Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԿԱՅԻ՞Ն ԷՐ

Հուլիս 23,2002 00:00

ԱՅԴ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԿԱՅԻ՞Ն ԷՐ Հուլիսի 2-ի «Առավոտում» տպագրվել էր «Արմենպրես» լրատվական գործակալության հաղորդագրությունը. «Հովհաննես Մանուկյանի սպանության պատճառները դեռ չեն պարզվել։ Քննիչները դեռ ոչ մի կապ չեն տեսնում այդ սպանության եւ հայտնի հայ ձեռներեց Հովհաննես Հայրապետյանի՝ ավտովթարի հետեւանքով զոհվելու միջեւ»։ Մինչ քննիչները կորոնեին այդ կապը, հանրությունը գիտեր արդեն, որ հայտնի ձեռներեցի յոթի օրը՝ հունիսի 19-ին, ժամը 12-ի սահմաններում, Հայրապետյանենց տան բակում հրազենային վնասվածք էր ստացել եւ սպանվել ոչ պակաս հայտնի Հովհաննես Մանուկյանը («Euromotors» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրենը)։ «Պարզից էլ պարզ է, որ այսօր Հայաստանում «հեղինակություն» համարվող Փայլակ Հայրապետյանի որդու յոթին որքան մարդ պետք է հավաքված լիներ։ Նրանց մեջ էին Արամայիս Սահակյանը, Հովիկ Հայրապետյանի կնքահայր Ալեքսան Հարությունյանը (թեեւ Ա. Սահակյանը տուժողներին ժխտել էր իր այնտեղ լինելու մասին), հանրապետության դատախազության մի խումբ աշխատակիցներ, որոնք ոչ միայն չեն բռնել մարդասպանների ձեռքերը, այլեւ թիկունք են եղել նրանց»։ Հովհ. Մանուկյանի հոր՝ Ղազար Մանուկյանի հետեւյալ միտքն էլ ավելի ուշադրության արժանի է. «Կանխամտածված խմբակային սպանությունը նրանց խորհրդով դրվել է Փայլակի եղբոր՝ Միշա Քալանթարյանի վրա, որը նրա համար առաջին դեպքը չէ…»։ Ի դեպ, քրգործ է (թիվ 14214002) հարուցվել միայն 60-ամյա Մ. Քալանթարյանի նկատմամբ։ Վկաների կամ սպանության հնարավոր մասնակիցների անունները նախաքննական մարմինը (Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն) ակնկալում է ստանալ… տուժողի իրավահաջորդներից։ Չենք կարծում, թե նախաքննական մարմնի համար առանձնապես դժվար լիներ վերականգնել «յոթին» մասնակցածների ցուցակը, մանավանդ, շեշտվում է հանրությանը ծանոթ դեմքերի մասին էլ։ Ավելին, ըստ Աննա Մանուկյանի (Հովհաննեսի կնոջ), նրանցից մեկը՝ ՀՀ նախագահի ոչ անհայտ խորհրդականը՝ Ալեքսան Հարությունյանը մեղադրվում է «կասկածներ ունեմ, որ կրակողներից մեկը հենց Ալեքսան Հարությունյանն է»։ Վերջինիս եւ Հովհաննեսի հարաբերությունների սրումը կամ ներքին թշնամանքը Աննան բացատրում է ոչ այն հանգամանքով, որ ամուսինը մի քանի տարի աշխատել է Ֆրանսիայի դեսպանատանը, նախագահի աշխատակազմում (որպես փորձագետ), այլ նրանով, որ «Հովհաննեսը քաղաքականությունից հեռու էր եւ չդարձավ Ալիկի համախոհը»։ «Խմբակային սպանություն» բառակապակցության օգտագործման համար արդյո՞ք հիմքեր կան։ Ըստ գլխավոր դատախազ Ա. Թամազյանին ուղղված Ղազար Մանուկյանի բողոքում նշված փաստարկների տրամաբանության, կարծես թե կան. ա) Հովհաննես Մանուկյանի մոտից «ինչ-որ տեղ» զանգելու պատրվակով Հայրապետյան ընտանիքի մտերիմ Արմեն Կեգեյանը վերցրել է նրա բջջային հեռախոսը (եղել է դերաբաշխո՞ւմ)։ բ) «4-5 հոգի կրակոցներով հարձակվում են որդուս վրա» (ովքեր են եղել այդ 4-5-ը)։ գ) «Պարզվել է, որ հրազենային պարկուճները տարբեր զենքերից են» (ինչո՞ւ է առգրավված մեկը, ի՞նչ զենքեր են եղել դրանք)։ դ) «Որդուս վիրահատության ենթարկելուց հետո, հիվանդանոցի 2-րդ հարկի՝ վիրահատարանի կից սենյակում ինձ ու եղբորս որդուն՝ Ստեփան Մանուկյանին բժիշկ Պավել Անանիկյանը հայտնեց, որ որդուս մարմնից երկու գնդակ է հանել»։ (Ո՞ւր է 2-րդ գնդակը, եղել է երկո՞ւ, երե՞ք … գնդակ)։ ե) «Հուլիսի 10-ին այցելել եմ վիրաբույժ Անանիկյանին, որը ժխտեց երկու գնդակները որդուս մարմնից հանելու փաստը» եւ՝ զ) «բուժքույր Նազիկը հաստատեց գնդակների առկայության փաստը (նախաքննական մարմինը գիտե՞ արդյոք, որ Ղ. Մանուկյանը, ինչպես ինքն է հայտնում մեզ, «նրանց ձայնագրել է» եւ որ «անհրաժեշտության դեպքում կարող է այն տրամադրել»)։ է) Դեպքի օրը հրազենից արձակած գնդակներից մեկը դիպել է «Հայգազարդ» վարչության պետի՝ Ռաֆիկ Մարդոյանի ավտոմեքենային (առայսօր պարկուճն առգրավված չէ եւ կցված չէ քրգործին)։ Երեկվա դրությամբ տուժողի իրավահաջորդը բացարկ է հայտնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությանը, պահանջելով գործի քննությունը հանձնել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր քննչական վարչությանը։ Ղ. Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ Հովհ. Մանուկյանի հիվանդության պատմության մեջ բժիշկների ստորագրությունը չկա։ Երզնկյան փողոցից Հովիկ Մանուկյանը, երբ կրակել են վրան, ոտքով վազել է դեպի Օրբելի փողոց, ուր ընկած վիճակից զանգել են շտապօգնություն, որտեղից վիրավոր եւ արյունաքամ տեղափոխել են թիվ 3 հիվանդանոց։ «Շտապեք, շտապեք, փրկեք, նարկոզ տվեք». վերջին խոսքերն էին։ Հովհաննեսի մարմնի վրա առկա էր. 3 անցք մեջքին, մեկ անցք՝ ձախ (որովայնի շրջանում) կողմում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել