Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉԲԶԵՍ՝ ԳՈՐԾԴ ԱՌԱՋ ՉԻ ԳՆԱ

Հոկտեմբեր 05,2002 00:00

ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉԲԶԵՍ՝ ԳՈՐԾԴ ԱՌԱՋ ՉԻ ԳՆԱ Երկրին բրթողներ են պետք Ինչպես «Առավոտը» մեկ օր առաջ կանխագուշակել էր, ՀՀ նախագահը երեկ էլ գտավ «խթանելու կարոտ մի ոլորտ կամ բացվելու ենթակա մի օբյեկտ»: Եվ վերջինս չէր բացվի, եթե Արթուր Բաղդասարյանը նախագահին չբզեր, չբրթեր ու հանդես չբերեր իր կամային հատկանիշները: Խոսքը կովկասյան տարածաշրջանում կադրերի վերապատրաստման կենտրոնի՝ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի մասին է, իսկ Արթուր Բաղդասարյանն էլ Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Նախագահի եւ Ա. Բաղդասարյանի փոխադարձ կոմպլիմենտներից պարզվեց, որ ծրագիրը չէր իրականացվի ոչ առանց ՀՀ նախագահի, ոչ էլ առանց Ա. Բաղդասարյանի: Առաջինն օգնել է դուրս գալ բազմաթիվ բյուրոկրատական դժվարություններից, բայց միայն երկրորդի երկարատեւ բզել-բրթելուց հետո: «Եթե Արթուր Բաղդասարյանը ինձ չբզեր այս հարցում, չգիտեմ՝ կլինե՞ր այս ծրագիրը, թե ոչ, կամ երբ կլիներ: Ցանկանում եմ, որ Հայաստանում տարբեր ծրագրեր բրթող, կամային հատկություններ ցույց տվող մարդկանց քանակն ավելանա»,- հայտարարեց Ռ. Քոչարյանը: Նախագահը չափազանց կարեւորեց լայն «կոնծեկստ» ունեցող արարողությունը, որովհետեւ այսպիսով Հայաստանը դարձավ տարածաշրջանի մտավոր ծառայությունների կենտրոն: Մյուս գերակայությունը Հայաստանը տարածաշրջանի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դարձնելն է, եւ երրորդ գերակայությունը, ըստ նախագահի, եվրոպական կառույցների ինտեգրման քաղաքականությունն է: Ծրագիրն ամբողջապես ֆինանսավորում է եվրոպական միությունը, ծրագրի նախնական արժեքը 1 միլիոն 800 հազար եվրո է: Սա ըստ էության ֆրանսիական համալսարանի զարգացումն է՝ որպես եվրոպական կրթական համակարգի մի օղակ, եւ սրանով Հայաստանը դառնում է կովկասյան տարածաշրջանի ինտելեկտուալ մտքի կենտրոն: «Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան Կովկասում» հիմնադրամի կազմում գործում է նաեւ տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների եվրոպական տարածաշրջանային ինստիտուտը (ԷՐԻԻԿՏԱ), որի նպատակն է նաեւ տեխնոլոգիաների զարգացմանը միտված ուսումնական գործընթաց կազմակերպել: Ըստ Ա. Բաղդասարյանի, խնդիրն ունի կարեւոր սոցիալական նշանակություն, որովհետեւ Հայաստանում գործազուրկների 60-65 տոկոսը 35-40 տարեկան մարդիկ են, որոնք կրթություն են ստացել խորհրդային տարիներին եւ այսօր շուկայում աշխատանք չունեն: Իսկ այստեղ վերապատրաստվելու են եւ8217 կրթություն ունեցող մարդիկ, եւ8217 ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում բակալավրի միտում ունեցող մեր երիտասարդները: Առաջին տարվա սովորողները 200-ն են, որոնցից 72-ը տարածաշրջանի երկրներից են՝ Սիրիա, Վրաստան, Իրան եւ այլն: Ակադեմիայում գործող ԷՐԻԻԿՏԱ ինստիտուտը կաշխատի կրթական սեկտորում, որպես արդյունաբերական գործընկեր՝ ֆրանսիական «Ալկատել» ընկերության, որն էլ համալսարանի եւ ընկերության ամբողջ կրթական պոտենցիալը ի ծառայություն կբերի ԷՐԻԻԿՏԱ-ին: Մասնագետներին «Ալկատելը» կրթելու է Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում: Նշենք նաեւ, որ ակադեմիայի շենքը Զեյթունի ուսանողական հանրակացարանների առաջին մասնաշենքն է, որը արտաքուստ, բնականաբար, ոչ մի կերպ չի հիշեցնում նախկին հանրակացարանը, բայց նախագահը եվրոպացի հյուրերի մոտ անգամ չկարողացավ բարձրաձայն չհիշել իր ուսանողական տարիները, որոնցից 3-ը նա անցկացրել է հենց այս հանրակացարաններում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել