Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆու շառավիղներն Ամերիկայում են

Հուլիս 25,2002 00:00

Րաֆֆու շառավիղներն Ամերիկայում են Ժամանակին Րաֆֆու անունը բոլորի շուրթերին էր, նրա հայրենաշունչ ստեղծագործությունների ներշնչանքը սովորական մարդուն կարող էր հայդուկ դարձնել, սար ու ձոր գցել, հայի պատիվ պահել։ Եկավ մի ժամանակ եւ մոռացվեցին նրա տիպ ու անտիպ էջերը, անգամ անունը։ Ճակատագիրը ոչ միայն նրա կյանքի, այլեւ ժառանգության նկատմամբ անողոք եղավ։ Այսօր դարձյալ ժամանակն է անցյալի ճիրաններից փախցնելու, ետ բերելու նրա ողջ ունեցածը։ Նման առաքելություն է սկսել պատմական գիտությունների թեկնածու Ազատ Թադեւոսյանը։ 1995-ից գործող նրա հիմնադրած հասարակական կազմակերպությունը զբաղվում է մշակութային արժեքների պահպանմամբ, հայ ժողովրդի պատմության ուսումնասիրմամբ, նաեւ անվանի գործիչների ժառանգության պարզաբանման, լուսաբանման, հրատարակման աշխատանքներով։ – Դուք մեծ վիպասանի ազգականն եք, պատմեք, խնդրեմ, այդ մասին։ – Րաֆֆին յոթ քույր եւ երկու եղբայր է ունեցել։ Ես նրա մեծ քրոջ՝ Ալմաստի ծոռն եմ։ Պապս շատ կապված է եղել նրա հետ եւ երկուսով ձեռք ձեռքի շրջել են Խոյի գյուղերն ու քաղաքները։ Գրողը որտեղ էլ որ եղել է՝ մեծ ջերմությամբ ու հյուրընկալությամբ են ընդունել, իսկ տեղն անվանել Րաֆֆու իջեւանատուն։ – Իսկ ինչպե՞ս է ապրել նա։ – Չքավորության մեջ։ Անգամ պատմում են, որ Թիֆլիս մեկնելու համար գյուղացիներն են հովանավորել ճանապարհածախսը։ Նրա աշխատություններում հայրենասիրության գաղափարը, հավատի, հույսի ներշնչանքը այնքան բարձր ու ազդեցիկ է եղել, որ հրատարակված գրքերը անմիջապես սպառվել են, որն էլ նրա եկամտի միակ միջոցն է եղել։ Զարմանալի է, որ նրա մեծ քույրը՝ Ալմաստը այդ խղճուկ պայմաններից աղքատ երեխաների համար միշտ բաժին է հատկացրել։ Պատմում են, որ սոված երեխաներին հաճախ քշել են Ալմաստենց տան մոտ խաղալու, որովհետեւ նա անպայման մի կտոր լավաշ ու պանիր կտար նրանց։ – Ինչպիսի՞ն էր Րաֆֆին ընկերական շրջապատում։ – Ասում են՝ նա քչախոս էր ու լռակյաց, բայց շատ ընկերներ ու մտերիմներ ուներ։ Նրան հատկապես ջերմ է վերաբերվել Թիֆլիսի հարուստ եւ մտավորական խավը։ Րաֆֆու ստեղծագործությունները տպագրվել են նաեւ օտար լեզվով եւ նա մեծ համբավ էր վայելում ոչ միայն ընթերցողների, այլեւ ստեղծագործող գրական աշխարհում։ Նա այնքան հայրենասեր է եղել, որ Պարսկաստանում ծագած հողային վեճերի պատճառով մեկնել է կաթողիկոսի մոտ եւ խնդրել, որ հայ սպանող հայի անունը, որպես դավաճանի, գրվի եկեղեցում պահվող հատուկ գրքում։ – Ի՞նչ ճակատագրի արժանացավ պատմավիպասանի ժառանգությունը։ – Րաֆֆու գրվածքների մի մասը անտիպ մնաց, մի մասն էլ գաղթի ժամանակ անհետ կորավ, որոշ ստեղծագործություններ էլ խորհրդային ժամանակներում անհետացան։ Ստալինյան բռնապետության տարիներին գրողը մեղադրվում էր ազգային գաղափարախոսություն սերմանելու մեջ։ Հանրապետության բոլոր բնակավայրերից հավաքեցին նրա աշխատությունները։ Երբ հետագայում վերահրատարակվեցին նրա գործերը, ապա շնորհիվ նրա բարեկամների ու Թիֆլիսի հայության։ – Այնուամենայնիվ, դեռ անտիպ էջեր կան։ – Պապս Րաֆֆու անտիպ ձեռագրերից մի կապոց թաղել է դաշտում։ Ըստ նրա, այդ անտիպ էջերը որակյալ թանաքով են գրված եւ չեն խունացել։ Նա պինդ կապել է դրանք տավարի կաշվի մեջ եւ գաղտնի պահել ծառի տակ, այլապես տեսնելիս կծախեին. հենց Րաֆֆու մասին խոսելիս էլ նրան 1937թ. ձերբակալել են՝ մեղադրելով հակապետական հայացքների մեջ։ Երեւանի կալանատանը նա 10 օր անցկացրել է Չարենցի հետ։ Հետագայում ապացուցվել է նրա անտեղյակությունը եւ ազատել են։ Դա էր պատճառը, որ մինչեւ մահ նա վախեցավ այդ ձեռագրերը ցուցադրել։ – Չե՞ք փորձում այդ փաթեթը հայտնաբերել։ – Պապս Զովքում էր ապրում եւ հորեղբայրս ըստ երեւույթին գիտեր դրանց տեղը։ Նա պատրաստվում էր դուրս բերել ձեռագրերը, բայց հանկարծամահ եղավ։ Հիմա փորձում ենք Հայաստանի տարբեր, հատկապես խոյաբնակ շրջաններից նոր տեղեկություններ հավաքել Րաֆֆու մասին, ինչպես նաեւ որոնել կորած ձեռագրերը։ – Տեղեկություններ կա՞ն գրողի ամենամոտ հարազատներից։ – Ըստ իմ տվյալների, նա երեք որդի եւ մի դուստր է ունեցել։ Վերջինիս ճակատագիրն անհայտ է։ Որդիներից մեկը հոր մահից հետո մալարիայից մահացել է, իսկ մյուսները հեռացել են։ Ես ենթադրում եմ, որ նրանց արմատները Ամերիկայում են։ Նրանք երբեք իրենց չեն ներկայացրել, որովհետեւ միշտ վախեցել են։ Հորեղբայրս 1960թ. «Հայրենիքի ձայնով» փորձեց գտնել նրանց, բայց այդպես էլ անարձագանք մնաց։ – Վերջին ժամանակներում Թիֆլիսի հայկական գերեզմանոցում ավերածություններ եղան։ – Այո, ավերածություններից տուժել է նաեւ նրա գերեզմանը։ Հիմա մենք չենք կարողանում նրա ամենամոտ ժառանգորդին հայտնաբերել, որի համաձայնությամբ շիրիմը կտեղափոխենք Երեւան։ Բացի այդ, Րաֆֆին միշտ ասել է. «Մարդուն գյոռբագյոռ չեն անի», այսինքն, մի գերեզմանից մյուսը չեն տեղափոխի եւ այդ խոսքերը միշտ կաշկանդել են հարազատներիս։ ԹԵՀՄԻՆԱ ՍԵՐՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել