Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրներին խնդրեցինք գնահատել

Ապրիլ 13,2001 00:00

Նոր տարբերակը նաեւ այսպես է մեկնաբանվում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրներին խնդրեցինք գնահատել Քի Ուեսթում Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած բանակցությունները։ Մեր աղբյուրը նախ նշեց, թե Ռուսաստանի կողմից Քի Ուեսթ մեկնած փոխարտգործնախարար Տրուբնիկովը հնարավորինս մեկուսացված է եղել այդ բանակցություններից, ինչը, բնականաբար, չէր կարող դուր գալ Ռուսաստանին։ Մյուս կողմից, մեր զրուցակիցը, որ, բնականաբար, չցանկացավ հայտնել իր անունը, նշեց, թե համանախագահների կողմից այդ նոր տարբերակը հիմնված է բանակցությունների ժամանակ հակամարտող կողմերի հայտնած դիրքորոշումների եւ դրանց հնարավորինս մերձեցման վրա։ Նա նաեւ նկատեց, թե բնական է, երբ Ադրբեջանն ու ադրբեջանական մամուլը հոռետեսորեն կամ դժգոհությամբ են արձագանքում Քի Ուեսթում ձեռքբերված համաձայնություններին, քան Հայաստանի լավատեղյակ պաշտոնյաները։ Վերջիններս, ի դեպ, պնդում են, թե բանակցությունները թեեւ հաջող են ընթացել, բայց վերջնական արդյունքի մասին խոսելը վաղաժամ է։ Ըստ մեր աղբյուրի, համանախագահների առաջարկած նոր ծրագիրն, իրոք, ավելի ընդունելի պետք է լինի հայերի, քան ադրբեջանցիների համար։ Նրա պնդմամբ, նոր առաջարկի հիմքում ընկած է «Ընդհանուր պետության» տարբերակը։ Ավելին, ըստ այդմ, Ղարաբաղն ու Լաչինը միասին ձեւավորելու են առանձին պետական եւ տարածքային միավորում՝ ավելի լայն լիազորություններով, քան նախատեսվում էր «Ընդհանուր պետության» տարբերակում։ Միաժամանակ հայկական կողմին առաջարկվել է անվերապահորեն վերադարձնել գրավյալ տարածքները, կտրուկ դրվել է նաեւ փախստականների վերադարձի հարցը։ Մեր զրուցակցի ասելով, սա միակ պահն է եղել, որի վերաբերյալ հայկական կողմը վերապահումներ է ունեցել եւ զգուշավորություն է հայտնել՝ հավանաբար, հաշվի առնելով դեմոգրաֆիական հարցերը։ Փոխարենը, իբրեւ սրան հակակշիռ, համանախագահներն առաջարկել են Մեղրիով միջանցք բացել՝ Նախիջեւան-Ադրբեջան երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար, ինչը ներկայացրել են իբրեւ Հայաստանի՝ մասնավորապես տնտեսության վերականգնման համար խիստ անհրաժեշտ քայլ, որից Հայաստանը պետք է շոյված լինի։ Մեր այն հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ այդ միջանցքի անվտանգությունն ապահովելու պատրվակով ռուսական զորքեր են տեղակայվելու, մեր աղբյուրը պատասխանեց. «Կոնկրետ ռուսական զորքերի մասին խոսք չկա։ Իսկ ընդհանրապես միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը մնացել է բաց եւ, հավանաբար, կքննարկվի արդեն Ժնեւում»։ Իհարկե, Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված վերոհիշյալ տարբերակը, որը, մեր զրուցակցի ներկայացմամբ, առաջարկվել է Քի Ուեսթում, ըստ էության, տարբերվում է այն տարբերակներից, որոնց մասին մինչ այդ «Առավոտը» գրել է։ Եվ քանի որ բանակցությունների արդյունքների եւ հնարավոր նոր առաջարկների մասին հայաստանյան երեք կամ մի քանի լավատեղյակ պաշտոնյաները դեռ երկար են լռելու, ուստի հարկ համարեցինք ներկայացնել դրանց վերաբերող այն բոլոր տարբերակները, որոնք մեր քաջատեղյակ աղբյուրների պնդմամբ, ոչ թե հակասում, այլ լրացնում են միմյանց։ Մնում է հիշեցնել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի՝ արդեն Երեւանում արած այն հայտարարությունը, թե հարցը լուծելու համար վստահություն է պետք։ Մի բան, որ, մեր կարծիքով, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում ժողովուրդը չի տածում իր հայրենի իշխանությունների նկատմամբ։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել