Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ լրացավ դատավոր Սամվել Ուզունյանի՝ հունիսի 20-ի համաներման կիրառման որոշումը բողոքարկելու ժամկետ

Հուլիս 07,2001 00:00

Համաներման կիրառման որոշումը չբողոքարկվեց Երեկ լրացավ դատավոր Սամվել Ուզունյանի՝ հունիսի 20-ի համաներման կիրառման որոշումը բողոքարկելու ժամկետը։ Ըստ գործող օրենքի, որոշումը բողոքարկելու իրավունք կողմերի փաստաբանները չունեն, այդ բանը կարող էր անել միայն մեղադրանք ներկայացնող կողմը՝ հանձին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի։ Երեկ մենք փորձեցինք պարզել՝ պրն Ջհանգիրյանը բողոքարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր հեռախոսային զրույցի ժամանակ պրն Ջհանգիրյանն ասաց, թե չի բողոքարկելու եւ ուրիշ հարցերի, պարզապես, հրաժարվեց պատասխանել։ Հիշեցնեմ, Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը խոստացել էր, որ եթե Գագիկ Ջհանգիրյանը մերժեց գանգատարկել որոշումը, իրենք ասուլիս կհրավիրեն եւ կարտահայտեն իրենց վերաբերմունքը։ Ասուլիսի փոխարեն պրն Սարգսյանը հարցազրույց տվեց «Առավոտին»։ – Ըստ քրեական դատավարության օրենսգրքի 376 հոդվածի, վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը տրված է մեղադրողներին, քաղհայցվորներին՝ քաղհայցի մասով։ Դրա իմաստն այն է, որ տուժողը եւ մեղադրողը համարվում են մեղադրական կողմ եւ մեղադրողը, ի պաշտոնե, շահագրգռված պետք է լինի պաշտպանել տուժողի շահերը։ Այս դեպքում, քանի որ ես՝ տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչս, իրավունք չունեի այդպիսի բողոք բերելու, անձամբ դիմել եմ Գագիկ Ջհանգիրյանին։ Միասին նայել ենք որոշումը։ Եղել եմ ես, Գագիկ Ջհանգիրյանը, Հակոբ Մարտիրոսյանը եւ Արմեն Հարությունյանը։ Գագիկ Ջհանգիրյանը, նայելով որոշումը, որը մինչ այդ չէր տեսել, ինձ հետ համաձայնեց, որ որոշումը սխալ է, սակայն, պատճառաբանեց, որ վերջնականորեն դատարանը ճիշտ է լուծել հարցը։ Իմ այն հարցին՝ եթե որոշումը սխալ է, չի՞ նշանակում, որ այն պետք է պարտադիր բողոքարկվի, թեկուզ այն բանի համար, որպեսզի այդ սխալն ուղղվի։ Ջհանգիրյանը պատասխանեց՝ քանի որ, ըստ էության, վերաքննիչ դատարանը, միեւնույն է, այս որոշումը չի փոփոխելու, իմաստ չի տեսնում դրա մեջ։ Ես ասացի, որ կանխակալ կարծիք պետք չի ստեղծել, թե վերաքննիչ դատարանը ինչպիսի որոշում կընդունի։ Այսօր (երեկ) բողոք գրելու ժամկետը լրացել է եւ բողոքը չի բերվել։ – Ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը։ – Ոչինչ, դատաքննությունը շարունակվելու է, ուղղակի զարմանալի է, որ մեղադրողը բողոք չբերեց վերաքննիչ դատարան, քանզի իր կողմից կալանված, մեղադրված ամբաստանյալներին էին բաց թողնում, եւ առաջին շահագրգռվածը պետք է հենց մեղադրողը լիներ։ Իմ կողմից որեւէ պատճառաբանություն չի կարող ընդունվել, քանզի նա ինձ հետ համաձայնվել էր, որ որոշումը սխալ է։ Ինչ վերաբերում է դատարանին, դատարանը ապահովագրված չի սխալ չկատարելուց։ Հենց միայն այն, որ որոշումը ենթակա է բողոքարկման, նշանակում է, որ օրենքը դատավորին չի ապահովագրել սխալից, եւ ստեղծվել է եռաստիճան դատական համակարգը։ Հենց դրա համար էլ ստեղծվել է, որ սխալները ուղղվեն վերաքննիչում, վերջնականը լինի վճռաբեկում։ Եթե անգամ կասկած կա, քրեական գործում պետք է լիներ վճռաբեկ դատարանի որոշումը, որպեսզի հետագայում ոչ մեկի կողմից հնարավոր չլիներ այս որոշումը շահարկել։ Զրույցը վարեց Մ. ԵՍԱՅԱՆԸ Հ. Գ. Այս ամբողջ պատմությունից պարզ է, որ օրենքով դատապարտվածներն ազատ են արձակվում Ազգային ժողովի որոշմամբ։ Զավե՞շտ է, թերեւս։ Ակնհայտորեն, ռուսները մեզնից խելոք են, քանի որ իրենց մոտ գործում է ոչ թե որոշում համաներման մասին, այլ՝ համաներման մասին օրենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել