Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշտակս էլ հարկեք

Ապրիլ 24,2002 00:00

Մուշտակս էլ հարկեք Գաղտնիք չէ, որ հարկային ճկուն քաղաքականությունը թելադրող է։ Մեզանում այդ թելադրանքը մշտապես գործում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ ժողովրդի։ Մերկապարանոց չերեւալու համար փաստենք. մանկավարժը, մտավորականը, թոշակառուն կամ հաշմանդամը, որին խորհրդային ժառանգություն է մնացել «Զապորոժեց», «Մոսկվիչ», «Ժիգուլի» մակնիշի անձնական օգտագործման մեքենան, ինչպե՞ս անցկացնի տարեկան տեխնիկական զննությունը։ Չմանրամասնենք, թե ինչ կերպ է ձեւավորվում տեխքննության տարեկան գումարը (գույքահարկ, պետական տուրք, բնապահպանական վարձ), այլ փաստենք՝ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի տարեկան նվազագույն ծախսը կազմում է 11500 դրամ, «Մոսկվիչինը»՝ 16 հազար, «Ժիգուլունը»՝ 18 հազար եւ այլն։ Սրանք թվեր են այն մարդկանց համար, ովքեր այսօր եկամուտներ չունեն, բայց ունեն հին կարգերից մնացած մեքենա, որ դեռ երկար կարող է ընտանիքին ծառայել։ Ողջ աշխարհում (մենք երեւի աշխարհից դուրս ենք) հարկերը գանձվում են եկամուտներին համապատասխան, իսկ մեզանո՞ւմ։ – Ինչո՞ւ են խլում այն, ինչ իրենք չեն տվել, ինչո՞ւ 8 տարվա եւ 20 տարվա մեքենաների հարկերը նույնն են,- բողոքեց 1-ին խմբի հաշմանդամ Ա. Սահակյանը։ Մի՞թե լվից ճրագու հանելով բյուջե է լցվում, ինչո՞ւ ապրոքսիմացիա չի արվում։ Այս ամենը նման է սատկած էշի նալերը հանելուն։ Հեշտ է ասել՝ չեք կարող վճարել՝ վաճառեք։ Նույնն է, թե Օստապ Բենդերն ասեր՝ մեքենան շքեղություն է։ Գուցե շքեղ մեքենան շքեղություն է, բայց վաճառելը ելք չէ, քանզի մեքենատերը լավ գիտե, որ 100 կամ 200 դոլարը (եթե այդքան կազմի. այդ մեքենաների գները շատ ցածր են եւ գնող էլ չկա) ուտելուց հետո կկանգնի փաստի առջեւ, քանզի հիշյալ մեքենաները, որոնց մի մասն արդեն չի արտադրվում, շատերի՝ գործազուրկների, մտավորականների, հաշմանդամների ընտանիքների ապրելու նախապայմանն են։ Փաստ է նաեւ այն, որ ընտանիքով երթեւեկելիս (անգամ քաղաքի մեջ) ավելի էժան է սեփական փոխադրամիջոցով գնալը, քան հասարակական տրանսպորտից օգտվելը։ – Ինձ առաջարկում են 14 տարեկան «Մոսկվիչ» մեքենան «ռասկուլաչիտ» անել եւ մաս-մաս վաճառել այն դեպքում, երբ ընդամենը 70 հազար կմ եմ քշել,- բողոքեց 45-ամյա տնտեսագետ Գ. Անանյանը եւ ավելացրեց,- մեքենաս ինձ ու ընտանիքիս (ունեմ 2 անչափահաս երեխա) դեռ երկար կծառայի, եթե անբարո օրենքներ գործողության մեջ չլինեն։ Զավեշտի հասնող մի փաստի մասին։ Հաճախ էլ պարզվում է, որ մեքենան վաճառել ցանկացողը չի կարող այն իրականացնել։ Պետհամարանիշերը հանձնելուց հետո, երբ հայտնվում է երկար սպասված գնորդը, վաճառքից ստացված գումարը չի բավարարում անցած 2 տարվա պետական տուրքին ու գույքահարկին (չնայած մեքենան չի շահագործվել, պետհամարանիշերն հանձնված էին)։ Այստեղ է, որ ողբերգականն ու կոմիկականը մեկտեղվում են։ Ու ի՞նչ է մնում անել դժբախտ մեքենատիրոջը, եթե ոչ կոմոդի նման տանել-դնել երկաթգծին՝ հայտնի ֆիլմի հերոսի օրինակով։ Ինչեւէ։ Այս կերպ գնում ենք արագացված ունեզրկման։ Ժամանակն է ու դեռ ուշացած, որ մեզանում վերանայվեն «Պետական գույքի մասին», «Գույքահարկի մասին» օրենքները եւ համալրվեն անհրաժեշտ լրացմամբ՝ սոցիալապես անապահով առանձին խմբերի փոխադրամիջոցներին (հատկապես, որ ձեռք են բերվել մինչեւ հեղափոխությունը) գույքահարկի արտոնություն սահմանվի։ Այլապես գործող օրենքը (բարձր գույքահարկն ու պետական տուրքը) խթանում են ստվերային տնտեսության զարգացմանը, այն պարզ պատճառով, որ մեքենաները հարկ եղած դեպքում շահագործվում են (թող դա լինի տարեկան մի քանի անգամ) գիշերները, իսկ ցերեկներն էլ «լեզու են գտնում» պետավտոտեսուչի հետ։ – Իմ բնական մուշտակը (դարձյալ խորհրդային ժամանակներից մնացած), որ միայն ինձ է ծառայում, ավելին արժե, քան ողջ ընտանիքիս ծառայող 15 տարվա մեքենան, գուցե մուշտա՞կս էլ մերթընդմերթ հարկեք,- զայրացած բողոքեց Ք. Ց.-ն։ Իսկ դառը փորձը մեզ ստիպում է նախապես ասել՝ թող օրենսդիրների մտքով չանցնի, թե իջեցնելով տուրքն ու հարկը, կարելի է բարձրացնել բնապահպանության վարձը, քանզի շրջակա միջավայրի աղտոտումը պայմանավորված է ոչ միայն մեքենայի հին լինելով, այլեւ ներքին այրման շարժիչի անբավարար աշխատանքով, կարբյուրատորի թերությամբ, անորակ-կեղտոտ բենզինով (ինչից չի խուսափի ոչ մի նոր մեքենա)։ Կարծում ենք, մեծ խելք չի պահանջվում տարբերակելու վաղուց ձեռք բերած մեքենաները՝ նորերից ու արտասահմանյան շքեղ մեքենաներից։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել