Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն սովորական է դարձել փողոցներում տեսնել «Երեւան սերվիս» համազգեստով մարդկանց։ Բոլոր ավտովարորդնե

Հուլիս 07,2001 00:00

Թանկ մեքենային՝ թանկ կանգառ Արդեն սովորական է դարձել փողոցներում տեսնել «Երեւան սերվիս» համազգեստով մարդկանց։ Բոլոր ավտովարորդները գիտեն, որ «Երեւան սերվիսի» «տղաներին» մայրաքաղաքի ցանկացած հատվածում յուրաքանչյուր կայանատեղի համար պետք է վճարեն 100 դրամ։ Սակայն այդ ծառայությունը արդեն 7 ամիս է՝ ինչ լուծարվել է, իսկ փողոցներում «Երեւան սերվիսի» համազգեստավորները վարորդներից շարունակում են «փող պոկել»։ Վերջերս լուրեր էին պտտվում, որ Երեւանում համանման մի կազմակերպություն է բացվել, որի բաժնետերերը իտալացիներ են։ Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ «Երեւան սերվիսի» լուծարումից հետո ոչ մի նոր կազմակերպություն չի ձեւավորվել։ Իսկ «փողոցային փող հավաքողները» անօրինական են, եւ այդ գումարները կամ գնում են հենց իրենց, կամ՝ ինչ-որ ստվերային անհատի գրպանը։ Պարզվում է, որ վճարովի ավտոկանգառները համակարգված չեն։ Խոշոր եւ փոքր օբյեկտների մոտ գտնվող տարածքները պատկանում են տվյալ ձեռնարկության տիրոջը, ասենք, «Հայաստան» հանրախանութի մոտ գտնվող ավտոկանգառը «Հայաստանինն» է, «Հրազդան» տոնավաճառինը՝ «Հրազդանինը»։ Իսկ փողոցային կանգառները պատկանում են տվյալ համայնքին։ Ինչ վերաբերում է գներին, ապա տարբեր թաղամասերում սահմանված են տարբեր գներ։ Թաղամասեր կան, որտեղ կանգառը անվճար է։ Որոշներում էլ վճարումները պետք է կատարվեն ոչ միայն տվյալ տարածքը զբաղեցնելու համար, այլ նաեւ ժամավճարով, ընդ որում, յուրաքանչյուր ժամ ունի իր գինը։ Օրինակ, Կենտրոն համայնքի կենտրոնական փողոցներում ամենաթանկը կեսօրն է (ժամը՝ 400-600 դրամ)։ Ի դեպ, գնի տատանումը կախված է ավտոմեքենայի «պրիստիժից»։ Որոշեցինք թաղապետարաններից ստանալ ավելի մանրամասն ինֆորմացիա։ Շենգավիթի թաղապետարանից տեղեկացանք, որ քաղաքապետի 2001թ. հունիսի 18-ի որոշման համաձայն, վճարովի ավտոկանգառների կարգավորման իրավունքը տրվել է թաղային համայնքներին։ Սակայն թաղապետարանները մինչեւ կանգառների համալիրային կառուցումը սկսելը, իրենց ընտրած հատվածը պետք է համաձայնեցնեն պետավտոտեսչության հետ։ Բոլոր թաղապետարանների ավտոկանգառներում աշխատողները պետք է ունենան համազգեստ, որի վրա պետք է գրված լինի համայնքի անունը եւ գուցե նաեւ աշխատակցի անունը։ Կանգառը պետք է համապատասխանաբար ձեւավորված լինի եւ պետք է լինեն ցուցանակներ։ Իսկ գնային սահմանափակում քաղաքապետը չի դրել։ Այսինքն, յուրաքանչյուր թաղապետ ինքը կարող է գնային ընտրություն կատարել։ Համայնքների ավտոկանգառների գնային ցուցակը պետք է ներկայացվի քաղաքապետին։ Քաղաքապետի որոշման համաձայն, վարորդներին ավտոկանգառներում պետք է տրվի կտրոն, որտեղ նշված պետք է լինի համայնքի անունը, մեքենայի համարը եւ վճարած գումարի չափը։ Բոլոր թաղապետարանները սկսել են վերը նշված գործընթացը, սակայն դեռ ոչ մի տեղ այն ավարտին չի հասցվել։ Ոչ մի թաղապետարանից ստույգ գնային տվյալներ չստացանք։ Օրինակ, Արաբկիր համայնքից տեղեկացանք, որ իրենց մոտ «կիսատ-պռատ» գործում է «Արաբկիր-սերվիս» ծառայությունը։ Վերոհիշյալ թաղապետարանը կենտրոնական որոշ փողոցներ քառակուսին 3 հազար (իսկ երկրորդականները՝ 2 հազար) դրամով տվել է ինչ-որ անհայտ սուբյեկտի, որն էլ իր քմահաճույքով արդեն սահմանել է տարաբնույթ գնացուցակ։ Այսինքն, ումից որքան գումար ցանկանում են, այդքան էլ վերցնում են։ Իսկ ավտովարորդների հավաստմամբ, ամենաթանկ տեղը Կենտրոնն է, ասենք, դատարանների, նախարարությունների եւ շուկաների մոտ գտնվող տարածքների կանգառները։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել