Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՏԻ ՄԱՔՐՄԱՆ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Սեպտեմբեր 05,2002 00:00

ԴԱՇՏԻ ՄԱՔՐՄԱՆ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ «Ոչ մի հայկական բանկ ի վիճակի չէ դիմանալ այդ մրցակցությանը»,- մեր խնդրանքով մեկնաբանելով ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի՝ բանկային համակարգում սպասվող նորույթներին վերաբերող հայտարարությունները, ասաց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը։ Հիշեցնեմ, որ նորույթը վերաբերում է արտասահմանյան կապիտալի՝ Հայաստան մուտք գործելուն։ Ըստ Տ. Սարգսյանի, ԿԲ-ի կողմից տարվող «դաշտի մաքրման եւ արդար խաղի կանոնների ստեղծման քաղաքականության արդյունքում, համակարգը գրավիչ է դառնում օտարերկրյա ներդրումների համար»։ Իսկ դրա անմիջական պտուղներն այն են, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանում արդեն կսկսի գործել նոր բանկ՝ ամերիկյան կապիտալով։ Ավելի ուշ՝ եւս երկու բանկ իրենց գործունեությունը կծավալեն մեր երկրում. մեկը՝ շվեյցարական կապիտալով, մյուսը՝ ՀՀ-ի ռեզիդենտ երկրների կողմից հիմնադրվող։ Բազում առաջարկներից այս երեքը ՀՀ ԿԲ-ին «իրատեսական» են թվացել։ Շարունակելով մեկնաբանությունները, պարոն Աղաջանովը հերթական անգամ զարմանք հայտնեց նման «խարխուլ» բանկային համակարգի պայմաններում ԿԲ նախագահի «օպտիմիզմի» վրա. «Ինչպե՞ս կարելի է խոսել կայուն բանկային համակարգի կամ ընդհանրապես բանկային համակարգի մասին, երբ բանկային համակարգի ամբողջ կապիտալը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի ընդամենը 1,7%-ը եւ բանկային համակարգի ակտիվները կազմում են տնտեսության ներքին համախառն արդյունքի 18%-ը»։ Դա թվային արտահայտությունն է, մինչդեռ որակական առումով «այդ 18%-ի աշխատող ակտիվները կազմում են չնչին տոկոս։ Նույնիսկ զարգացած բանկային համակարգ ունեցող երկրներում բանկային ակտիվների 90%-ն է, այսպես կոչված, աշխատող, 10%-ը ոչ աշխատողներն են։ Եթե վերցնենք մեր երկիրը, ապա համոզված եղեք, որ բանկային ակտիվների 50-75%-ը ոչ աշխատող են։ Այսինքն, իրականում մեր բանկային համակարգի աշխատող ակտիվները ՀՆԱ-ի 4-8%-ն են (վերլուծությունները հիմնված են պաշտոնական վիճակագրական տվյալների վրա- Ն. Գ.)։ Այս պարագայում խոսել կայուն բանկային համակարգի մասին՝ ծիծաղելի է»։ Վերոբերյալ փաստերի առկայության պայմաններում, բնականաբար, արտասահմանյան բանկերի մուտքը մեր երկիր՝ միանշանակ չի կարող գնահատվել։ Նախ, ըստ պարոն Աղաջանովի, այդ փաստը ողջունելի է այնքանով, որքանով ազատականացվում է երկրի ֆինանսական շուկան եւ որ այդ խոշոր բանկերի կողմից ավելի էժան վարկային ռեսուրսների առաջարկ կլինի։ Սակայն, եթե այդ բանկերը Հայաստանում գործունեություն ծավալեն որպես մասնաճյուղեր, պարոն Աղաջանովի հավաստմամբ. «Դա անպայման «խփելու» է հայաստանյան բանկային համակարգին»։ Իբրեւ մասնաճյուղ գործունեության դեպքում, մայր բանկերը չեն մասնակցելու կապիտալի ձեւավորմանը, բայց մասնաճյուղի ամբողջ գործունեության ռիսկերը, այդ թվում՝ վարկավորման, իր վրա է վերցնելու արտասահմանյան մայր բանկը։ Բացի այդ, մասնաճյուղը իրավունք ունի վարկավորելու մայր բանկի կանոնադրական կապիտալի չափով՝ համապատասխան հարաբերությամբ։ Ասենք, եթե մայր բանկն ունենա 1 մլրդ կանոնադրական կապիտալ, ապա մասնաճյուղը մինչեւ 10 մլրդ վարկավորում կարող է կատարել, իսկ «այդ դեպքում հայաստանյան բանկերը մրցակցությանը չեն դիմանա»։ Այսինքն, «ամբողջ վարկային շուկան արտասահմանյան բանկերը կվերցնեն իրենց ձեռքը»։ Ինչ վերաբերում է բանկային այլ ծառայություններին, ապա պետք է նշել, որ արտասահմանյան բանկերը, ի տարբերություն հայկականների, կատարում են ավելի բազմազան, էժան եւ որակով ծառայություններ։ Այսինքն, բանկային ծառայությունների շուկան արտասահմանյան բանկերը եւս իրենց ձեռքն են վերցնելու։ Կարելի է ասել, որ հայկական բանկերը դուրս են «թռնելու» բանկային ծառայությունների ոլորտից եւ նմանվելու են մի անհասկանալի ֆինանսական կառույցի։ Էդուարդ Աղաջանովի հավաստմամբ, «արտասահմանյան բանկերի համար տարեկան 6-7 տոկոսով աշխատելը նորմալ երեւույթ է, իսկ մեր բանկերի համար դա լրջագույն խնդիր է։ Մեր բանկերը տարեկան 12-14 տոկոսով գումարներ են վերցնում եւ առնվազն 15-16 տոկոսով պետք է վարկ տան, որպեսզի ծախսերը ծածկեն»։ Ասվածի համատեքստում, պարոն Աղաջանովը վստահ է, որ «մեր բանկային համակարգը պատրաստ չէ նմանօրինակ մրցակցության։ Այս քայլի արդյունքում մենք պետք է ընդունենք, որ հնարավոր է Հայաստանի բանկային համակարգը ընդհանրապես վերանա»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել