Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ

Նոյեմբեր 06,2001 00:00

ՊԵՏՐՈՎՅԱՆ ՀԱՄԵՐԳ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, Բեթհովենի թիվ 5 դաշնամուրային կոնցերտի կատարմամբ հանդես եկավ ճանաչված դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նիկոլայ Պետրովը։ Մենահամերգներով եւ տարբեր նվագախմբերի հետ հանդես գալով աշխարհի բեմերում, նա արժանացել է պարգեւների եւ կոչումների, ինչպիսին է, օրինակ, Ֆրանսիայի Բալզակ ակադեմիայի Մեծ մեդալը Բեթհովենի, Բեռլիոզի եւ Լիստի ստեղծագործությունների գերազանց կատարման համար։ Պրպտող ու անհանգիստ երաժիշտ է։ Այսպես. Սեն-Սանսի դաշնամուրի թիվ 2 կոնցերտը նա կատարում է Բիզեի նախկինում անհայտ մշակմամբ, որը հայտնաբերել է Բրիտանական թանգարանում։ Համերգից առաջ, փորձի վերջում, թեեւ հոգնած, բայց սիրով պատասխանեց մեր հարցերին։ – Որերո՞րդ անգամ եք հանդես գալիս հայ ունկնդրի առջեւ։ – Միանգամից ասեմ՝ շատ։ Պատահել է, որ տարին 2-3 անգամ եմ եկել։ Իսկ ոչ ստույգ հաշվարկով կարող եմ ասել՝ ավելի քան 30, թե ավել… չէ, նույնիսկ ոչ ստույգ էլ չեմ կարող ասել։ Մի խոսքով՝ շատ։ – Հայ ո՞ր կոմպոզիտորների հետ եք շատ շփվել, բարեկամացել։ – Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Միքայել Թարիվերդիեւ ասե՞մ, թե՞ Թարիվերդյան… մաեստրո Չեքիջյան։ Անկեղծ ասած, վերջինիս հետ վերջին շրջանում քիչ եմ շփվել, պատճառն էլ կարող եմ ասել, այն է՝ քաղաքական դաշտի, թե բնույթի փոփոխությունները։ Արտասահմանյան ելույթների ծրագրում հաճախ եմ ընդգրկում Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, Կոնցերտ ռապսոդիան… – Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին, կատարո՞ւմ եք։ – Աղմկահարույց հարց ուղղեցիք, բայց կպատասխանեմ։ Ես շատ զգույշ եմ մոտենում ժամանակակից գործերին, եթե, իհարկե, մոտենում եմ։ Ավանգարդային երաժշտություն էլ եմ, չգիտեմ ինչպես ասել, նվագե՞լ, թե՞ կատարել… Կարճ ասած, ժամանակակից կոչվածն ինձ համար մեռած երաժշտություն է։ Մի երաժշտություն, որտեղ էմոցիա չլինի, հասկանո՞ւմ եք… Էլ ինչի՞ մասին է խոսքը։ Բառի իսկական իմաստով՝ սկանդալ եմ ունեցել մի «ժամանակակից» կոչված կոմպոզիտորի հետ։ Տանը, պարապելու ընթացքում, այնքան «հիացա», որ նյարդերս չդիմացան ու ես նոտաները այրեցի։ Մեկ-երկու ամիս անցնելուց հետո կոմպոզիտորը հասկացավ, որ ես չեմ կատարելու, իրավացիորեն ետ պահանջեց… Պարզվեց, որ այրել էի այդ «գլուխգործոցի» միակ օրինակը։ Իսկ հետո… հետոն, կարծում եմ, պարզ է։ – Կոնսերվատորիայի Ձեր դասարանում ունեցե՞լ եք հայազգի ուսանողներ։ – Իհարկե, այո։ Հենց այս տարի ավարտեց հիանալի դաշնակահարուհի Օլյա Պապիկյանը, բայց ինչքան ինձ է հայտնի՝ ՏվՈ ՎՏրՍՏՉրՍՏչՏ ՐՈջսՌՉՈ։ Դեռ իմ ուսանելու տարիներին, այսօր արդեն հայ անվանի շատ դաշնակահարների հետ եմ ե՛ւ սովորել, ե՛ւ շփվել։ Սովորել եմ տաղանդավոր դաշնակահարներ, Ձեր կոնսերվատորիայի պրոֆեսորներ Սվետլանա Նավասարդյանի, Իգոր Յավրյանի հետ։ – Տարբեր երկրներում անց եք կացնում վարպետության դասընթացներ, եթե լինի հրավեր Երեւանի կոնսերվատորիայից, կհամաձայնե՞ք։ – Նախ ասեմ, շատ եմ հարգում ռեկտոր Արմեն Սմբատյանին եւ Երեւանի կոնսերվատորիայի մակարդակի մասին կարող եմ հայտնել բարձր կարծիք, բայց այստեղ միայն հրավիրելու խնդիրը չէ… Պետք է վճարել, իհարկե։ Իսկ կոնսերվատորիան ի զորո՞ւ է վճարել այնքան, որքան… լավ, թույլ տվեք չշարունակել։ Կարծում եմ, պարզ է ասելիքս։ – Առաջին անգամ չեք հանդես գալու ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, սակայն առաջին անգամ Բեթհովենի կոնցերտի Ձեր կատարումը ղեկավարելու է երիտասարդ դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որն, ի դեպ, մեր օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն է։ – Նվագախմբում աշխատում են բարձրակարգ երաժիշտներ, սա ինձ համար նորություն չէ, իհարկե, բայց արդեն վերջին փորձն է, ավելի ճիշտ, երկրորդ հանդիպումը երիտասարդ դիրիժորի հետ եւ նա կարողացավ կարճ փորձային ժամանակամիջոցում կամ հատվածում ստեղծել անսամբլային հավասարակշռություն նվագախմբի բոլոր օղակներում եւ ստանալ արտահայտչության ակնկալվող զորություն… Նկատենք, որ չափազանց ուշադիր է ֆիլհարմոնիկի տնօրինությունը՝ այս համերգը նվիրված էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության 10-ամյակին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել