Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի սկզբին Երեւանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի սեմինար, որին ներկա են եղել մեր մի շարք քաղաքական

Դեկտեմբեր 26,2001 00:00

Բժիշկը կասեր՝ ձեռքբերովի ամնեզիա Դեկտեմբերի սկզբին Երեւանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի սեմինար, որին ներկա են եղել մեր մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր, հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո խիստ քոչարյանամետ դարձած Գուրգեն Եղիազարյանը։ Վերջինս, շեղվելով սեմինարի բովանդակությունից, բուռն ելույթ է ունեցել ՀՀՇ-ի դեմ, ասելով, թե ՀՀՇ-ն 1995թ. թալանել է պանրի գործարանը։ Այդ պահին «Արմատ» կենտրոնի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատել է, որ ամենեւին էլ ճիշտ վայր եւ առիթ չի ընտրել Գ. Եղիազարյանը՝ իր ներքաղաքական մանր ու նեղ ինտրիգների համար։ Ստեփան Գրիգորյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին խորհուրդ է տվել նման հայտարարություններով հանդես եկող քաղաքական գործիչներին միշտ հարցնել, թե մինչեւ 98 թիվը ինչ պաշտոն են զբաղեցրել նրանք։ Ս. Գրիգորյանը նաեւ ՆԱՏՕ-ականներին հիշեցրել է, որ սույն հայտարարության հեղինակ Գուրգեն Եղիազարյանը մինչեւ 98 թիվը եղել է Հայաստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները սա լսելով, մեղմ ասած, ապշել են, իսկ Գ. Եղիազարյանը շառագունել է՝ բազուկի գույնի աստիճանի։ Այսօր ամեն վայրկյան իշխանությունները նախկինների ու ներկաների են բաժանում քաղաքական դաշտը։ Մի քիչ ուղեղին զոռ տալու դեպքում դժվար չէ հիշել, որ այսօրվա բարձրագույն պաշտոնյաների մեծագույն մասը նախկինում էլ իշխանություն էր, սկսած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանից։ Այդ թվում ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը երկար տարիներ ՆԳ առաջին փոխնախարար էր եւ Վ. Սիրադեղյանի օրոք է դարձել գեներալ-մայոր։ ՀՀ կառավարության անդամ, ՀՀ պետեկամուտների ներկա նախարար Երվանդ Զախարյանը մինչեւ 98 թիվը էներգետիկայի փոխնախարար էր. շատերը չեն մոռացել, թե ինչու էր Ե. Զախարյանը երկար ժամանակով ճողոպրել Հայաստանից։ Հ. Բագրատյանն իր վարչապետության օրոք հայտարարել էր, որ Ե. Զախարյանին անմիջապես կարելի է ձերբակալել եւ հրահանգել էր ուսումնասիրել նրա գործունեությունը։ Ե. Զախարյանն, այնուամենայնիվ, 98-ից հետո այս իշխանությունների օրոք դարձավ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, այժմ արդեն ՀՀ պետեկամուտների նախարար։ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը մինչեւ 98թ. ՀՀ տրանսպորտի նախարար էր, այժմ՝ մարզպետ։ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը ՀՀ շինարարության նախարար էր, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների կոմիտեն նախագահող Գագիկ Մարտիրոսյանը նախկինում ՀՀ էներգետիկայի նախարարն էր, որի տեղակալներից էր Երեւանի ներկայիս քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Այս շարքն անընդհատ կարելի է լրացնել։ Հիմա ո՞վ է նախկինը, ո՞վ ներկայիսը։ Եվ նախկին ասելով այսօրվա բարձրաստիճան ղեկավարներն ո՞ւմ նկատի ունեն։ Փաստորեն՝ էլի իրենք իրենց։ Ա. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել