Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տարիները՝ թոշակառուների հաշվին

Փետրվար 27,2002 00:00

Նոր տարիները՝ թոշակառուների հաշվին Այսօր Երեւանում էլցանցի որոշ հսկիչներ ամսվա վերջում (հատկապես նոր տարվա), օգտվելով սպառողի բացակայությունից, դրամ շորթելու անբարո ավանդույթ են որդեգրել։ Ձեր ուշադրությանը ներկայացնեմ 2001, 2002թթ. ինձ հետ կատարվածը։ Իմ բնակարանում 1999, 2000թթ. հունվարին 167 եւ 220 կվժ էներգիա սպառած չնչին կենսաթոշակ ստացող 2 մանկավարժ թոշակառուներս հաջորդ՝ 2001 եւ 2002թթ. հունվարին, առանց գրպանի հետ հաշվի նստելու, ագահաբար «ծախսեցինք» ամսական համապատասխանաբար՝ 584 եւ 507 կվժ, նախորդ տարիների հունվար ամիսներին ծախսածից գերազանցելով 704 կիլովատով կամ 17650 դրամով։ Դա այն դեպքում, երբ մեզանից (2000թ. հունվարին) մեկը հիվանդության պատճառով պառկած է եղել 3-րդ հիվանդանոցում (ներկայացված է տեղեկանքը), իսկ ես, հիվանդանոցում խնամելով նրան, զբաղվել եմ ոչ թե նոր տարվա առիթով խոճկոր տապակելով, ինչպես սիրում են ծախսատար նոր տարվան վերագրել լույսի մարդիկ, այլ գոտեպնդվել եմ ձախորդ օրերը հաղթահարելու հույսով։ Մի քանի փաստ եւս։ Հիշյալ տարիներին խոհանոցում եղել է հեղուկ գազ, ձմռան ցրտաշունչ ամիսներին անջատված է եղել սառնարանը, տաքացվել է միայն մեկ սենյակ։ Սույն ահազանգը ուղղված է ցանցի «Կոնդ» մասնաճյուղի հսկիչ Լյովա Բաբելյանին, որն իր չարաշահումները կոծկելու համար ունի «համոզմունք», բայց ինչքան էլ երդվի, թե անմեղ է, միեւնույն է, շորթման փաստերը խոսուն են։ Երկու ամանորի ընթացքում կատարված անբարո քայլերի մասին բողոքել եմ ոչ միայն հեղինակին, այլ նաեւ էլցանցի եւ նախարարության ղեկավարներին։ Առաջինը վերագրում է հարեւաններին, մյուսները (Խաչատրյան)՝ էլցանցին, որ իբր նոր տարվա նախօրյակին մեզ անհայտ մարդիկ բարձրացնում են էլեկտրաէներգիայի լարվածությունը, երրորդը արհամարհում է բողոք-ահազանգը եւ հարցմանը պատասխանում. «Փոխնախարարը ձեզ ընդունել չի կարող»՝ մի դեպքում՝ ընդունելության օրեր չունենալու, երկրորդ դեպքում՝ հիվանդ է եւ այսպես ժամանակին բնորոշ մտացածին հորինվածքներով։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես պայքարենք կոռուպցիայի կամ էլեկտրաէներգիայի 50-60 միլիոն դոլարի հափշտակման դեմ, երբ մասսայական բնույթ ստացած էլեկտրաէներգիայի հաշվիչների պտտման կամ այլ ճանապարհներով ազգաբնակչության 20%-ը հարստանում է եւ միլիոններ դիզում, իսկ աղքատներն ու անօգնական թոշակառուները՝ «դառը դատում-դատարկ նստում»։ ԱՇՈՏ ԱՄԻՐՅԱՆ ՀՀ վաստակավոր ուսուցիչ, պատերազմի եւ աշխատանքի վետերան Խնդիրն այն է, որ բնակիչների բողոքների հիմնավորվածությունը ստուգելու հավաստի մեխանիզմ չկա, այդ պատճառով էլ երեւույթը (բողոքը) եզակի չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել