բոլոր քաղաքակրթությունների կրոնական ու մշակութային արժեքների, սրբությունների ու սրբավայրերի սրբապղծման մերժում։ Հետաքրքիրն այն է, որ 2001թ. քաղաքակրթությունների երկխոսության տարի հայտարարելու առաջարկն արել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Մոհամմեդ Խաթամին, հուսալով, որ բանաձեւի ընդունումը թույլ կտա տարբեր քաղաքակրթությունների եւ կրոնամշակութային ուղղվածությունների երկրների միջեւ թշնամանքն ու առճակատումը փոխարինել երկխոսությամբ ու փոխըմբռնմամբ։ ԻԻՀ-ի դեպքում՝ այս երկխոսությանը հեշտ է հավատալը, որպես հիմք ընդունելով թեկուզ միայն այնտեղ հայերի եւ հայկական գաղութի ծաղկուն վիճակը։ Իսկ եթե վերցնենք Լիբանանի օրինակը, որտեղի մեր հայրենակիցներին ոչ միայն խորհրդարանում է տեղեր հատկացված, այլեւ կառավարությունում մի տեղը նրանց բավարար չեղավ եւ երկրորդը ստանալու համար ցույցեր ու նստացույցեր արեցին, ապա պիտի ընդունենք, որ Միջին Արեւելքն արդեն իր հանդուրժողականության պաշարը ցուցադրելու առիթներ բազմիցս է ունեցել։ Հիշում եմ ստամբուլահայ մի ծանոթիս ապշահար դիտողությունը, թե՝ «Երեւանում ընդամենը 7-8 նորմալ գործող եկեղեցի կա, իսկ Ստամբուլում դրանց թիվը տասնյակներով էր հաշվվում»։ Իհարկե, հանդուրժողականության մեջ Թուրքիային «մեղադրել» առանձնապես չենք կարող, հիշելով թեկուզ միայն եվրոպական երկրներին ուղղված սպառնալիքները կամ Օջալանին մահապատժի ենթարկելու անզուսպ ցանկությունը, բայց փաստերի դեմ վիճելն անիմաստ է։ Քաղաքակրթությունների երկխոսության տարում առավել եւս արդիական է դառնում օտար երկրներում գտնվող հայկական եկեղեցիների եւ պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը։ Եթե փորձենք հաշվել, թե վերջին մեկ-երկու տարում որքան ահազանգեր են եղել քանդվող կամ պղծվող եկեղեցիների ու գերեզմանների առնչությամբ, կնկատենք, որ այս ասպարեզում բավականին անելիք ունենք։ Անելիք ունենք նաեւ մեդալի հակառակ երեսին նայելու դեպքում։ Խոսքը վերաբերում է Հայաստանի քաղաքացի այլազգիներին։ Ինչ խոսք, հայերը երբեք անհանդուրժող չեն եղել այլ ազգերի նկատմամբ, սիրով ընդունել եւ արժանավայել հյուրընկալել են դրա կարիքն ունեցողներին։ Սակայն այսօր մեր պետական-իշխանական մարմիններում ազգային փոքրամասնությունները 0,5 տեղ էլ չունեն։ Իհարկե, կարելի է առարկել, ասելով, թե «էսինչը կիսով չափ քուրդ է» կամ «էնինչը հոգով-սրտով թուրք է», բայց դրանք իհարկե շատ հիմնավոր առարկություններ չեն։ Թերեւս, միայն պարսկական Կապույտ մզկիթի կառուցումը Երեւանի կենտրոնում կարելի է դիտել ընդառաջ քայլ՝ քաղաքակրթությունների երկխոսության համատեքստում։ Այս առումով քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարություններին ոչ միայն քրիստոնյա եկեղեցիների հոգեւոր առաջնորդներին, այլեւ այլադավան կրոնական առաջնորդներին հրավիրելը կարող է արժանվույնս գնահատվի եւ ողջ աշխարհն արձանագրի, որ հայերը, լինելով առաջինը՝ քրիստոնեությունն ընդունելու մեջ, լիովին դավանում են ՄԱԿ-ի առաջադրած սկզբունքներին՝ հարգանքով եւ հանդուրժողականությամբ են վերաբերվում այլազգի ու այլ կրոնական ու մշակութային ժառանգություն կրող մարդկանց։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել