Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՆՑՈՏԻՆԵՐԸ ԿԱՐԿԱՏԵ՞ՆՔ, ԹԵ՞…

Մարտ 13,2002 00:00

ՑՆՑՈՏԻՆԵՐԸ ԿԱՐԿԱՏԵ՞ՆՔ, ԹԵ՞… Չարենցի տուն-թանգարանին մի քիչ էլ է փող պետք՝ «նոր հագուստի» համար, իսկ «կարկատանի» գումար կա Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։ Եվ վերջին տարիների ընթացքում սա առաջին հոբելյանն էր, որ Չարենցի տուն-թանգարանը չնշեց որեւէ կերպ։ Պատճառը պարզ է եւ պրոզայիկ՝ տուն-թանգարանը փետրվարի 20-ից կանգնել է վերանորոգման։ Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող մշակութային օջախների նորոգման ծրագրում նաեւ այս շենքն է ընդգրկված։ Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, սակայն, մտահոգ էր. «Վերանորոգման համար հատկացված գումարը սահմանափակ է, եւ շինարարները մի կերպ պիտի տեղավորվեն այդ սահմաններում։ Շատ բաներ ուղղակի դուրս են մնում։ Ինչ խոսք, բոլորս՝ նաեւ այդ ծրագիրն իրականացնողները, ուզում ենք, որ թանգարանը դառնա այնպիսին, ինչպիսին ժողովուրդը կկամենա տեսնել Չարենցի օջախը։ Բայց ֆինանսների սղության պատճառով մի շարք կարեւոր բաներ չենք կարող անել»։ Տիկին Հակոբյանի ներկայացմամբ, շենքի վերանորոգման վրա ծախսվող 20-23 մլն դրամին եթե գումարվեր եւս մի 10 հազար դոլար, թանգարանը լիակատար նորոգման կենթարկվեր, իսկ այսպես ստացվում է՝ «կարծես հին, ծվեն-ծվեն եղած շորին նոր կարկատաններ ենք դնում, այն դեպքում, երբ ուղղակի կարելի էր լրիվ նորը կարել»։ Գումարը չի բավականացնում մասնավորապես առաստաղների նորոգման համար. «Առաստաղներն ահավոր վիճակում են։ Հիմա դրանք քանդել, դեմոնտաժել, նորից ավելի ժամանակակից, ամուր եւ գեղեցիկ շինանյութով կառուցել չենք կարող։ Ծրագրում դա հաշվարկված չի։ Կամ ասենք՝ շքամուտքը։ Շատ անորակ պատրաստված, քարերը լրիվ ճաքճքված են, հիմա շքամուտքն ամբողջությամբ նորոգելու, բացարձակ նոր ձեւով մոտենալու, քարերը փոխելու համար նույնպես գումար է պետք, ինչը եւս նախատեսված չի եղել։ Բացի այդ, անհրաժեշտ է, որ թանգարանի ամբողջ շրջակայքը ջրամեկուսացվի, բայց ծրագրով նախատեսված է միայն շենքի մի կողմի ջրամեկուսացումը, իսկ մյուս երեք կողմերինը՝ ոչ»։ Սա դեռ բոլորը չէ։ Փորձված բան է՝ վերանորոգման ընթացքում բազմաթիվ նորանոր խնդիրներ եւ հարցեր են ծագում (գրեթե այնպես, ինչպես ախորժակն է ուտելիս բացվում), որոնք ի սկզբանե չեն ծրագրվել։ Եվ հաճախ շինարարներն ու պատվիրատուն կանգնում են երկմտանքի առջեւ՝ եղած միջոցներով լղոզել-անցկացնե՞լ, թե՞ գտնել նոր միջոցներ՝ ամեն ինչ հիմնովին անելու համար։ Թանգարանի նորոգման ժամանակ էլ պարբերաբար նման հարցեր են ծագում։ Օրինակ, սանհանգույցի հախճասալիկները քանդելիս՝ նորը ամրացնելու նպատակով, պատը փլվել է, որովհետեւ «իր դարն ապրած, փտած պատ է, հիմա շինարարն ի՞նչ անի՝ պատը նորից պիտի շարի, չէ՞, բայց ո՞վ պիտի դրա համար վճարի»։ Ըստ էության, ծրագրով նախատեսված է եղել սանհանգույցի խողովակների եւ էլեկտրական հաղորդալարերի փոխումը, նաեւ՝ ներքին հարդարումը։ Բայց տիկին Հակոբյանը իրավացիորեն կարծում է, որ նման մեծամասշտաբ գործ ձեռնարկելն այնքան հազվադեպ է լինում, որ ճիշտը՝ միանգամից եւ հիմնովին բոլոր կարիքները հոգալն է՝ «անելուց հետո ամեն ինչ հիմնովին անենք»։ Այդ թվում՝ «շենքի արտաքին տեսքից, դեռ հեռվից պիտի երեւա, որ դա թանգարան է, ոչ թե սովորական բնակելի շենք»։ Տիկին Հակոբյանը կոչ արեց բոլոր չարենցասերներին, բոլոր նրանց, ում հուզում է Չարենցի թանգարանի վիճակը, որպես մեր քաղաքի լավագույն մշակութային օջախներից մեկը, օգնության ձեռք մեկնել. «Եթե գտնվեն հովանավորներ, օգնեն այս նորոգումը հիմնովին ավարտելու, մենք կկարողանանք թանգարանը վերականգնել նոր ձեւով, նոր փայլով։ Մի կարեւոր պահ էլ կա. նորոգումից հետո պիտի վերականգնվի դեմոնտաժված հիմնական ցուցադրությունը, բայց շատ նմուշներ պատերից հանելիս վնասվել են։ Կան նաեւ դիզայնի տեսակետից իրենց դարն ապրած ցուցատախտակներ։ Երկու հարկերը պիտի անպայման փոխվեն, որովհետեւ սարսափելի ծանր եւ անհարմար ցուցափեղկերի ներքո են ստենդները։ Ոչ մաքրել է լինում, ոչ տեղաշարժել։ Իսկ հիմա շատ որակյալ եւ թեթեւ ապակիներ կան, որոնցով կարող ենք ցուցափեղկեր պատրաստել»։ Եվ ընդհանրապես, թանգարանները, իսկ Չարենցի թանգարանը մասնավորապես, քարացած օջախներ չեն, եւ «առնվազն 10 տարին մեկ պիտի ցուցադրությունը փոխվի՝ ձեւի, դիզայնի եւ բովանդակության տեսանկյուններով»։ Եթե հովանավորներ չգտնվեն եւ վերանորոգումն իրականացվի նախատեսվածի պես, այսինքն՝ ոչ կատարելապես, աշխատանքները կավարտվեն մինչեւ հունիսի 20-ը։ «Այդ դեպքում ես ուղղակի փաստի առաջ կկանգնեմ։ Էքսպոզիցիան չեմ կարող փոխել, քանի որ շատ վնասված, կիսաքանդ ու ջարդված է, հետեւաբար, եթե հովանավորներ չունենանք, թանգարանը կմնա առանց հիմնական ցուցադրության»։ Հուսով ենք՝ կգտնվեն մեկենասներ, ովքեր թույլ չեն տա, որ այն գնահատելի գործը, որ ձեռնարկվել է Լինսի հիմնադրամի միջոցներով, կիսատ մնա։ Եվ ամռանը Չարենցի տուն-թանգարանն իր դռները կբացի ոչ թե «կարկատած շորով», այլ մի նոր ու նորաձեւ, անթերի «հագուկապով»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել