Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 09,2001 00:00

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ Վերջերս կարճատեւ այցով Երեւան էր ժամանել Վրաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, ճանաչված տենոր Ալեքսանդր Խոմերիկին։ Ազգային օպերային թատրոնում հանդիպելով երգչին, կարճ հարցազրույց ունեցանք նրա հետ։ – Յուրաքանչյուր այց ունենում է նպատակ։ – Իհարկե։ Աստծո թիվ է երեքը… Այսինքն, Երեւանում գտնվելը հետապնդում է երեք նպատակ։ Առաջինը Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակն է, որի առթիվ շնորհավորում եմ համայն հայությանը, երկրորդը՝ Բելինիի «Նորմա» օպերայի պրիմիերան էր եւ երրորդը՝ ստեղծագործական կապեր հաստատել Երեւանի օպերային թատրոնի հետ։ – Երկար տարիներ հանդիսացել եք Թբիլիսիի օպերային թատրոնի առաջատար տենոր, այժմ՝ Բաթումի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք։ – 93 թվականին ինձ առաջարկեցին Բաթումում ստեղծել օպերային թատրոն, եւ արդեն 8 տարի ղեկավարում եմ 380 հոգանոց թատրոնը։ Ասեմ՝ երաժշտական, օպերային թատրոն ունենալը յուրաքանչյուր պետության, քաղաքի համար, նույնիսկ Եվրոպայում, աշխարհում թանկ հաճույք է։ Ե՛վ պետական հովանավորություն է պետք, ե՛ւ անհրաժեշտ են հովանավորներ… Իհարկե, վաղուց եմ հասկացել, բայց հիմա արդեն, որպես գեղարվեստական ղեկավար, պարզապես պարտավոր եմ մտնել յուրաքանչյուր երգչի հոգեվիճակի մեջ… Բեմում երգիչը կերտում է նորանոր եւ այնքան տարբեր կերպարներ։ Մարդկային ոգու այս անմարմին ստեղծագործությունները լինում են պահանջկոտ ու անհանդուրժող, նրանք ուզում են բեմում ապրել իսկական, ճշմարիտ կյանքով, ուզում են բնական ծիծաղել ու լաց լինել, սիրել ու մեռնել։ Եվ նրանց «իսկական» լինելու համար հարկադրված են լիաբուռն վճարել։ Երգչին հարկավոր է սիրել, գուրգուրել, փայփայել։ – Դուք որպես երգիչ երկարաժամկետ բացակայում եք թատրոնից։ – Իսկական օպերային երգիչը պետք է «ծառայած» լինի աշխարհի բեմերում։ Իսկական օպերային երգիչը պետք է ունենա ծայրահեղ ինքնանվիրում, պատասխանատվության մեծ զգացում եւ միշտ ամենախիստ ու պահանջկոտ վերաբերմունք սեփական անձի հանդեպ, կատարելագործվելու, ստեղծագործական նոր բարձունքների հասնելու մշտական ձգտում… Խնդրեմ, իմ լավ բարեկամ, Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը ձեր ասած՝ երկարաժամկետ հյուրախաղերի էր մեկնել Ամերիկա եւ Իտալիա, բայց ես համոզված եմ, որ նրա կողմից արված մեկ կամ երկու դիտողությունն ու առաջարկը այս մակարդակի հասցրին եւ ունկնդրին ներկայացրին բելկանտոյի դարաշրջանի գլուխգործոցը՝ «Նորման»։ Իմացած եղեք, աշխարհի շատ թատրոններ, բառիս իսկական իմաստով, վախենում են մոտենալ այս օպերային։ Իմ գնահատականը ասեմ մեկ բառով՝ բրավո… Ես տեսա վոկալ ու բեմական վարպետության ներդաշնակ համաձուլում։ Գիտեք, որ նոտաները դեռեւս երաժշտություն չեն, իսկ թատրոնի երիտասարդ դիրիժորը իր «գործիքի»՝ նվագախմբի միջոցով ներկայացրեց տվյալ ժամանակաշրջանի կոմպոզիտորի մտքերն ու հույզերը, մի խոսքով՝ ասելիքը։ Սցենոգրաֆիան, զգեստները, գրիմը… բեմադրությունն ինձ հիացրեց։ Թատրոնից գեղարվեստական ղեկավարի, թեկուզ երկարաժամկետ բացակայությունը, շփումը «աշխարհի մշակույթի» հետ, արդյունքում միայն օգուտ է բերում իր թատրոնին։ – Ձեր եւ մեր օպերային թատրոնների կապերի մասին ի՞նչ կասեք։ – Կարծում եմ ձեզ շատ չեմ հիասթափեցնի, որ մանրամասն չխոսեմ կապերի մասին։ Ասեմ միայն՝ կատարողների փոխադարձ հյուրախաղերից մինչեւ համատեղ բեմադրությունների իրականացում… Դե, ես ու ձեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը էն գլխից ենք հասկացել մեկմեկու ու լավ բարեկամներ ենք, այնպես որ վստահ կարող եմ ասել՝ վսյո բուդետ օքեյ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել