Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ՝ Ո՞ՒՐ, ԴՈՒ՝ Ո՞ՒՐ»

Հոկտեմբեր 01,2002 00:00

«ԵՍ՝ Ո՞ՒՐ, ԴՈՒ՝ Ո՞ՒՐ» Հայցել էր նախաքննական մարմնի ներողամտությունը Ակնհայտորեն նույն առվով չեն հոսում Հայաստանի փաստաբանների միության անդամներ Աշոտ Սարգսյանի եւ Բենիամին Մինասյանի ջրերը։ Երկուսն էլ ընդգրկված են «Հոկտեմբերի 27» քրեական գործում եւ եթե Ա. Սարգսյանը տուժող Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչն է, ապա Բ. Մինասյանը ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպանն է։ Երեկ պաշտպանը հարց տալու ժամանակ (ուղղված էր տուժող Սամվել Ավետիսյանին) թեթեւակի ակնարկեց. «հես ա Ա. Սարգսյանը թույլ չի տա, որ ինքը հարց տա»։ Ասվածը տարօրինակ էր այն առումով, որ նման բան երբեւիցե չէր եղել, եւ երկրորդ պաշտպանը հաճախ է հայտնվում հոգեբանական ինքնածուղակի մեջ։ Ա. Սարգսյանը չդիմանալով ասվածի «լրջությանը», փոխադարձեց այսպես. «Ես՝ ո՞ւր, դու՝ ո՞ւր։ Կրակն ընկանք՝ նույն սկամեյկում ենք, Բենո, գնա քո պաշտպանյալիդ հետ նստի»։ Բ. Մինասյանը «չհանձնվեց» ակնարկված կրակի վրա յուղ լցնելով. «Պաշտպանյալները ձերն են»։ Ժամանակին միջամտելով՝ դատավոր Սամվել Ուզունյանը կանխեց փաստաբանների 3-րդ աշխարհամարտը։ Երեկ դատարան էր ներկայացել տուժող Սամվել Ավետիսյանը («Յարմրկի Սամվել» մականունով)։ Նախաքննության մարմնին վերջինս հայտնել էր, որ նստած է եղել ԱԺ նիստերի դահլիճի ձախ կողմի 6-րդ շարքում։ Ինչպես բոլորը, այնպես էլ ինքը թաքնվել են նստարանների ետեւում եւ լսվել են անընդհատ կրակահերթեր։ Երբ դադարել են կրակահերթերը, «անմիջապես պահանջեցին նստել, պահանջեցին բոլորիս հավաքվել դահլիճի ձախ մասում»։ Իբրեւ կենդանի վահան 3-ական պատանդ կանգնում են յուրաքանչյուր դռան ետեւում։ Պատգամավորն ասել էր նաեւ, որ երբ ինքը գտնվել է քարտուղարության դռան մոտ, իրեն է մոտեցել ավտոմատավորը՝ Կարենը եւ «պահանջեց, որպեսզի ես վերցնեմ հեռախոսը եւ զանգահարեմ իր ասած համարով։ Ես կատարեցի նրա պահանջը։ Նա ինձ թելադրեց ձեռքի հեռախոսահամար, որ այժմ չեմ հիշում։ Ես զանգահարեցի նրա պահանջած համարով եւ հեռախոսը տվեցի Նաիրիին։ Որքան հիշում եմ, նա հարցրեց Ժիրիկ անունով ինչ-որ անձնավորության եւ հարցնում էր ինչ- որ Իժո անունով մարդ…»։ Նաիրիի ռեակցիան, ըստ տուժողի, բացասական էր, ինչին հետեւել էր հեռախոսը վայր գցելը սեղանի վրա։ Սա՝ առաջին ցուցմունքի ժամանակ։ Այդ կապակցությամբ տուժողը նկատեց, որ ինքը գտնվել է սթրեսի վիճակում, եւ ասվածը եղել է դրա արդյունքը։ Իր 2-րդ ցուցմունքի ժամանակ այս նույն տուժողը գրել էր. «Փաստորեն ես իմ նախկին ցուցմունքում ճիշտ չեմ նշել, որի համար հայցում եմ նախաքննական մարմնի ներողամտությունը եւ ուզում եմ ավելացնել, որ իմ կողմից Ժիրոյին զանգելու փաստը թաքցրել եմ, մտավախություն ունենալով, որ դա կարող է մեկնաբանվել որպես Ս. Բաբայանի հետ կապ ունեցող անձի»։ Ըստ փաստաբան Ա. Սարգսյանի, այս տուժողը «փորձել է օժանդակել ահաբեկիչներին եւ գործի տվյալներն են հանգեցրել նման եզրահանգման»։ Տուժող Ս. Ավետիսյանը, հակառակվելով ասվածին, հայտնեց, որ իր նպատակն է եղել հանգստացնել ահաբեկիչներին եւ ժամանակ շահել։ «Եթե մտածում եք, որ կարող էին ահաբեկիչներ լինել եւ չշարունակել իրենց գործողությունները, ես այդպես չեմ մտածել»,- ասաց նա։ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը խնդրեց դատարանից պետպատվերի կարգով պաշտպանություն։ Իսկ ահա Հունանյանի պաշտպան Բենիամին Մինասյանին հետաքրքրում էր «դռների մոտ կանգնելը օգտակա՞ր էր» հերթապահ հարցը։ Դեռ ոչ մի պատանդ չի տվել «բուժիչ էր» պատասխանը, որից թեթեւանար նրա խոցված սիրտը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել