Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելքին ընդհանրապես, թե միայն արաբներին հատուկ բան է՝ խնդրանքին «չէ» չասել, նույնիսկ՝ եթե մերժում

Հունիս 30,2001 00:00

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԸ՝ ԻՐԱՔՈՒՄ Արեւելքին ընդհանրապես, թե միայն արաբներին հատուկ բան է՝ խնդրանքին «չէ» չասել, նույնիսկ՝ եթե մերժում են։ Բաղդադի մանկական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքից մեր աչքի առաջ մի երեխայի դիակ դուրս տարան՝ դագաղի մեջ։ Լրագրողներս՝ հատկապես հեռուստատեսություններից, ցանկացանք նկարել այդ տեսարանը, պարզել երեխայի մահվան պատճառը, հնարավորության դեպքում՝ խոսել ծնողների հետ։ Մինչեւ այդ մեր անգլերենը լավ հասկացող տեղացի լրագրող Ալա Խալիլը եւ բաժանմունքի գլխավոր բժիշկը սկսեցին «չհասկանալ» մեր խոսքը, տարբեր ձեւերով ասվող այդ մասին մեր խնդրանքին պատասխանել՝ «Այո՛, մեր վիրաբուժական բաժանմունքն այդ մասում է»։ Մեր համառությունն ի վերջո արժանացավ «Ինչո՞ւ, այդպիսի բա՞ն տեսաք» «պատասխանին»։ Ոչինչ, որ մի քանի րոպե հետո նրանք պատմում եւ ցուցադրում էին, թե ինչ անօգնական վիճակում են իրենց հիվանդ երեխաները, ինչ տարրական բուժմիջոցների կարիք ունեն, ինչպես միջազգային ոչ մի կազմակերպություն չի օգնում (նույնիսկ Կարմիր խաչի ներկայացուցչություն չունեն) եւ այլն։ Դիալիզից արյունը բաղադրամասերի բաժանելու համար արքավորումներ. եւ, հետեւաբար՝ նաեւ արյան բանկ չունեն։ Եվ ընդհանրապես, ցանկացած հարց օգտագործում էին իրաքյան ժողովրդի եւ հատկապես՝ երեխաների համար ճակատագրական նշանակություն եւ դաժանագույն հետեւանքներ ունեցող շրջափակումը դատափետելու, հակաամերիկյան քարոզչություն տանելու համար։ Թեեւ նույնիսկ այս նպատակով թույլ չտվեցին «օգտագործել» մահացած երեխային։ Արաբները ոչ թե համոզված էին, այլ կասկած անգամ չունեին, որ Բաբելոնում իրենց նախնիներն են ապրել։ Բաղդադից 80 կմ հեռավորության վրա գտնվող հնագույն Բաբելոնը ոչ միայն պեղել են, այլեւ տեղ-տեղ վերականգնել։ Եվրոպացիները հայտնաբերելով այդ հնագույն քաղաքակրթությունը, իրենց Եվրոպա են կրել-տարել գրեթե բոլոր գտածոները։ Նույնիսկ Իշտարի հանրահայտ կապույտ դարպասը ամբողջությամբ, քաղաքի պատերի մի զգալի մաս տարել են Գերմանիա։ Իսկ Ք.Ա. 605թ. Նաբուգոդոնոսոր արքայի կառուցած քաղաքն այսօր «սկսվում է» Իշտարի դարպասի օրիգինալի մեծությամբ, նույն տեղում կառուցված կրկնօրինակով, պարիսպն էլ տեղ-տեղ է միայն օրիգինալը, մնացածը կառուցվել է 1982-ին։ Քաղաքի մուտքի մոտ 6500 հոգու համար Ալեքսանդր Մակեդոնացու կառուցած ամֆիթատրոնն է, որի միայն հիմքն է «իսկականը»։ Մնացյալը մի քանի անգամ վերակառուցվել է։ Բաբելոնի երկայնքով ձգվում է 2600 տարեկան սալարկված ճանապարհը, որն այժմ ցանկապատված է։ Պահպանված էր նաեւ քաղաքի խորհրդանիշ առյուծը, որի իրանի հատվածը եւ մռութը (վերջինս իբրեւ թե ոսկուց ձուլված լինելու պատճառով) առաջին աշխարհամարտի օրերին ռմբակոծել են թուրքերը։ Մեր էքսկուրսավարը հայտնեց, որ այդ տեղում են եղել նաեւ հանրահայտ Կախովի այգիները։ Իսկ թանգարանում այնքան քիչ նմուշներ կային, որ տեղավորվել էին ընդամենը 3-4 փոքր սրահներում։ Ընդ որում, դրանցից մեկն ամբողջությամբ նվիրված էր Աստվածաշնչյան Բաբելոնյան աշտարակի՝ եվրոպական պատկերացումներին։ Եթե եվրոպացի նկարիչները պատկերել են այն սանդուղքաձեւ դեպի երկինք ձգվող հատած կոնի տեսքով, ապա իրաքցիները այնտեղ ցուցադրում էին «իրենց» աշտարակի մակետը, որը տեսնում եք 2-րդ լուսանկարում։ Իրաքցիները (նաեւ բոլոր մուսուլմանները) Բաբելոնից փոխառել են նաեւ իրենց հայտնի ութթեւանի աստղը։ Եթե Բաբելոնը անցյալն է, ապա իրենց ներկան իրաքցիները համարում են երկրի նախագահ Սադամ Հուսեյնին եւ պատերազմը։ Ամերիկյան ռմբակոծությունների պատմությունը՝ ավերված շենքերի մակետներով նրանք ամփոփել են առանձին թանգարանում։ Նման պատվի են արժանացել նախագահի ստացած նվերները։ Բաղդադի կենտրոնական ժամացույցի աշտարակը հիմքում ամփոփում է այդ թանգարանի 7 սրահները՝ Հուսեյնի կենսագրության վավերագրերով, նրա թեմաներով կամ նրան նվիրված գեղանկարներով։ Մի սրահում Իրաքի 18 նահանգների խորհրդանիշների փոքրածավալ ոսկյա վերարտադրություններն էին, մեկում՝ նախագահին նվիրված լատիներեն, իսպաներեն, անգլերեն Աստվածաշունչներ, սադափյա տուփով եւ սադափյա կազմով Ղուրաններ։ Ցուցադրված Ղուրաններից մի հսկայականը գրել էր անձամբ Սադամ Հուսեյնը, մյուսը՝ սովորական չափի, դարձյալ ինքն էր գրել՝ միայն թե սեփական արյունով։ Համենայնդեպս այդպես հավատացնում էին թանգարանի աշխատակիցները։ Ֆիդել Կաստրոյի անձնական վերնաշապիկի, Կուչմայի նվիրած շախմատի կողքին ցուցադրվում էին նաեւ խորհրդային տարիներին Հուսեյնի ստացած ռուսերեն եւ ուկրաիներեն գրքերը՝ հիմնականում ավտո եւ երկաթուղային ճանապարհների մասին։ Իր արժանի տեղն էր գրավել Արդարադատության աստվածուհու նկարը, որի կշեռքի նժարներից մեկին արյունոտ սուրն է, բերանը ժապավենով կապված, իսկ աչքերը՝ կապված Ամերիկայի դրոշով, մակագրությունը՝ «Աշխարհի նոր կարգը»։ Ոչ միայն Սադամ Հուսեյնի նկատմամբ են շռայլ եղել. վերջինս էլ իր հերթին էր շռայլություն հանդես բերել։ Բաղդադի սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցում մեզ ցույց տվեցին նրա նվիրած երկու երգեհոնները։ Բաղդադում այն տպավորությունն էր, որ շռայլ են նաեւ իրենք՝ շարքային իրաքցիները։ Շռայլ են եւ հյուրասեր, ինչպես ցանկացած արեւելցի։ Օրինակ, գոնե մեր իջեւանած՝ «Մանսուր Մելիա» հյուրանոցում նորապսակներին առաջին գիշերվա համար սենյակ էին տրամադրում՝ անվճար։ Չիմացանք, հյուրասեր լինելուց դրդվա՞ծ էին հանդուրժում մեր՝ եվրոպական հագուկապն ու պահվածքը, թե՞ իրենց համար էլ հնացել էին այն կանոնները, որոնք կարդացինք հյուրանոցի նախասրահի վերելակի մոտ. «Մուտքը հյուրանոց՝ միայն զույգերով եւ ընտանիքներով», «Տղամարդկանց արգելվում է հարկում մենակ պարել» (՞), «Ջինս հագած անձանց մուտքն արգելվում է»։ Գուցեեւ հնացել էին, որովհետեւ ամենուրեք մինչեւ ոտք ու ձեռքի ծայրը սեւերով ծածկած կանանց կողքին հանդիպում էինք ազատ հագուկապովների էլ, որոնք, միեւնույն է, չէին անցնում պատշաճության սահմանները։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել