Լրահոս
Օրվա լրահոսը

Վե՛րջ ֆոնոգրամաներին

Օգոստոս 27,2002 00:00

Վե՛րջ ֆոնոգրամաներին Վաղուց համերգների ժամանակ կենդանի հնչողությամբ երգ չի մատուցվում հանդիսատեսին։ Հայտնի է, որ այս տարի Ուկրաինայի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Ռադան, ընդունել է օրենք՝ հանրապետությունում ֆոնոգրամաներով բեմ դուրս գալն արգելելու մասին։ Այսինքն, այսուհետ ուկրաինացիները այլեւս չեն գնա այնպիսի համերգների, որի ժամանակ երգիչները ձեւականորեն բացուխուփ կանեն բերանները։ Ռուսաստանի պետդուման եւս դրան կանդրադառնա իր աշնանային նստաշրջանի ընթացքում։ Իսկ Հայաստանում այս հարցը դեռեւս բաց է։ Զրուցեցինք կոմպոզիտոր, կոնսերվատորիայի ջազային-էստրադային ամբիոնի վարիչ, հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Երվանդ Երզնկյանի հետ։ «Շատ ուրախ կլինեմ, եթե մեզանում էլ հարցը բարձրացվի։ Թեեւ սա «հացի խնդիր» չէ, բայց, այնուամենայնիվ, բավականին կարեւոր է։ Եվ, ցավոք, հարցը առայժմ բարձրացվել է միայն կոմպոզիտորների միությունում։ Հայաստանի էստրադային օջախների մոտ 80%-ը աշխատում է ֆոնոգրամաներով։ Եվ իրավացի է ունկնդիրը, եթե դժգոհում է։ Չէ՞ որ գումար է վճարում եւ կենդանի կատարում չի լսում, ուրեմն, բնականաբար, նա պետք է ափսոսա իր վճարածի համար։ Ավելին, կարծում եմ, ունկնդիրն իրավունք ունի նաեւ պատիվ պահանջելու։ Հասկանալի է, որ որոշ դեպքերում (օրինակ, նկարահանումների ժամանակ) տեխնիկական դժվարությունները թելադրում են, որ անպայման լինի ֆոնոգրամա։ Մի բան, որ ասպարեզ է եկել շոու-բիզնեսի «մեղքով»։ Աշխարհում իսկական շոու-բիզնեսը երգիչներ է «սարքում», մեզ մոտ շոու-բիզնես դեռեւս չկա։ Ու եթե նրա ուրվագիծն է, արդյունքում երգիչ «սարքելու» փոխարեն հակառակ պրոցեսն է տեղի ունենում։ Վերջերս ձայնագրման ստուդիաներից մեկում մի դեպքի ականատես եղա։ Երգչուհիներից մեկը (անունը տալ չեմ կարող) քառորդ տոնի տարբերությամբ ձայնագրություն էր կատարում չլսված անմարդկային ձայնով։ Վերջնական արդյունքում, կոմպյուտերի օգնությամբ ուղղվեց ամեն ինչ՝ ե՛ւ անմարդկային ձայնը, ե՛ւ անմաքուր երգեցողությունը։ Նույնիսկ ստացվեց նորմալ ձայնագրություն։ Բայց պատկերացրեք, եթե նույն երգչուհին, որին շատ շատերը հաճույքով լսում են, բարձրանա բեմ ու միկրոֆոնի առջեւ երգի կենդանի ձայնով՝ ամեն ինչ ջրի երես դուրս կգա։ Համաձայնեք, որ բարձրակարգ կատարողը երբեք ֆոնոգրամայով դուրս չի գա բեմ։ Տարիներ առաջ, երբ հանդիպեցի Շառլ Ազնավուրին, ասաց, որ բեմական ողջ կյանքի ընթացքում երբեւէ չի դիմել ֆոնոգրամայի օգնությանը։ Որովհետեւ կարիքը չի ունեցել խաբելու ունկնդրին»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Մշակույթի ոլորտում չլուծված հարցեր շատ կան, բայց սրան անդրադառնալ պետք էր վաղուց։ Հարկավոր է ընդունել համապատասխան որոշում կամ օրենք, որը կվերաբերի ոչ միայն մեր, այլեւ Հայաստան հյուրախաղերի եկած արտիստներին։ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում կտպագրենք ԱԺ պատգամավոր, ՀՀ երաժշտագետների եւ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքը խնդրի վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել