Լրահոս
Օրվա լրահոսը

ՅԱԿ-40-Ի ՎԹԱՐ. ԿԱՍԿԱԾՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 04,2002 00:00

ՅԱԿ-40-Ի ՎԹԱՐ. ԿԱՍԿԱԾՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ «Մենք ձեզ իրավաբաններ կտրամադրենք եւ կլուծենք ապահովագրությանն առնչվող բոլոր հարցերը, իսկ եթե որեւէ բան չստացվի, ապա տարվա վերջին Երեւան կժամանի Իրանի պետական պատվիրակությունը, եւ մենք ամենաբարձր մակարդակներում կաշխատենք լուծել այդ հարցը»: Աննա Մկրտչյանին, Աննա Վարդանյանին, Գայանե Մնոյանին, Լարիսա Օհանյանին եւ Սուսաննա Գրիգորյանին ասել են Հայաստանի ԱԳՆ աշխատակիցները: «Սակայն ունենք մի մեծ խնդրանք՝ ոչ մի տեղ ոչինչ մի տպագրեք ձեր հարազատների մահվան հետ կապված ձեր կասկածների մասին, որովհետեւ այն կխանգարի մեր դիվանագիտությանը»,- ավելացրել են ԱԳՆ աշխատակիցները: 2001թ. մայիսի 17-ին լրատվական գործակալությունները հաղորդեցին ՅԱԿ-40 ինքնաթիռի աղետի ենթարկվելու մասին, որը պատկանում էր «Հայկական ավիաուղիներին», եւ որ վարձակալել էր իրանական «QESHIM AIR» ընկերությունը: Աղետի պահին ինքնաթիռը վարում էր հայկական անձնակազմը, համենայնդեպս այդպես Է հաղորդվում տեղեկատվության մեջ: Ինքնաթիռը իրականացնում էր Թեհրան-Գորգան չվերթը: Չվերթը սովորական չէր. ինքնաթիռում էին ճանապարհների եւ տրանսպորտի նախարար Ռահման Դադմանին, կառավարության պաշտոնյաներ եւ իրանական խորհրդարանի պատգամավորներ: Ահա թե ինչ կարելի է կարդալ «Թռիչքների անվտանգությունը: Ոչ կոմերցիոն գործընկերություն» ինտերնետային էջում (https:// fsfi.avia.ru). «8230Ինքնաթիռը ժամանման վայր հասնելով՝ չկարողացավ վայրէջք կատարել վատ տեսանելիության պատճառով, եւ օդաչուները որոշեցին ինքնաթիռն իջեցնել Սարի քաղաքում, որը գտնվում է Թեհրանի եւ Գորգանի միջեւ, սակայն այնտեղ էլ չհաջողվեց վայրէջք կատարել, եւ օդաչուն հերթապահ ծառայությանը հայտնեց, որ վերադառնում է Թեհրան: Դա ինքնաթիռից ստացված վերջին հաղորդագրությունն էր, որի բեկորները հետագայում հայտնաբերվեցին Սարի քաղաքից ոչ հեռու, լեռնային տեղանքում… Ապահովագրության մասին տվյալներ չկան»: Իրանական օդային գործակալության ներկայացուցիչները 2001թ. մայիսի 28-ին հայտարարեցին, որ Իրանում հայկական ՅԱԿ-40 ինքնաթիռի վերջերս աղետի ենթարկվելու պատճառը, ըստ երեւույթին, դարձել է օդաչուի սխալը: Մինչեւ այսօր նույն տեղեկատվությանն են հետեւում նաեւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՀՔԱԳՎ) տարբեր մակարդակի բարձրաստիճան աշխատակիցները: Ավելին, ՔԱԳՎ-ում բացատրում են, որ քանի որ մեղավորները «մերոնք» են, ապա մենք չենք կարող իրանական կողմից պահանջել բազմակողմանի քննություն, եւ այն գումարները, որ նրանք պատրաստ են տրամադրել զոհվածների ընտանիքներին որպես փոխհատուցում (հազարական ԱՄՆ դոլար), արդեն պետք է գնահատել որպես բարի կամքի դրսեւորում: «Եվ առհասարակ, մի մոռացեք, որ մենք գործ ունենք Իրանի հետ: Դա շատ փակ երկիր է, պարզել որեւէ մանրամասն հնարավոր չէ, սակայն մեզ տրամադրել են եւ՛ «սեւ արկղի» գրանցումները, եւ՛ օդաչուների՝ երկրի ծառայությունների հետ խոսակցությունների ձայնագրությունները, մի խոսքով, այն բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են մեր տղաների մեղքը ապացուցելու համար»,- այսպես ինձ հայտարարեց ՀՀ ՔԱԳՎ ղեկավարությունը հանդիպման ժամանակ։ Մինչդեռ Թեհրանում լույս տեսնող «Ալիք» հայալեզու թերթը 2002թ. մայիսի 8-ի համարի առաջին էջում գրում է. «Մեկ ամսվա քննարկումներից հետո Իսլամական խորհրդարանը պարզեց, որ ՅԱԿ-40 ինքնաթիռի աղետի պատճառները անձնակազմի մեղքով չէին»: Իսկ ահա թե մեզ ինչ հայտնեցին Իրանում ժողովրդավարության հաստատման ուսանողական շարժման կոորդինացիոն կոմիտեից (Լոս-Անջելես, ԱՄՆ). «Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար դուք պետք է իմանաք, որ այս գործին վերաբերող բոլոր ֆայլերը եւ նյութերը, օրինակ, «սեւ արկղը» եւ երիզները՝ ինքնաթիռի եւ «Գորնա Էյր Թաուերի» միջեւ խոսակցությունների ձայնագրություններով, առգրավել են Փասդարան (Pasdaran) իսլամական հեղափոխության պահապանների միավորման հետախուզական բաժնի աշխատակիցները, մի բան, որ արտասովոր եւ աննախադեպ երեւույթ է: Դա նշանակում է, որ թռիչքի ժամանակ տեղի ունեցածը դուրս է Քաղաքացիական ավիացիայի, Տրանսպորտի նախարարության եւ նույնիսկ Հետախուզության նախարարության իրավասություններից: Մի բան հստակ է, որ եղանակը լավ էր, անձնակազմում ընդգրկված էր փորձառու իրանական ղեկապետ, այնպես որ, եղանակի եւ սխալների մասին խոսակցությունները պետք է մի կողմ դնել: Համաձայն տեղեկատվության որոշ աղբյուրների՝ զոհված նախարարը Թեհրան վերադառնալուց հետո պատրաստվում էր պաշտոնաթող լինել: Նույն աղբյուրը հայտնում է, որ ողբերգությունից անմիջապես հետո Փասդարանի հատուկ զորքերը ուղղաթիռներով ժամանել են աղետի վայր, որպեսզի լուծեն որոշ կազմակերպչական հարցեր: Ինչպես նաեւ կառավարությանը ցուցումներ են տվել հանգստացնել Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին»: Ցավոք, մեկ տարի անց այդպես էլ պարզ չէ, թե քանի հոգի է զոհվել այդ աղետի հետեւանքով: «Թռիչքների անվտանգությունը: Ոչ կոմերցիոն գործընկերություն» ինտերնետային էջերից մեկն ասում է՝ զոհվել է 29 մարդ, իսկ մյուսը՝ «Ինքնաթիռում կար 25 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ, զոհվել է անձնակազմի 5 անդամ եւ 23 ուղեւոր»: Ողբերգության վայրում, անձնակազմի հարազատների վկայությամբ, կախված է մի պլակատ՝ 25 իրանցու պատկեր, որոնք զոհվել են աղետի հետեւանքով: Անձնակազմի 5 անդամների հետ միասին այս թիվը դառնում է 30: Եվ այսպես. ինքնաթիռի հրամանատար՝ Աշոտ Ամիրբեկյան, երկրորդ օդաչու՝ Աբրահամ Վարդանյան, մեխանիկ՝ Ռուդիկ Հակոբյան, ավիաինժեներ՝ Համլետ Օհանյան, ավիատեխնիկ՝ Սարգիս Գրիգորյան. համարվում են օդային աղետի զոհեր: Իսկ ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ172ն այդպես վախենում թռիչքային անձնակազմի մահվանը վերաբերող կասկածներից: Շարունակելի ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ www.hahr.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել