Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմիցս

Դեկտեմբեր 04,2001 00:00

Արաքսը կա, կմնա Բազմիցս լսել ենք երգչուհի Արաքս Դավթյանին։ Նա ոչ մի բան անտարբեր չի երգում. այդպես է նրա արտիստական խառնվածքը։ Միշտ ձգտելով խորամուխ լինել այս կամ այն ստեղծագործության բովանդակությանն ու տրամադրությանը, աշխատելով հարազատ մնալ կոմպոզիտորի դավանած գեղարվեստական սկզբունքներին եւ դրանք ճիշտ բացահայտել՝ երգչուհին բոլոր դեպքերում դրանք անց է կացնում իր արտիստական պրիզմայի միջով։ Կատարած ստեղծագործության նկատմամբ իր ակտիվ վերաբերմունքը դրսեւորելիս, նա երբեք «կոնֆլիկտի» մեջ չի մտնում իր ձայնի հետ. ձայնը նրան հնազանդ է, միշտ՝ լավ օգնական, միշտ՝ ի վիճակի համապատասխան հնչյունային մարմնավորում տալու երգչուհու բոլոր մտահղացումներին։ Մեր հանդիպումը երգչուհու հետ կայացավ իր համեստ բնակարանում։ Առաջին իսկ րոպեներից մեզ համար պարզ դարձավ մի բան՝ Արաքս Դավթյան երգչուհուն քիչ է լսելը, նրա հետ պետք է զրուցել։ Մեր առաջին ու վերջին՝ «Ո՞րն է արվեստագետի Ձեր դավանանքը» հարցին, երգչուհին, ինչպես իր երգարվեստում, շեղումների ու մոդուլյացիաների միջոցով արտահայտեց իր մտքերը սահուն ու գեղեցիկ եւ, իհարկե, վերջում լուծելով մաժոր տոնայնությունում։ «Բոլոր արվեստագետների նպատակը նույնն է՝ մարդկայնացնել մարդուն։ Տարբեր են այդ նպատակին տանող ուղիները. դրանք անթիվ-անհամար են, ինչպես անթիվ-անհամար են մարդուն այլասերող գործոնները։ Արվեստը կոչված է մարդուն փրկելու ինքն իրենից՝ իր պղտոր, կենդանական բնազդներից, սպանելու, կործանելու կույր մոլուցքից։ Արվեստը շատացնում է Աստծո տված գեղեցիկը։ Բոլոր դարերում արվեստագետներին զատել են ըստ մասնագիտությունների, մինչդեռ, ըստ իս, արվեստագետներ են բոլոր նրանք, ովքեր շատացնում են կյանքի գեղեցիկը։ Արվեստագետի իմ դավանանքը, իմ գործը ծառայությունն է երգին։ Այսօր շատ ենք լսում, որ հայերս համաշխարհային մշակույթի հետ երկխոսություն ենք վարում հավաստի իրավունքով, վերցնում ենք այն, ինչ հոգեհարազատ է, եւ վերցրածի դիմաց տալիս ենք հոգեւոր կերտվածքի, հանճարի դրոշմը կրող արժեքներ։ Միշտ այսպես է կայացել մեր արվեստի պատմական ընթացքը, միշտ՝ մարդկային մշակույթի մայրուղու մեջ, որին մասնակցել ենք ոչ իբրեւ սպառող, այլ՝ փայատեր։ Սա մեր մշակույթի կենսակերպն է, որ հազարամյակների քննությունն է բռնել եւ այսօր էլ վերանայման ոչ մի պահանջ չի հարուցում։ Սակայն, մի բան պետք է հաստատ վերանայել, որի անունն է՝ ֆինանս։ Վերջինիս «շնորհիվ», երեւի թե, հասկանալի պատճառով, այստեղ համերգներ չեմ ունեցել շուրջ մեկ տարի։ Վերջին համերգս եղել է Մարսելում, Ուկրաինայի ազգային նվագախմբի հետ։ Ամերիկայում հրատարակվել է իմ լազերային սկավառակը։ Ճանաչված կինոռեժիսոր Ռուստամ Խամդամովի հրավերով նկարահանվեցի «Վոկալի զուգահեռներ» ֆիլմում։ Մեծ սիրով դասավանդում եմ կոնսերվատորիայում։ Այնպես որ, ապրում եմ արվեստագետին հատուկ, ես կասեի, բուռն կյանքով։ Իսկ ականջիս հասնում են շշուկներ, թե Արաքսը չկա, որտեղ ա՞…»։ Հավաստի տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի վերջին երգչուհին Երեւանում հանդես կգա ղազախ երգիչ Էրիկ Կուրմանգալիեւի հետ, որն օժտված է անկրկնելի ձայնային տվյալներով։ Նա այն եզակի մարդկանցից է աշխարհում, ում ձայնի տեմբրը գտնվում է կանացի եւ տղամարդու ձայների սահմանագծերին՝ ալտինա։ Ֆիլհարմոնիկ մեծ սրահում կկատարեն արիաներ եւ դուետներ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել