Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտում»

Սեպտեմբեր 19,2001 00:00

«Անլեգալն այնտեղ կյանք չունի» «Առավոտում» օրեր առաջ տպագրվել էր «Հունաստանում նույնպես հայերը սեւագործ են» հոդվածը: Այս կապակցությամբ հունահայ համայնքի ֆինանսավորմամբ Մակեդոնիայի համալսարանն ավարտած հայաստանաբնակ Էդգար Մանուկյանը խնդրեց արձանագրել այն ամենը, ինչը նա տեսել է Սալոնիկում իր ուսումնառության ընթացքում եւ ինչին շարունակում է հետեւել նաեւ այսօր՝ Հայաստանից։ Նա հավաստիացնում է, որ ինքը միակ այդպիսի ուսանողը չի եղել։ Տեղաբնակ հայերը Հունաստանի 1,5 միլիոնանոց Սալոնիկ քաղաքում մոտավորապես 3000 են, Հայաստանից մեկնածները՝ 15-20 հազար։ Վերջիններիս թիվը ստույգ հայտնի չէ, քանի որ նրանք հիմնականում այդ երկրում անլեգալ են հայտնվել եւ որեւէ տեղ հաշվառված չեն։ Հենց նրանք են, որ, ինչպես ցանկացած երկրում, Հունաստանում եւս էժան աշխատուժ են համարվում եւ սեփական գործ հիմնադրել չեն կարող։ «Տնից զգուշորեն աշխատանքի են գնում, աշխատանքից ոլոր-մոլոր ճանապարհներով՝ տուն, որպեսզի հասարակական կարգի հետ կապված պրոբլեմներ չունենան»,- պատմում է Էդգար Մանուկյանը։ Անլեգալ էմիգրանտների համար հասարակական կարգը խստացել է հատկապես երկիր՝ ալբանացիների զանգվածային ներգաղթի պատճառով։ Անլեգալ էմիգրանտ հայերը տեղաբնակ իրենց հայրենակիցներին հաճախ դիմում են աշխատանքի տեղավորման, նյութապես օգնելու խնդրանքներով։ Համայնքը իր կարողության սահմաններում մշտապես օգնում է նրանց։ Ցավոք, անլեգալ էմիգրանտները երբեմն գողություններ էլ են կատարում։ Այս ամենը հարթելու հարցում պրն Մանուկյանը կարեւորում է նաեւ տեղի Հայ Առաքելական եկեղեցու դերը։ Վերջինիս կից գործում են կիրակնօրյա դպրոց, մշակութային սրահ։ Իսկ տեղաբնակ հայերը, ինչպես պրն Մանուկյանն է պնդում, ապահովված, էլիտար համարվող մասնագիտությունների տեր մարդիկ են՝ բանկային համակարգի աշխատակիցներ, փաստաբաններ, բիզնեսմեններ, խանութպաններ։ «Ընդ որում՝ իրենց գործում բավական հաջողակ են»,- հավաստիացնում է Է. Մանուկյանը։ Վերջինս Սալոնիկի հայ համայնքը բնութագրեց իբրեւ կազմակերպված։ Նրանք մշտապես կապի մեջ են Հայաստանի հետ։ Հունական ռազմածովային ուժերի 47 ինքնաթիռ երկրաշարժից հետո Ամերիկյան Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը Հայաստան է հասցրել Սալոնիկի հայ համայնքի, մասնավորապես Կարապետ Գալֆայանի՝ հունական բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների հետ իր անձնական կապերի շնորհիվ, ինչի համար Ամերիկյան Կարմիր խաչի նախագահ Էլիզաբեթ Դոուլը Կ. Գալֆայանին եւ Սալոնիկի հայ համայնքին պատվոգրով շնորհակալություն է հայտնել։ Իբրեւ համայնքի՝ կազմակերպված լինելու հիմնավորում, պրն Մանուկյանը նաեւ պատմում է, որ 1997-ին, երբ Սալոնիկը Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն էր, հայ համայնքի աջակցությամբ եւ հունական կողմի ֆինանսավորմամբ անցկացվել է Հայկական մշակույթի միամսյակ։ Այդ ընթացքում Սալոնիկում ելույթ են ունեցել Հայաստանի հայտնի շատ երաժշտական խմբեր, ինչպես, օրինակ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Պետական կամերային նվագախումբը, «Սերենադը», Կոմիտասի անվան լարային քառյակը, «Հայաստանի փոքրիկ երգիչները», Պետական կապելլան եւ այլն։ Համայնքի ջանքերով Հունաստանի Կասանդրա թերակղզում գործող ամառանոցում ամեն սեզոնի հանգստանում է 200 երեխա՝ եւ տեղի, եւ Հայաստանից ժամանած։ «Համայնքի ակտիվության մասին է վկայում նաեւ այն, որ նրանք մշտապես արձագանքում են հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած կնճռոտ հարցի»,- վկայում է Է. Մանուկյանը։ Արդեն հասկանալի է (եւ պրն Մանուկյանն էլ պատմեց), որ ապրիլի 24-ն այստեղ մի առանձին ջանասիրությամբ է նշվում՝ երթեր, ցուցահանդեսներ։ Ինչպես նշեցինք, Սալոնիկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։ Ամենօրյայի համար, ըստ պրն Մանուկյանի, բավարար չափով աշակերտներ չեն հավաքվում։ «Հայկական համայնքի ներկայացուցիչները՝ տնետուն ընկած, Հայաստանից եկած երեխաներին համոզում են գալ կիրակնօրյա դպրոց՝ հայերեն սովորելու»,- պատմում է Է. Մանուկյանը։ Սալոնիկի հայկական համայնքը հովանավորում է Բելգրադի, Պլովդիվի հայկական դպրոցները։ Իսկ հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների պայմաններում Հայաստանի անցուդարձի մասին սալոնիկցի հայերի անտեղյակությունից խոսելն Էդգար Մանուկյանն անհեթեթ է համարում։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել