Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկի նպաստը կտրվի, մեկի թոշակից մի քիչ «խուզվի»

Փետրվար 26,2002 00:00

«Մեկի նպաստը կտրվի, մեկի թոշակից մի քիչ «խուզվի» Հավանաբար, այսպես կարտահայտվեր միջնադարի հայ բանաստեղծ Ֆրիկը՝ ներկայումս իրականացվող «սոցիալական բարեփոխումների» առնչությամբ։ Դեռեւս 2001թ. նոյեմբերին Վանաձորի Երկաթուղայինների ակումբում հանդիպման ժամանակ վանաձորցիները դժգոհեցին ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանին, թե հունվարից ավելացող թոշակների հետեւանքով նպաստառուներից շատերը կզրկվեն նպաստից, քանի որ այդ չնչին ավելացումից հետո, այնուամենայնիվ, շատերի թոշակները կհատեն 5000 դրամի սահմանը։ Պետք է խոստովանել, որ Պ. Հայրիկյանը տեղին համարեց բողոքը եւ ընդամենը մի քանի օր անց, հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր, որ չի կարելի թույլ տալ նման անարդարություն։ Ընդամենը վերջերս, սակայն, պարզվեց, որ սոցիալական համապատասխան մարմինները հաշվի չեն առել Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ այդ առթիվ միջնորդությունը եւ ժողովրդին ի վնաս է հաշվարկվում նպաստների հասցեագրումը։ «5000 դրամով ապրել կլինի՞, որ 5000-ի հասնելու դեպքում նպաստը կտրում են», «Էդ 5000 դրամը իրենց մի օրվա սիգարետի փողն ա»,- դժգոհում են նպաստից զրկվածները՝ այդօրինակ որոշում կայացնողներից։ Ընդհանրապես, պետք է նկատել, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից ժողովրդանպաստ այլ հարցեր էլ են առաջ քաշվել, սակայն դրանք էլ, որպես կանոն, մնացել են անարձագանք՝ «վերին» իշխանության (գործադիր եւ օրենսդիր) կողմից։ Ահավասիկ. օրենքի մի նախագիծ էլ ներկայացվել էր ԱԺ. քրեական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, որոնց մեղքով ուշանում են թոշակները, աշխատավարձն ու նպաստը։ Օրենքի այդ նախագիծն այդպես էլ ուշադրության չարժանացավ, ուստի շարունակում են անթույլատրելի չափերով ուշանալ զանազան բնագավառներում պետական վճարումները։ Մնում է զարմանալ, թե ո՞րն է այս պայմաններում Մարդու իրավունքների հանձնաժողովի դերը, եթե վերջինիս բարձրացրած հարցերը իրավական լուծում չեն ստանում։ Եվս մեկ նորույթ՝ «սոցիալական բարեփոխումների» բնագավառում։ Պարզվում է, 1996-99թթ. աշխատանքային ստաժը հաշվի չի առնվելու՝ 2002թ. հունվարից կենսաթոշակների ավելացման ժամանակ, իսկ դրա հետեւանքով կենսաթոշակառուները կզրկվեն շուրջ 240 դրամից։ Փաստորեն, կենսաթոշակների ավելացումը էական ոչինչ չի տալիս թոշակառուներին, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ 5000 դրամի սահմանը հատելու դեպքում էլ նպաստն է կտրվում, ինչպես նաեւ հավելենք հեռախոսային րոպեավճարի կիրառումը, վարձերի ծանր բեռն ու մթերքների գների պարբերական աճը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել