Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ուզում Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել նախագահի պաշտոնում

Ապրիլ 27,2002 00:00

Ինչու է ուզում Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել նախագահի պաշտոնում Շատ տարօրինակ երազ տեսա, իբր հարցազրույց եմ անցկացնում հանրապետության նախագահի հետ եւ իմ բոլոր հարցերին հնչում են անկեղծ պատասխաններ: 172Պրն նախագահ, նախ թույլ տվեք վերադառնալ 97-ի վերջը, 98-ի սկիզբը, ինչպե՞ս եկաք այն մտքին, որ առաջադրվեք նախագահի թեկնածու: 172 Այդ միտքը առաջին անգամ ծագել է այն ժամանակ, երբ ես ստանձնեցի Հայաստանի վարչապետի պաշտոնը, ճիշտ է, այն ժամանակ դա դեռ հիմնավորված գաղափար չէր, ընդամենը ցանկություն էր: Ասեմ, որ ղեկավար պաշտոն զբաղեցնելու առողջ ամբիցիաները իմ մեջ միշտ են եղել: Երբ ես Ստեփանակերտում ընտրվեցի կոմբինատի կուսկազմակերպության առաջին քարտուղար, այդ ժամանակ ես արդեն երազում էի ԼՂԻՄ-ի առաջին քարտուղարի պաշտոնի մասին եւ համարում էի դա հնարավոր տարբերակ, քանի որ իմ մեջ միշտ տեսել եմ լիդերի հատկանիշներ, որը կարող է իր հետեւից մարդկանց տանել: Այն ժամանակ նույն կարծիքի էին նաեւ իմ ավագ ընկերները Բաքվում: Հետո, երբ հստակեցվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտոնից հեռացնելու ծրագիրը, ես արդեն ինձ համար հստակ որոշել էի, որ ինչ գնով էլ լինի, ես եմ ստանձնելու այդ պաշտոնը: Նույն կարծիքին էին նաեւ Սերժն ու Վազգենը: – Բայց Դուք գիտեի՞ք, որ Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն չի տալիս Ձեզ առաջադրվել որպես նախագահի թեկնածու: – Դա էական խոչընդոտ լինել չէր կարող, քանի որ այդ ժամանակ արդեն բոլոր իշխանական լծակները իմ, Սերժի եւ Վազգենի ձեռքում էին եւ հանուն մեր առջեւ դրված նպատակի՝ մենք պատրաստ էինք լուծել ցանկացած խնդիր: Այդ ժամանակ այնքան մեծ հարց էր լուծվում երկրի համար, որ ինչ172որ մանր սահմանադրական կամ օրենսդրական պրոբլեմ չէր կարող լուրջ խոչընդոտ հանդիսանալ մեզ համար: – Ձեր մեջ արդյոք չկա՞ր մտավախություն, որ Ձեր հիմնական հակառակորդ Կարեն Դեմիրճյանը, որը մեծ սեր ու հարգանք էր վայելում ժողովրդի կողմից, ավելի շատ ձայներ կհավաքի, քան Դուք: – Իհարկե, կար նման կարծիք, սակայն եւ ես, եւ իմ թիմը շատ հանգիստ էինք եւ շատ վստահ, քանի որ ես, էլի կրկնեմ, որ այդ ժամանակ արդեն բոլոր իշխանական լծակները մեր ձեռքին էին եւ մենք ի վիճակի էինք լուծելու ցանկացած խնդիր: Այդպես էլ եղավ, եւ Դեմիրճյանի պրոբլեմը մենք հեշտորեն լուծեցինք: – Ինչպե՞ս կգնահատեք Ձեր պաշտոնավարման չորս տարիները: – Դժվար է միանշանակ գնահատել: Նախ ասեմ, որ կարողացանք մեր ուղղակի ազդեցության տակ վերցնել երկրի հիմնական տնտեսական ոլորտները՝ վառելիքի բիզնեսը, սիգարետի բիզնեսը եւ այլն, ազատելով դրանց հարկեր մուծելու տհաճ պարտականությունից: Կարողացանք մարդկանց մեջ արթնացնել այն բոլոր հատկանիշները, որոնք շատ անհրաժեշտ են մեր պաշտոնավարության համար. դավաճանությունը, երկերեսանությունը, ստորությունը, կարողացանք սերմանել վախի մթնոլորտ եւ այս պարագայում ձեւավորել մեր թիմը: Մեր այն հայրենակիցների համար, որոնք այդպես էլ չկարողացան համակերպվել իրավիճակին, ստեղծեցինք բարենպաստ պայմաններ արտագաղթի համար: Եվ նշեմ ամենակարեւոր նվաճումը՝ կարողացանք այնպես անել, որ ասպարեզում չլինի ոչ մի ինձ արժանի քաղաքական գործիչ, այսպես ասած՝ տղամարդ: Սա է շատ հակիրճ իմ նվաճումները այս տարիների ընթացքում: Ես չթվարկեցի, եւ իմաստ էլ չկա դա անելու, այն բոլորը, ինչ ես արել եմ, իմ կարծիքով մեր ժողովուրդը, որը իմ կուսակցությունն է, ըստ արժանվույն դրանք կգնահատի: – Ինչո՞ւ եք ուզում նորից ընտրվել նախագահի պաշտոնում: – Նախ ես ունեմ կիսատ գործեր, ծրագրեր, որոնք անհրաժեշտ եմ համարում հասցնել ավարտին, հետո, ինչը շատ կարեւոր է, կան որոշակի պարտավորություններ՝ ես միայնակ չեմ, ունեմ իմ թիմը, իմ համախոհները՝ իմ պարտավորությունները նրանց հանդեպ կկարողանամ կատարել միայն պահպանելով պաշտոնս: Իսկ դրանք չկատարել ես չեմ կարող: Հետո կան մարդիկ, կան, այսպես կոչված, քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ, որոնց հախից դեռ պետք է գամ: Ասեմ, որ ես շատ քեն պահող մարդ եմ, միգուցե դա այդքան էլ ճիշտ չէ երկրի ղեկավարի համար, բայց ես հասուն անձնավորություն եմ, փլիսոփա չեմ եւ այս տարիքում հնարավոր չէ բնավորություն փոխել, այնպես որ, վերընտրվելուց հետո, ինչում ես վստահ եմ, գալու է նաեւ քո վերջը: Այստեղ նախագահը ժպտաց միայն իրեն հատուկ ժպիտով, ծռելով բերանը, եւ ես արթնացա սառը քրտինքի մեջ: Հետո հասկացա, որ սա ընդամենը երազ էր, հանգստացա եւ թեթեւ շունչ քաշեցի: Միացրի հեռուստացույցը, հարմար տեղավորվեցի բազկաթոռում. էկրանից լրագրողը հարց էր ուղղում նախագահին. «Ինչո՞ւ եք ուզում նորից ընտրվել նախագահի պաշտոնում»: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել