Լրահոս
Օրվա լրահոսը

«Աճերի երկիր Հայաստանս» շարքից

Մարտ 19,2002 00:00

«Աճերի երկիր Հայաստանս» շարքից Վերջին շրջանում Հայաստանն առավել հետաքրքիր է դարձել նրանով, որ նեգատիվ պրոցեսներ առհասարակ գոյություն չունեն։ Համենայնդեպս, եթե հավատանք մեր իշխանավորներին՝ Հայաստանում ամեն ինչ անշեղորեն աճում է՝ տնտեսությունը, ներդրումները, հարկային մուտքերը եւ այլն։ Մինչդեռ, անգամ ամենաառողջ տնտեսություն ունեցող արեւմտյան երկրներում բացասական գործընթացներ անպայման գրանցվում են։ Մեր պարագայում փորձենք քննարկել հարկային մուտքերի ներկայացվող աճը։ Ըստ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի, իրականում անկում է տեղի ունենում՝ հօգուտ ստվերային տնտեսության. «Միտումը փաստացի արձանագրելու համար բերենք մի քանի թվեր. 1999-ին Հայաստանում հարկերի մուտքերը կազմել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14,7%-ը, 2000-ին՝ 13,9%-ը, 2001-ին Հայաստանի վերջին տարիների պատմության մեջ հարկային մուտքերի ամենացածր մակարդակն է գրանցվել՝ 12,1%։ Ես չգիտեմ այլ երկիր, որն այդպիսի ցածր ցուցանիշ ունենա»։ Սակայն պարադոքսը ցածր ցուցանիշը չէ, այլ, ըստ պրն Աղաջանովի, որքան արագ է աճում ՀՆԱ-ն, այնքան ավելի է մեծանում ստվերային տնտեսությունը։ Այսինքն՝ այդքանով պակաս է լինում հարկերի մուտքագրումը։ Օրինակ, 1999-ին Հայաստանն ունեցել է 2-3% ՀՆԱ-ի աճ եւ հարկերի հավաքագրում 14,7%՝ ՀՆԱ-ի նկատմամբ, 2000-ին 6% ՀՆԱ-ի աճ՝ 13,9% հարկերի մուտքագրում, 2001-ին ՀՆԱ-ի ֆանտաստիկ 9,1% աճ՝ հարկերի մուտքագրման ֆանտաստիկ անկմամբ՝ 12,1%։ Թվերն իրար հետ համեմատելու համար պարտադիր չէ արհեստավարժ տնտեսագետ լինել։ Ինչպես ժողովուրդն է ասում, ամեն «քթի ծակ» ունեցող մարդ էլ կհասկանա, որ այս երկրում ստվերային տնտեսությունն իր ծաղկուն շրջանն է ապրում։ Եվ այս պարագայում միանգամայն իրական ու ընդունելի է ԱՄՆ պետդեպարտամենտի վերջերս տարածած հայտարարությունը, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանում բյուջեի մուտքերը բավականին ցածր են։ Իսկ պետդեպարտամենտի մասնագետների կողմից ստվերային տնտեսությունը գնահատված է 40-60%։ Փաստորեն, ԱՄՆ պետդեպարտամենտի մասնագետները, ըստ մեր մասնագետների, ճշմարտությունից հեռու չեն։ Իսկ առհասարակ, որոշ մասնագետների կարծիքով, մեր պարագայում հարկային մուտքերը պետք է կազմեն ՀՆԱ-ի 24-25%-ը։ Այսինքն, 2002-ի բյուջեի հարկային մուտքերը, որոնք հաստատվեցին 183 մլրդ դրամի սահմաններում, պետք է լինեին առնվազն 300 մլրդ դրամ։ «Մեր տնտեսության պարադոքսն այն է,- գտնում է Էդ. Աղաջանովը,- որ բոլորը գիտեն, թե որտեղ է ստվերը»։ 1997-ին կատարված հետազոտություններով, ստվերային տնտեսությունը գերիշխող է առեւտրի (վառելիք, սնունդ) սպասարկման ոլորտներում, սննդարդյունաբերությունում (խմիչք, ծխախոտ), թեթեւ արդյունաբերությունում, շինանյութերի արտադրությունում։ Ամենացածր տոկոսը մեքենաշինական համալիրն է եւ ծանր արդյունաբերությունը։ Ըստ Էդ. Աղաջանովի, ստվերային տնտեսությունը տրամաբանական սահմանի հասցնելու համար միմիայն քաղաքական կամք է անհրաժեշտ։ Ինչը, դատելով վերը բերված թվերից, մեր իշխանություններն առայժմ չունեն։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել