Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքում

Հունիս 30,2001 00:00

ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԿՈՎԿԱՍԻ ՎԻՃԱԿՆ ԱՆՄԽԻԹԱՐ Է Արեւմուտքում ավելի ու ավելի հաճախ է խոսվում Հարավկովկասյան անվտանգության միասնական համակարգի անհրաժեշտության մասին, որը պետք է գործի որպես Եվրոպական անվտանգության բաղկացուցիչ մաս: Ուշագրավ փաստաթուղթ է մշակվել Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի, այսպես կոչված, բրյուսելյան խմբի կողմից: Ծրագիրը, որը ստեղծել է ՌԴ-ում Եվրախորհրդի նախկին ներկայացուցիչ Մայքլ Էմերսոնի գլխավորած փորձագետների խումբը, քաղաքական շրջանակներում հայտնի է «Կովկասի կայունության համաձայնագիր» անվանմամբ: Առաջին անգամ նման փաստաթուղթ մշակելու կարեւորությունը ընդգծել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցով գերագույն հանձնակատար Մաքս վան դեր Ստուլը՝ Կովկասի հարցերով գիտագործնական կոնֆերանսում (հունվար, 2000 թ., Բրյուսել): Խումբը այցելել է տարածաշրջան, այդ թվում՝ Երեւան եւ 2000 թ. մայիսի 8-ին հրապարակել 80 էջից բաղկացած իր ծավալուն փաստաթուղթը: Հարավկովկասյան համագործակցության գաղափարը նորություն չէ. նոր ժամանակներում երկու այդպիսի փորձ արվել է՝ Անդրկովկասյան սեյմի (փետրվար, 1918) եւ Անդրֆեդերացիայի (1922-36թթ.) ստեղծումը: Կովկասի կայունության համաձայնագրի (ԿԿՀ) հեղինակները հաշվի են առել նաեւ այս պատմական իրողությունները, ինչպես նաեւ տնտեսական եւ կոմունիկացիոն նպատակահարմարությունները: Կովկասի կայունության համաձայնագիրը Փաստաթուղթը, որը գրեթե հայտնի չէ ոչ միայն հայ հանրությանը, այլեւ քաղաքական շրջանակներին, ներկայումս Կովկասում ստեղծված վիճակը բնութագրում է որպես աշխարհում առկա ամենաողբերգական հումանիտար, քաղաքական, տնտեսական աղետը: Փոխկապակցված հակամարտությունների մեջ են ներքաշված պետությունների կառավարություններն ու կլանների պարագլուխները: Դրանց լուծումները մտել են փակուղի, քաղաքական ղեկավարները խոսում են խաղաղության եւ կայունության մասին, սակայն ոչինչ չեն անում այդ ուղղությամբ: Վիճակն ավելի է բարդանում այն պատճառով, որ տարածաշրջանի պետությունները շարունակում են ստեղծել միմյանց հակադիր անվտանգության համակարգեր: Անկայունությունը խանգարում է Սեւ ծով-Կովկաս-Կասպից ծով-Միջին Ասիա ընդգրկուն տնտեսական առանցքի, մասնավորապես նավթագազային համալիրի զարգացմանը: Փակուղուց դուրս գալու ելքը միջազգային համագործակցության արդի սկզբունքների հիման վրա տարածաշրջանային համագործակցության հաստատման ռազմավարության որդեգրումն է: Իրավիճակը հարկավոր է բարելավել հետեւողական քաղաքական նախաձեռնությունների միջոցով, որոնց շարքում առանձնացվում են հետեւյալ հաջորդական քայլերը. Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը եւ Թուրքիան հանդես են գալիս համաձայնեցված եւ բազմակողմանի նախաձեռնություններով, եռակողմ նախաձեռնությամբ դրան արձագանքում են Եվրախորհուրդը, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, համատեղ գործողությունների ծրագրի մշակման համար ստեղծվում է շփման խումբ համագործակցության բոլոր սուբյեկտների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Եվրախորհրդի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, քաղաքական կարգավորում են ստանում հիմնական հակամարտությունները, ստեղծվում է «Հարավկովկասյան համագործակցություն», ԵԱՀԿ-ի ներքո կնքվում է անվտանգության համաձայնագիր, Եվրախորհրդի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցություն է հաստատվում «հարավային ուղղությամբ», աջակցություն է ցուցաբերվում Սեւ ծով-Կովկաս-Կասպից ծով տարածաշրջանային համագործակցության ստեղծմանը, խթանվում է նավթագազային համալիրի զարգացումը: ԿԿՀ-ի օրակարգում նշվում են գործողություններ, որոնք կհանգեցնեն հակամարտությունների երաշխավորված կարգավորմանը: Կարգավորման սահմանադրական ուղիները նախատեսում են սահմանադրական երաշխիքներ, ինչպես նաեւ կառավարման հատուկ մեխանիզմներ, որոնք խարսխված են ժամանակակից եվրոպական մոդելների՝ ինքնիշխանության, փոխկապակցվածության եւ բազմաշերտ կառավարման վրա: Հիմնական հակամարտություններ են ճանաչվում Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի հակամարտությունները: Այդ տարածքային միավորներին տրվում է ընդարձակ ինքնակառավարման իրավունք՝ բացառիկ իրավասություններ, ինքնուրույն սահմանադրություններ, կենտրոնի հետ հորիզոնական եւ ասիմետրիկ փոխհարաբերություններ, իրավասությունների բաշխում անվտանգության, արտաքին, ֆինանսատնտեսական քաղաքականության ոլորտներում: Կարգավորումը ենթադրում է նաեւ խաղաղարար գործողությունների իրականացում, անվտանգության երաշխիքների ստեղծում, ապաշրջափակում, զորքերի դուրս բերում, փախստականների վերադարձ եւ խաղաղության հաստատում։ Ոչ հիմնական, համեմատաբար թույլ հակամարտությունների եւ լարված իրավիճակների համար՝ ինչպիսին են Աջարիան, գուցե եւ Վրաստանում հնարավոր հակամարտության այլ օջախները (որպես օրինակ նշվում է Ջավախքը), կարող են ստանալ ասիմետրիկ իրավասություններով ինքնակառավարում: Վրաստանի դաշնայնացումը գլխավորապես կառնչվի սոցիալական, մշակութային ոլորտներին եւ տեղական ինքնակառավարմանը եւ նվազ չափով՝ հարկային ու բյուջետային համակարգերին: Այս իրավունքները կարող են վերապահվել նաեւ Ադրբեջանի լեզգիներին: Բոլոր դեպքերում հիմնական շեշտը դրվում է կենտրոնի հետ կառավարման մեխանիզմների կոորդինացման վրա, որի նպատակը հնարավոր հակամարտությունների գոտիներում լարվածության լիցքաթափումն է: Հարավկովկասյան համագործակցությունը Հասնելով վճռական առաջընթացի հակամարտությունների կարգավորման գործում՝ հարավկովկասյան տարածաշրջանը կարող է մշակել ինտեգրացիայի երկարաժամկետ ծրագրեր, որը ի վերջո կհանգեցնի Եվրամիության հետ կապերի ամրապնդմանը: Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը Եվրամիության օժանդակությամբ ու ֆինանսավորմամբ եւ տարածաշրջանային ինտեգրացման համաշխարհային փորձի օգտագործմամբ կարող են նախաձեռնել Հարավկովկասյան համագործակցության կազմակերպության ստեղծումը: Խորհուրդ է տրվում հատուկ զգուշավորություն ցուցաբերել ԱՊՀ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում անվտանգության, ռազմական համագործակցության հարցերում: Պետք է վերականգնվեն բնականոն առեւտրատնտեսական հարաբերությունները, անհապաղ վերացնել բոլոր տեսակի շրջափակումները՝ վերականգնելով տարածաշրջանային ենթակառուցվածքները, որոնք արդեն նախապատրաստված են ԻՆՈԳԵՅԹ եւ ՏՐԱՍՍԵԿԱ ծրագրերով: Այդ ամենը կարող է բերել տնտեսական քաղաքականության ընդհանուր խորհրդի, ազատ առեւտրի գոտու ստեղծմանը՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ: ԿԿՀ-ի շրջանակներում ստեղծվում են միջկառավարական եւ միջգերատեսչական համագործակցության մարմիններ ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի, ՊՆ-ի, էկոնոմիկայի, ինչպես նաեւ բարձրագույն ղեկավարության մակարդակներում: Հատուկ դերակատարություն է տրվում խորհրդարանական վեհաժողովին, որը ձեւավորվում է տարածաշրջաններից ընտրված ներկայացուցիչներով: Ներկայացուցչականության սկզբունքով է ստեղծվում նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների, տարբեր շահեր ներկայացնող խմբերի եւ մասնագիտական կազմակերպությունների Քաղաքացիական վեհաժողովը: ԿԿՀ-ի ամրապնդման եւ զարգացման խթան կարող է հանդիսանալ Եվրամիության հետ ակտիվ կապերի հաստատումը, ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն կարող են օժանդակել կառավարման ժամանակակից համակարգերի եւ տարածաշրջանային համագործակցությանը նպատակամղված տարբեր ծրագրերի իրականացմանը: Հեռանկարային է համարվում Հյուսիսային եւ Հարավային Կովկասի՝ ծագմամբ եւ մշակույթով մերձ ժողովուրդների միջեւ հարաբերությունների սերտացումը: Հարավկովկասյան անվտանգության համակարգը Խաղաղության հաստատմանը զուգահեռ ստեղծվում է տարածաշրջանային համընդհանուր անվտանգության համակարգ, որտեղ առաջնային դեր է հատկացվում ԵԱՀԿ-ին: Դա կհարթի ԱՊՀ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գոյություն ունեցող հակասությունների սուր ընկալումները: Տարածաշրջանի պետությունները կամ չճանաչված տարածքային միավորները ձգտելու են ստանալ անվտանգության երաշխիքներ, սակայն հազիվ թե դրանք տրվեն ձեւական կոլեկտիվ պարտավորությունների տեսքով: Այդուհանդերձ, կլինեն երաշխիքների ավելի հավանական եւ ավելի արդյունավետ ձեւեր: Օրինակ, հակամարտությունների կարգավորման պայմանագրերի կնքում հզոր տերությունների մասնակցությամբ, սանկցիաների նախատեսում դրանց խախտման դեպքերում: Պայմանագրերին լրացուցիչ երաշխիքներ կտան նաեւ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի, Նախիջեւանի ու Ադրբեջանի միջեւ միջանցքների բացումը: Հակամարտությունների քաղաքական կարգավորումը սկզբնական շրջանում եւ որոշ ժամանակի ընթացքում կաջակցվի ԵԱՀԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղարար գործողություններով: Ընդ որում, միացյալ խաղաղարար ուժերը ձեւավորվելու են այն պետությունների կողմից, որոնք քաղաքական առումով ընդունելի են տարածաշրջանում եւ ունեն նշված խնդիրը լուծելու համար անհրաժեշտ միջոցներ: Որպես կարեւոր հանգրվան է նշվում սպառազինության սահմանափակման եւ կրճատման հարցերով բանակցությունների անցկացումը ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Մանավանդ որ, նման գործողության հիմքերն առկա են 1999-ին Ստամբուլում ստորագրված Սպառազինության սահմանափակման համաձայնագրով եւ այլ փաստաթղթերով: Հակամարտությունների կարգավորմամբ նոր մոտեցումներ կընդգրկվեն տարածաշրջանային անվտանգության համակարգում, մասնավորապես՝ առանձին տարածքների ապառազմականացումը, սպառազինության սահմանափակումը եւ այլն: Սպառազինության սահմանափակմանը վերաբերող ԿԿՀ-ի մասերը նախատեսում են տարածաշրջանից ռուսական զորքերի դուրս բերման մեխանիզմներ: Ծրագրի հեղինակների համոզմամբ, դրանց կարիքը տարածաշրջանն այլեւս չի զգում. դա է վկայում այդ բնագավառի ռուս-վրացական համաձայնագրերի կնքումը: Սահմանների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ հանցագործների ու ահաբեկիչների ներթափանցումը կանխելու գործում գործնական աջակցություն կարող են ցուցաբերել ԵԱՀԿ-ի դիտորդները: Այսպիսով, Կովկասյան կայունության համաձայնագրի անհրաժեշտությունը եվրոպական քաղաքականության տեսանկյունից հիմնավորվում է Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության կայուն համակարգի ստեղծմամբ, որի պայմանն ու նպատակը առկա հակամարտությունների քաղաքական կարգավորումն է, որը կդառնա տարածաշրջանի պետությունների եւ ողջ տարածաշրջանի զարգացման գրավականը: ՏԻԳՐԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել