Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ապրիլ 23,2002 00:00

ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ Իշխանական կլանների ստվերային գործունեությունը դարձյալ մնալու է ստվերում «Վերեւից» ցուցմունք ստացած երկրի թիվ 1 մաքսավորն ու թիվ 1 հարկահավաքը հանդես եկան ստվերային տնտեսության դեմ պայքար սկսելու բարձրագոչ հայտարարություններով։ Խոշոր ներկրողների լոբբինգի արդյունքում կառավարությունը նույնիսկ հատուկ որոշում ընդունեց, որի շնորհիվ մաքսավորները այսուհետեւ հնարավորություն են ստանում տեր դառնալու մանր առեւտրականների ստվերային վերջին լումաներին։ Պարզվում է, որ Թբիլիսի-Երեւան երկաթգծով մանր առեւտրականների կողմից ներմուծվող 50-100 կգ բեռները լիովին մաքսազերծման չեն ենթարկվում, ինչի շնորհիվ դրանց ապրանքները հայրենական շուկայում համեմատաբար էժան են վաճառվում, որով էլ էական վնասներ են հասցնում օրական տասնյակ եւ հարյուր հազարավոր տոննաներով ներմուծում իրականացնող «բարեխիղճ եւ օրինապահ» խոշոր ձեռներեցներին։ Այս սարսափելի իրողությունը հայտնած երկրի թիվ 1 մաքսավոր Արմեն Ավետիսյանը հավաստիացրեց, որ այսուհետեւ մանր առեւտրականները 50 կիլոգրամից եւ ոչ մի գրամ ավելի ուղեբեռ առանց մաքսազերծման Հայաստան չեն ներկրելու։ Եվ այսպես, մաքսային գերատեսչության հայտնաբերած միակ եւ գլխավոր ստվերայինները մանր առեւտրականներն են, այսինքն, առեւտրի բնագավառում փոքր բիզնեսով զբաղվող մարդիկ։ Իսկ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող կամ նրանց հովանու ներքո գործող, հարյուր միլիոնավոր (իսկ փաստորեն մի քանի միլիարդ) դոլարի հասնող ներկրումներ իրականացնող խոշոր ընկերությունների գործունեությունում, անշուշտ, բացակայում է ստվերայնությունը։ Նրանք «բարեխիղճ եւ օրինապահ են» եւ նրանց դեմ պայքարելու ոչ մտադրություն, ոչ էլ հնարավորություն ունեն մեր քաջարի մաքսավորները։ Տնտեսության մյուս ստվերային ոլորտների ցուցանմամբ եւ դրանց դեմ անկոտրում պայքար մղելու հաստատակամությամբ էլ հանդես եկավ թիվ 1 հարկահավաք Երվանդ Զախարյանը։ Պարզվում է, որ մեր այսօրվա տնտեսության թիվ 2 թշնամուն դարձյալ պետք է փնտրել մանր առեւտրականների՝ առեւտրի բնագավառում փոքր բիզնեսով զբաղվող խանութպանների եւ տոնավաճառներում ապրանքների առք ու վաճառքով զբաղվող մարդկանց եւ տոնավաճառների տերերի շրջանակներում։ Գլխավոր հարկահավաքը խոստացավ տոնավաճառներից գանձվող հարկերի չափը ավելացնել 25-30 տոկոսով։ Ստվերային տնտեսության հաջորդ բնագավառները, համաձայն Ե. Զախարյանի, հացամթերքների եւ ալյուրի արտադրության ոլորտներն են, դրանցում փոքր բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերն են։ Ասելիքին իբր լիարժեք տեսք տալու նպատակով պետեկամուտների նախարար Ե. Զախարյանը փորձեց հպանցիկ անդրադարձ կատարել նաեւ երկրի 300 խոշոր հարկատուների մասին։ Նա հպարտորեն արձանագրեց, որ դրանցից ստացվող հաշվետվությունները նախարարության կենտրոնական ապարատում կենտրոնացնելուց հետո նկատելիորեն նվազել է ստվերայնությունը նաեւ խոշորների ոլորտում։ Հարկահավաքները խոշորների դեմ պայքարելու մտադրություն չունեն։ Պարզապես, եթե խոշոր հարկատուներն իրենց հաշվետվություններում ոչ թե շահույթ, այլ արհեստականորեն վնասներ արձանագրեն, ապա այսուհետեւ դա պետք է ապացուցեն հատուկ հանձնաժողովին, որը, ըստ նախարարի, «շատ դժվար գործ է»։ Խորին ըմբռնում ցուցաբերենք այս հայտարարությանը, քանի որ քաջ հայտնի է, թե մեր ժամանակներում ինչպես է հարթվում նման «դժվարությունների» հարցը (նախ, բարձրյալներին պատկանող տնտեսական ստվերային կառույցները երբեք նման դժվարությունների առջեւ չեն կանգնում, հովանավորյալներն էլ հարցերը լուծում են զանգերի կամ կաշառքի միջոցով)։ Ամփոփենք. հարկային եւ մաքսային գերատեսչությունների նախաձեռնած ստվերային տնտեսության դեմ պայքարի ներկայացումը ուղղված է փոքր բիզնեսի եւ մանր առեւտրականների դեմ։ Այն նպատակ ունի դրանց գործունեության շուրջ օղակի սեղմման պայմաններում պետբյուջե ներառել լրացուցիչ գումարներ, որոնք պետական քարոզչության խոշորացույցով անցկացնելուց հետո ներկայացվելու են որպես տասնյակ միլիարդավոր դրամներ։ Փոքր բիզնեսով զբաղվող շատ ձեռներեցներ, զրկվելով «ստվերային» շահույթի վերջին լումաներից, կթողնեն ասպարեզը կամ էլ կհամաձայնեն օրական 1000-2000 դրամ եկամտով աշխատել իրենց ոլորտին էլ տիրացած խոշոր «ձեռներեցների» հովանու ներքո (ինչը տեղի ունեցավ երթուղային տաքսիների վարորդների պարագայում)։ Ստվերայնության դեմ պայքարի ներկայացումը լուծելու է նաեւ «վերեւից» իջեցված, «գլոբալ» նշանակության 3 խնդիր։ Առաջին. իշխանական կլանային կառույցները, տիրանալով փոքր ձեռներեցության ոլորտներին, միաժամանակ նախագահական քարոզչությանը հնարավորություն կընձեռեն բարբառելու այս տարի փոքր ձեռներեցության շարքերը իբր 13 հազար նոր անդամներով համալրելու մասին (հավանաբար նկատի ունենալով հների կարգավիճակը փոխվելու եւ իրենց վարձու աշխատողների վերածելու հանգամանքը, որով էլ նրանք կհռչակվեն որպես նոր ձեռներեցներ)։ Երկրորդ. 2003թ. նախագահական ընտրարշավում Ռ. Քոչարյանի քարոզչական մեքենան, բացի տնտեսական հաջողությունների լեգենդապատումից, ընտրողներին կհրամցնի նաեւ ստվերային տնտեսության դեմ տարած փայլուն հաղթանակի հեքիաթապատումը։ Երրորդ. «հանգուցալուծում» է տրվելու տնտեսական աճ-հարկային մուտքերի նվազում աղաղակող հակասությանը, տարփողվելու է պետբյուջե՝ հարկային մուտքերը 40 տոկոսով ավելացած լինելու հեքիաթը։ ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել