Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի կաթնաանասնապահական համալիրը կոմունիստների վերջին նվերն էր գյուղին…

Նոյեմբեր 23,2001 00:00

Մի տնտեսության պատմություն Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի կաթնաանասնապահական համալիրը կոմունիստների վերջին նվերն էր գյուղին… Այն կառուցվել է 1200 գլուխ խոշոր, 6000 գլուխ մանր եղջերավոր անասունների համար։ Գործել է նորագույն սարքավորումներով հագեցած կաթի վերամշակման արտադրամասը, որի թողարկած բարձրորակ պանիրը մեծ համբավ ուներ հանրապետությունում։ Գերհզոր այդ տնտեսությունից ներկայումս միայն դատարակ, վերանորոգման ու վերասարքավորման ենթակա շինություններ են մնացել՝ անցյալի լավագույն հուշերի միակ ու տխուր վկաները։ Շուրջ 4 տարի առաջ կաթնաանասնապահական համալիրը սեփականաշնորհվեց։ Ինչպես հետո պարզ դարձավ (գնումից առաջ), փաստացի առկա գլխաքանակը չէր համապատասխանում բալանսայինին։ 1996թ. առկա էր 500 գլուխ խոշոր, 1800 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Իսկ աճուրդի դրված օրվանից մինչեւ վաճառքի օրը մնացել էր ընդամենը 170 գլուխ խոշոր եւ 180 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Թալանվել էին նաեւ կաթի վերամշակման սարքավորումները։ Այսպիսի պայմաններում նոր գնորդը բազմաթիվ դժվարությունների հաղթահարման գնով երեք տարի պահպանեց որոշակի անասնագլխաքանակ։ Սակայն տեղական իշխանություններին չէր մտահոգում, որ այս տնտեսությունը չունի սեփականաշնորհված հողատարածք՝ անասնակերի խնդրի լուծման համար։ Տնտեսությանը, նույնիսկ վարձակալական պայմաններով, արոտավայրեր չէին տրամադրվում, իսկ խոտհարքերի (պահուստային ֆոնդի) մասին մտածելը, պարզապես, ճոխություն էր։ Ստիպված էին խոտը հնձել եւ տեղափոխել Քելբաջարի (լավագույն դեպքում՝ Վարդենիսի) տարածքից, այդ նպատակով անցնելով 80-100 կմ ճանապարհ։ Խոտի ինքնարժեքն այնքան էր բարձրանում, որ անասնագլխաքանակի պահպանումը դառնում էր տնտեսապես ոչ շահավետ։ Չնայած տնօրինության, տնտեսությանը խոտհարքներ ու արոտավայրեր հատկացնելու վերաբերյալ, բազմաթիվ դիմում-խնդրանքներին, տեղական իշխանությունները շարունակում էին իրենց անտարբերությունը։ Նման պայմաններում տնտեսության պահպանումն օրեցօր դառնում էր անհնար։ Արոտավայրերի ու խոտհարքների բացակայության պատճառով էլ ավելի էր դժվարանում անասունների ձմեռացումը։ Անասնագլխաքանակն աստիճանաբար պակասում էր։ Հիմա այդ տնտեսությունից միայն դատարկ կառույցներ են մնացել, որտեղ կենդանության միակ վկան թռչունների ուրախ ճռվողյունն է։ Նրանք բույն են հյուսել այնտեղ, տնավորվել։ Էլ ոչ անասնակերի ձեռքբերման, ոչ էլ կենդանիների ձմեռման խնդիր կա։ Տեղական իշխանություններն էլ քնել են հանգիստ։ ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել