Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՐԸ

Մարտ 01,2002 00:00

ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՐԸ 35 տարի առաջ Հայաստանում գարնան գալուստը նշանավորվեց նոր ամսագրի ծնունդով, որի անունը՝ «Գարուն», լիովին համահունչ էր նրա բերած թարմությանը, նոր մտքերի, գաղափարների, նոր ոճի եւ նոր էներգիայի հոսքին։ Այն ժամանակվա մամուլի ընտրանու մեջ «Գարունն» անմիջապես ունեցավ իր առանձնահատուկ տեղը, իր ընթերցողին եւ մինչ օրս իրեն հատուկ հզոր հնչեղությունը։ Այս 3,5 տասնամյակի ընթացքում «Գարունը» երբեք չդավաճանեց իր՝ առաջին իսկ օրից որդեգրած սկզբունքներին, երբեք չդարձավ այս կամ այն խմբավորման, կուսակցության կամ անձի խոսափողը։ Միշտ քայլեց ժամանակի հետ՝ շոշափելով ժամանակի զարկերակը։ Այսօր «Գարունը» Վարդգես Պետրոսյանից, Անժիկ Հակոբյանից, Մերուժան Տեր-Գուլանյանից եւ Լեւոն Անանյանից հետո գլխավորում է թվով 5-րդ խմբագիրը՝ Վարուժան Այվազյանը։ Նրա հետ զրուցեցինք «Գարունի» անցյալից ու ապագայից, մնալով ներկայում։ – Երբ 1967-ին Վարդգես Պետրոսյանը ստեղծեց «Գարունը», անմիջապես հաջողություն ունեցավ, որովհետեւ հասունացել էր պահը, երբ պիտի ստեղծվեր երիտասարդների համար, երիտասարդների հայացքները ներկայացնող եւ երիտասարդների ջանքերով ծնունդ առած ամսագիր։ Ամսագիրն ի սկզբանե դրեց իր խնդիրները եւ միշտ մնաց այդ խնդիրների տերը։ Այդ ժամանակ ազգային զարթոնքի մի բռնկում էր, եւ տաղանդավոր մարդկանց մի բույլ՝ Մուշեղ Գալշոյան, Մարգո Ղուկասյան, Ալեքսանդր Թոփչյան, խմբվելով Վարդգես Պետրոսյանի շուրջը, ստեղծեցին իրենց ոճը, իրենց ձեռագիրը։ Ամենահրատապ թեմաներն արծարծվում էին «Գարունում», եւ «Գարունը» միանգամից դարձավ իր ժամանակի տերը։ – Հզոր անհատականությունների համախումբ է եղել «Գարունը» միշտ։ – Այո, «Գարունը» միշտ եղավ իր ժամանակի տերը, եւ «Գարունի» դերը շատ մեծ էր։ 100 հազար բաժանորդ ուներ, նրանով սերունդներ էին դաստիարակվում։ Սիրված, փնտրվող ամսագիր է առ այսօր։ Եվ ամեն նոր խմբագիր, բացի իր ժամանակի խնդիրներն առաջադրելուց, բերեց իր դեմքը, իր ինտելեկտը, իր ոճը, իր ձեռագիրը, բայց անհատականությունների պակաս երբեք չզգաց «Գարունը»։ «Գարունի» միջավայրից դուրս եկան 88-ի շարժման շատ առաջնորդներ։ Թե ով ինչքանով հաջողեց իրականացնել այն նպատակները, որ դրել էին իրենց առաջ, այլ խնդիր է, բայց կամքը, ազատության ու մշակութային անկախության տենչը՝ ինչ-որ լուրջ բան անել, ինչ-որ բան փոխել ու իրենց հոգեւոր ունեցվածքը ստեղծել այս երկրի համար, «Գարունի» պատերի ներսում էր ծնվում։ – Չնայած այդ ամենին, հարթ ու անփուշ չի եղել, չէ՞, «Գարունի» ճանապարհը։ – Ինչ խոսք, խոչընդոտներ եւ խութեր շատ ունեցավ իր ճանապարհին։ Ժամանակին «Գլավլիտ» կոչեցյալ հաստատությունը կար։ Եվ պարտադիր յուրաքանչյուր համարը մի 10 օր քրքրվում-նայվում էր, բայց էլի գտնում էինք ինչ-որ ելք, որ գոնե ինչ-որ մի բան անեինք։ Եղավ դեպք, որ համարն արգելվեց։ Գրիգոր Գուրզադյանը տպել էր «Նարեկացու աղերսանքը» էսսեն, որը չթույլատրվեց, հատվածներ հանեցին, համարը նորից տպվեց։ Բայց փորձում էինք հաղթահարել այդ խութերը եւ կարողացանք, անցանք առաջ։ «Գլավլիտի» առկայությամբ արեցինք ավելին, քան կարող էր ցուցանել որեւէ նման հիմնարկ: – «Գարունի» մասին խոսել ու չպատմել «Ապոլոնի» մասին, երեւի թե չի կարելի։ – «Գարունի» խմբագրի սեղանին միշտ լիքը ձեռագրեր կային՝ թարգմանական եւ հայ հեղինակների։ Ծավալուն էին եւ ամսագրում տպագրել հնարավոր չէր, բայց լավ գործեր էին. ափսոս էր չտպագրելը։ Այդ ժամանակ էլ հենց ծնվեց «Ապոլոնի» գաղափարը։ Լեւոն Անանյանի ջանքերով 90-91 թթ. ստեղծվեց «Ապոլոնը»։ Սկսեցինք տպագրել թարգմանական գործեր։ Այսօր արդեն մոտ 200 անուն գիրք՝ արտասահմանյան գրականություն, ունենք հրատարակված։ Այսօր համալսարանի բանասիրականի եւ ռոմանա-գերմանականի ուսման լրիվ ծրագիրը մենք թարգմանել եւ հրատարակել ենք։ Մի քանի գիրք է պակասում, որոնք այս տարի կլինեն։ – Իսկ ովքե՞ր են թարգմանում «Ապոլոնի» հրատարակած գրականությունը։ – «Գարունի» ստեղծման պահից կարծես դաստիարակվում էր թարգմանիչների մի սերունդ, երիտասարդ մարդիկ, ովքեր լեզու գիտեին եւ սիրով թարգմանություններ էին անում։ «Ապոլոնի» համար էլ հիմնականում երիտասարդ թարգմանիչներ էին աշխատում։ Ճիշտ է, մենք ավագ սերնդին էլ չմոռացանք, բայց նոր սերունդը նոր մոտեցում էր ցուցաբերում։ Եվ մենք նրանց հետ միասին բարձր որակով իրականացրեցինք այդ խնդիրները։ Նույնիսկ գիտական աշխատություններ են գրվել՝ «Ապոլոնի» թարգմանական ոճը» թեմայով։ Եվ «Ապոլոնի» միջոցով, այն գումարներով, որ գոյանում էին գրքերի վաճառքից, կարողանում էինք ծանր տարիներին պահել «Գարունը», գարունականներիս ամենաիրական դեմքը։ – Այն «Գարունը», որ բազմահազար տպաքանակով էր լույս տեսնում, բոլորիս է ծանոթ։ Հետո, իհարկե, վատ ժամանակներ եկան, թերթերն ու ամսագրերը կորցրին իրենց երբեմնի պահանջարկը։ Այսօրվա «Գարունը» ի՞նչ հոգսեր ու անելիքներ ունի, ի՞նչ տպաքանակով է ներկայանում իր ընթերցողին։ – Տպաքանակը փոքր է՝ 1500-2000 օրինակ։ Այս տարվա առաջին համարն էլ ուշանում է, մարտի կեսերին կտպագրվի՝ մի քիչ այլ ոճով, այլ դեմքով։ Փորձելու ենք մեր մշակույթը, մեր գրականությունը դուրս բերել։ Ի վերջո, այդքան արտասահմանյան գրականություն տպագրելով, մենք ոչ միայն նրանց էինք ծանոթանում, այլեւ ինքներս մեզ էինք ճանաչում նրանց հայելիով, եւ տեսանք, որ մենք ոչնչով չենք զիջում, երբեմն նաեւ առավել ենք ե՛ւ մեր պատմությամբ, ե՛ւ մեր մշակույթով։ Հնագույն եւ մեծ մշակույթ ունենք, որն անհրաժեշտ է ներկայացնել դրսին։ Ամսագրի մեջ մեր հայ գրողների ստեղծագործությունների փոքրիկ հատվածներ, փոքրիկ նմուշներ ենք ներկայացնելու թարգմանաբար՝ անգլերեն, որ դրսի ընթերցողը որոշակի կարծիք, տպավորություն ստանա եւ կապվի մեզ հետ։ Եթե իմանանք, որ որեւէ մեկն ուզում է տպագրել, ասենք՝ Աղասի Այվազյանի գործերը, կարող ենք բանակցել, թարգմանել եւ հանել դուրս։ – Այդ դեպքում, անխուսափելիորեն անհրաժեշտ է, որ «Գարունն» ունենա իր «Ինտերնետային» էջը։ – Անշուշտ, եւ մենք հիմա աշխատում ենք դրա վրա, այս տարվա առաջին համարն արդեն կհայտնվի «Ինտերնետում»։ – Այդպիսով, Դուք նաեւ մեր գրականության պահանջարկն եք ստուգում դրսում։ – Այո, ստուգում ենք պահանջարկը, միաժամանակ փորձում գտնել գործընկերներ դրսից։ Հիմա ֆրանսիական մի քանի մեծ հրատարակչություններից ստանում ենք տարվա ծրագրերը, մեզ առաջարկներ են անում, ուղղակի առայժմ որոշ ֆինանսական բարդությունների պատճառով չենք կարող ընդառաջել։ Սակայն քայլեր արվում են, եւ ամեն ինչ դեռ առջեւում է։ – Լավ, իսկ որոշակի՝ մարտյան՝ հոբելյանական համարում ի՞նչ եք նախատեսել։ – Սկսում ենք մի քանի նոր շարքեր. մեր սկիզբը 2002 թ. առաջին համարն է, մարտը մեր «ծննդյան» ամիսն է։ «Համաշխարհային վիպակ» շարք ենք սկսել, յուրաքանչյուր համարում մի վիպակ՝ ընտրանի, իսկ տարեվերջին կարող է հաջողվի՝ հրատարակենք այդ ժողովածուն՝ «20-րդ դարի վիպակ»։ Առաջին համարում կլինի Ռոդենբախի գործը։ Եվս մի շարք՝ «Երեւանի թաղերը», կներկայացնի մայրաքաղաքի տարբեր թաղերի մթնոլորտը, առօրյան, հոգսերն ու խնդիրները։ Առաջին համարում անդրադառնալու ենք Դավիթաշենի խնդիրներին։ «Համեմատական աստվածաբանություն» շարքում ներկայացնելու ենք կրոնները, դրանց տեսությունները, դերը, բնույթը, որպեսզի հայ ընթերցողը կարողանա ճիշտ կողմնորոշվել, քանզի միշտ էլ խարխուլ են հավատի վեմերը։ Առանց որեւէ վերաբերմունք արտահայտելու ցույց ենք տալու այս կամ այն կրոնի դեմքը։ «Փիլիսոփայական հոգեբանություն» շարքում գիտական պատշաճ մակարդակով, հոգեբանական, մշակութաբանական եւ փիլիսոփայական կտրվածքով կներկայացվեն երիտասարդներին հուզող հարցեր՝ սեռական կյանքից մինչեւ մշակութահոգեբանական տարբեր խնդիրներ։ Եվ ինչ խոսք, շարունակելու ենք «Նոր անուններ» շարքը, որը եղել է «Գարունի» հիմնադրման օրվանից, եւ նրա առանցքային նպատակներից մեկը՝ գտնել շնորհալի երիտասարդներ եւ տեր կանգնել նրանց։ Ծրագրերը շատ են, հիմա դժվար է բոլորին անդրադառնալը, բայց հուսով եմ, որ «Գարունի» ընթերցողը, ինչպես 35 տարի առաջ, այսօր էլ նրա էջերում կգտնի իրեն հետաքրքրող եւ հուզող շատուշատ հրապարակումներ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել