Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ «ԱՉՈԿ» Է ՀԱՎԱՔՈՒՄ

Փետրվար 23,2002 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԸ «ԱՉՈԿ» Է ՀԱՎԱՔՈՒՄ Հանրապետականների «ներկաքողարկումն» ամենահաջողվածը, ուստիեւ՝ ամենավտանգավորն է գործող նախագահի համար Ներքաղաքական դաշտը, փաստորեն, առավել լղոզվեց առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու Քոչարյանի հայտարարությամբ։ Միաժամանակ դրանով «վերեւներին» ազդարարվեց նախագահական ընտրությունների մեկնարկը, ինչը նշանակում է, որ երկրի օլիգարխը լծվեց նախընտրական խաղի քաջածանոթ կոմբինացիաներին՝ սակայն, զարմանալիորեն, խիստ գաղտնաքողարկված։ Թվում էր՝ նախագահի հայտարարությունը պիտի շռնդալից արձագանք գտներ. քոչարյանամետ կամ գոնե իրենց այդպես ներկայացնող կարեւորագույն ուժերը, իրարից առաջ անցնելով, պետք է օր առաջ շտապեին հավատարմության երդում տալ գործող նախագահին։ Մինչդեռ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի «խոստովանանքից» զատ՝ առայժմ ոչ մի քաղաքական լուրջ ուժ չի շտապում պաշտպանել գործող նախագահին։ Չեն շտապում ԱԺՄ-ն, «Օրինաց երկիրը», ԻՄ֊ը եւ գրպանային այլ կուսակցություններ։ Սպասում են անգամ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, որոնք նախագահի «առաջին ֆավորիտ» դառնալու համար մինչ այժմ միմյանց կոկորդ էին կտրում (իհարկե, սա խուլ ու համր պայքար է)։ Սա տրամաբանորեն ենթադրել է տալիս, որ իշխանությունների ներսում տեղի է ունենում մեկ այլ խմորում, ինչն առայժմ թույլ չի տալիս նախագահի շուրջ միավորումը։ Նախագահին այս պահից անվերապահորեն պաշտպանելու դեպքում, ըստ երեւույթին, որոշ ուժեր չեն բացառում նաեւ «փշալարերից կախվելու» վտանգը։ Ու քանի որ նախընտրական այս սակարանում բոլորովին տեղ չեն զբաղեցնում գաղափարական կամ սկզբունքային խնդիրները, մնում է ենթադրել, որ գործող ուժերը չեն շտապում նաեւ այն պարզ կենցաղային մոտեցմամբ, ըստ որի՝ ընտրությունները մոտենալուն զուգընթաց, կոպիտ ասած, «ծախվել» կարելի է ավելի թանկ։ Քանի որ, ի գիտություն նախագահի, ձրին միայն մկան թալակի պանիրն է։ Եվ այս իմաստով «բացառիկության» է հավակնում հատկապես Հանրապետական կուսակցությունը։ Իսկ ինչու՝ ոչ. չէ՞ որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին այս կարճ միջոցում հաջողվեց իրականացնել կադրային աննախադեպ քաղաքականություն՝ իշխանական թեւերում ամենացածր օղակներից մինչեւ ամենավերինները համալրելով հանրապետականներով։ Սա գրեթե նույնանում է ՀՀՇ-ի գործելակերպին, երբ կադրեր էին ընտրվում՝ «թեկուզ պոլի փետ, բայց մերը լինի» սկզբունքով։ Ու որքան էլ ներկայիս վարչապետը վարչապետի նման չլինի, այլ՝ նախագահի վեզիրի, միեւնույն է՝ նա արժանի խաղաց իր խաղը՝ իբրեւ հանրապետական։ Այս իմաստով նույնիսկ հարյուրամյա խարդավանքների մեջ կոփված ՀՅԴ-ն զիջեց։ Իսկ Հանրապետականի այս եղանակով՝ ներքեւից վերեւ, ամրացումը, արդեն պարզ է դառնում, թանկ է նստելու նախագահին, որն, ի դեմս այս վարչապետի, տեսնում էր ընդամենը խոնարհ ծառայի։ Մինչդեռ նախագահի կողմից նշանակված եւ նրա կողմից պաշտպանվող վարչապետն ամենեւին էլ չի շտապում հայտարարել, թե իր կուսակցությունը կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը, առաջին՝ Քոչարյանը թող աչքի առաջ ունենա, որ մինչեւ ընտրություններն իրեն պաշտոնանկ անելով (ինչի մասին շատ է խոսվում)՝ իր կուսակցությունը ձայնը չի տա, եւ երկրորդ՝ տեղ է թողնում. ի՞նչ իմանաս՝ քաղաքական զարգացումները Հանրապետականին կստիպեն ում գիրկը նետվել, ուրեմն՝ ինչո՞ւ շտապել… Այսպես, իհարկե, մտածում են նաեւ մյուս կուսակցությունները, բայց հանրապետականների դեպքում, առավել եւս, ունենալով գործող վարչապետ, սա բացառիկ անբարոյականություն է, թեեւ, խոստովանենք, նախագահին արժանի հարված։ Ու քանի որ ի սկզբանե խաղի կանոնները կեղտոտ էին (մասնավորապես Մարգարյանի վարչապետ նշանակվելու հանգամանքները, իսկ ավելի որոշակի՝ նրա «գունափոխումը» հոկտեմբերի 27-ից մինչեւ վարչապետ դառնալու պահը եւ դրանից հետո), այդ խաղն այսօր էլ շարունակվում է, բայց արդեն միայն՝ հօգուտ Հանրապետականի: Ընդ որում՝ վարչապետը վերջին շրջանում (իսկ գուցե նաեւ ավելի վաղ) ձեռք է բերել կարեւոր դաշնակից՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որը փորձում է հանրապետականների միջոցով հակակշիռ ստեղծել իրեն Քոչարյանի միակ հենարան համարող Դաշնակցությանը։ Վերջինիս քայլը ոչ այնքան Քոչարյանի դեմ կամ Մարգարյանի կողմ է, որքան՝ ինքնապաշտպանողական-ինքնապահովման առողջ բնազդ։ Թերեւս շատերն են սրանով պատճառաբանում ներկայիս վարչապետի երկարակեցությունը. դժվար է պատկերացնել Սերժ Սարգսյանի՝ նախագահից հետո «երկրորդ մարդ» լինելու իրողությունը, եթե գործադիր իշխանության ղեկը տրվի ռեւանշի ձգտող Դաշնակցությանը կամ նրա համակիրներին, ասենք, Արտաշես Թումանյանին, որի անունը վերջերս հաճախ է շրջանառվում։ Իսկ իրեն՝ Սերժ Սարգսյանին, վարչապետական աթոռն այս պահին անհարկի բեռ է, այնինչ դե ֆակտո անսահմանափակ է նրա իշխանությունը եւ, անկասկած, ավելի անկապանք, քան վարչապետինն ու նույնիսկ նախագահինը։ Եվ արդյո՞ք Սերժ Սարգսյանը չէր այն որոշիչ գործոնը, որ վարչապետը հրապարակավ հերքում պահանջեց իր փոխկուսակցապետ Տիգրան Թորոսյանից, թե իրենք չեն որոշել՝ առաջիկա նախագահական ընտրություններում ում կպաշտպանեն։ Ավելի սպանիչ քայլ նախագահի նկատմամբ չէր կարող լինել: Իսկ թե ժամանակն ո՞ւմ օգտին է աշխատում, հետեւություններ, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանն ու իր նեղ շրջապատը արած կլինեն. այն մասին, որ իր աթոռն այնպես քնքշորեն սիրող նախագահը պետք է օր առաջ ազատվի այս վարչապետի ծառայությունից։ Վերջինս առավել վտանգավոր է դառնալու բուն ընտրության նախաշեմին, երբ նախագահը ստիպված կլինի ընդառաջել անհասկանալի բարբառող վարչապետի ցանկացած պահանջին։ Մինչդեռ վարչապետի տնտեսական քաղաքականությունն այսքան ժամանակ պաշտպանելուց հետո իրոք դժվար է լուրջ հիմնավորումներ գտնել նրանից ազատվելու համար։ Նաեւ այլեւս կասկած չկա, որ առաջին իսկ պատեհ առիթի դեպքում վարչապետը կշրջվի դեպի ծանրության նոր կենտրոնը, եթե հինն այլեւս դադարի այդպիսին լինելուց։ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել