Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ բան պակասում էր

Հոկտեմբեր 18,2002 00:00

Ինչ-որ բան պակասում էր Ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ խմբում Հունաստան-Հայաստան հանդիպումը երկու երկրների համար բացառիկ կարեւորություն ուներ։ Հոկտեմբերի 16-ին կայացած Հունաստան-Հայաստան խաղում, որ տեղի ունեցավ Աթենքի «Պանատինաիկոս» ակումբի նորաբաց ստադիոնում, հարկ է անպայման նշել, որ նախապես հայտնի էր, որ մեր ընտրանուն ծանրագույն փորձություն էր սպասվելու։ Հունաստանի ազգային հավաքականը, որ առայժմ Եվրոպական գրանդների շարքին չի դասվում, բայց արժանիորեն համարվում է Հին աշխարհամասի ուժեղ կոլեկտիվներից մեկը, ընտրական մրցաշարն սկսել է շատ վատ. նախ սեփական հարկի տակ զիջելով Իսպանիային, ապա արտագնա հանդիպումում տանուլ տալով Ուկրաինային։ Հույները երբեք նման ձախողում չէին տեսել ու, բնական է, անչափ դժգոհ են իրենց ֆուտբոլային կուռքերից։ Այն աստիճան դժգոհ են, որ շատ-շատերը որոշել էին պարզապես բոյկոտել Հայաստանի հետ խաղը եւ չգալ ստադիոն։ «Պանատինաիկոսի» տրիբունաներում 17 հազար տեղերից զբաղված էր ընդամենը վեց հազարը, որոնցից հազարը հայերն էին։ Այդուհանդերձ, ստադիոնում ահավոր աղմուկ էր. հայ եւ հույն ֆուտբոլասերները, բաժանված երկու բանակի (հակադիր դարպասների ետեւում) յուրաքանչյուրը ոգեւորում էր իր թիմին։ Այսքանից հետո պարզից էլ պարզ էր, որ հույները անելու էին հնարավոր ամեն բան երկրպագուների աչքում իրենց հեղինակությունը ինչ-որ չափով վերականգնելու համար։ Ինչ վերաբերում է մեր ընտրանուն, նա էլ ուներ եւ, կարծում ենք, հիմա էլ ունի իր նպատակները։ Թե որքա՜ն լուրջ են հավաքականի առջեւ դրված հանձնարարականները, կարելի է դատել թեկուզ այն բանից, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ազգային հավաքականի ֆուտբոլիստներին խոստացել էր հաղթելու դեպքում պարգեւատրել յուրաքանչյուրին $6 հազար, ոչ- ոքիի դեպքում՝ $3 հազար, իսկ երիտասարդականի խաղացողներին, համապատասխանաբար՝ $500 եւ $300։ Բացի դա, նպատակահարմար էր համարվել միավոր վաստակելու դեպքում մինչեւ գարուն ազգային հավաքականի կազմը ուժեղացնել նոր լեգեոներականներով։ Ինչեւէ, սլովենացի գլխավոր մրցավար Դարկո Սեֆերինի՝ խաղի սկսվելն ազդարարելուց մեկ րոպե էլ չանցած դաշտի տերերի առաջին իսկ գրոհը մեր ֆուտբոլիստները տուգանայինի մատույցներում կասեցրին խաղի կանոնների խախտումով։ Մինչ մեր մրցակիցները կպատրաստվեին այն իրացնել, «հունական տրիբունայից» ծխաբեր նետեցին դաշտ, ու մշուշը պատեց մեր տուգանային հրապարակը։ Մրցավարը, չսպասելով ծուխը ցրվելուն, հրահանգեց շարունակել խաղը։ Հույն ֆուտբոլիստներից մեկը գնդակը «կախեց» տուգանային եւ վրա հասած Նիկոլաիդիսը բարձր ցատկով գլխով գնդակը մխրճեց դարպասի մեջ՝ 1։0։ Ի պատիվ մեր տղաների, նրանք դրանից չընկճվեցին։ 10-րդ րոպեին Հայաստանի թիմը սուր հակագրոհ ձեռնարկեց եւ Արթուր Պետրոսյանը մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ՝ հրաշալի պահը ձեռքից բաց թողեց։ Դրանից հետո, 17-րդ եւ 22-րդ րոպեներին հայ ֆուտբոլիստները եւս երկու անգամ գերազանցեցին մրցակցի պաշտպաններին, սակայն վերջին պահին սայթաքեցին ու վայր ընկան։ Ի դեպ, խաղադաշտը, չնայած չոր եղանակին, թաց էր (հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին ասաց նաեւ Օսկար Լոպեսը) ու դա գուցե նշված դեպքերում փրկեց հույներին։ Իսկ 37-րդ րոպեին գոլ խփելու 100 տոկոսանոց հնարավորություն կորցրեց Արման Քարամյանը, որը աջ եզրից գերազանց փոխանցում ստանալով, շատ մոտ տարածությունից բարձր հարվածեց։ Սակայն չի կարելի ասել, որ այս ընթացքում դաշտի տերերը մեր թիկունքում անգործության էին մատնված։ Նրանք նույնպես դարպասը գրավելու լավ պահեր ունեցան հատկապես 18-րդ եւ 41-րդ րոպեներին։ Բայց մինչ այդ, մեր տուգանային հրապարակում պաշտպանների կոպիտ սխալից հետո նույն Նիկոլաիդիսը հասցրել էր հաշիվը կրկնապատկել։ Երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստները մի փոքր հոգնեցին։ Ճիշտ է, դրանից հանդիպման լարվածությունը չթուլացավ, բայց գրոհներն արդեն իրենց մեջ նախկին վտանգավորությունը չէին պարունակում, խաղի սրությունն էլ այն չէր։ Այնպես որ, չնայած գործադրած ջանքերին, 0։2 հաշիվն այլեւս չփոփոխվեց։ Անկեղծ ասած, դրան ինչ-որ չափով նպաստեցին նաեւ մրցավարները, որոնք մի քանի անգամ կոպիտ սխալներ թույլ տվեցին, հիմնականում ի վնաս մեզ։ Խաղից անմիջապես հետո եւ տունդարձի ճանապարհին ՀՖՖ-ի նախաձեռնությամբ թիմերի հետ Հունաստան մեկնած լրագրողների մեծ մասը, քննարկելով տեղի ունեցածը, այն կարծիքին էր, որ եթե մեր ֆուտբոլիստները (հատկապես՝ ազգայինի) կարողանային ժամանակին իրացնել դարպասը գրավելու հնարավորություններից գոնե մեկը, ապա հայտնի չէր, թե դրանք ինչ հաշվով եւ ում օգտին կավարտվեին։ Մոտավորապես նույն սցենարով անցավ նաեւ նախորդ օրը ԱԵԿ-ի ստադիոնում կայացած երիտասարդական հավաքականների հանդիպումը։ Հայաստանցիներն առաջին խաղակեսը անցկացրին շատ լավ եւ իմ կարծիքով նրանք նույնիսկ մի փոքր առավելություն ունեին տանտերերի նկատմամբ։ Մրցավարներն էլ մինչեւ ընդմիջում անկողմնակալ էին։ Բայց ընդմիջումից հետո՝ 55-րդ րոպեին, հույներից առնվազն երկու-երեք հոգի խաղից դուրս վիճակում հայտնվեցին։ Եզրային մրցավարը դա «չնկատեց» ու դաշտի տերերը հաշվի մեջ առաջ անցան։ Կոշտ խաղից վնասվածք ստացած մեր սեւամորթ դարպասապահ Էդելը փոխարինման կարիք ուներ։ Բայց մինչ մեր մարզիկները դա կանեին, 66-րդ րոպեին հույները հեռահար հարվածով հաշիվը դարձրին 2։0։ 79-րդ րոպեին տուգանային հրապարակում մրցակցին կոպտորեն վայր գցեց նոր փոխարինման ելած դարպասապահ Նիկոլայ Սարգսյանը, որի համար դեղին քարտ ստացավ, իսկ թիմը պատժվեց 11 մետրանոցով։ Բայց Նիկոլայը ուղղեց իր սխալը՝ ետ մղելով հարվածը։ Դրանից հետո մերոնք ավելի ակտիվացան ու լրացուցիչ ժամանակում կրճատեցին հաշիվը՝ 1։2։ Բայց ավելին անելու համար այլեւս ժամանակ չկար։ Այսպիսով, մեր երկու հավաքականներն էլ պարտվեցին։ Բայց պարտություն էլ կա, պարտություն էլ։ Թե երիտասարդականը, թե ազգայինը գործնականում ցույց տվեցին, որ, իրոք, մեր այս երկու թիմերը երբեք այսքան ուժեղ չեն եղել։ Նրանք գործով ցույց տվեցին, որ ի վիճակի են ինչպես հավասարը հավասարի հետ պայքարել ուժեղների դեմ։ Միայն թե… մերոնց միշտ ինչ-որ բան պակասում է։ Մի տհաճ օրինաչափություն է կարծես ստացվել։ Որպես կանոն, կամ հանդիպման առաջին, կամ վերջին րոպեներին գոլ ենք ընդունում ու հետո փորձում հավասարեցնել հաշիվն ու ամեն ինչ սկսել նորից։ Մի բան, որ ամեն անգամ չի հաջողվում։ Եթե ներկայումս հայ ֆուտբոլիստների տեխնիկական ու ֆիզիկական պատրաստվածությունը մտորելու համեմատաբար քիչ տեղիք է տալիս, թերեւս կաղում է հոգեբանականը։ Քիչ չեն դեպքերը, երբ խաղացողի կամ մրցավարի սխալից հետո մերոնք մի տեսակ նյարդայնանում են ու խաղն այլեւս չի ստացվում։ Մինչդեռ, ժամանակակից ֆուտբոլում երբեմն վճռորոշ դեր է խաղում հենց մարզական չարությունը, երբ ինչ էլ լինի, չես կորցնում ինքնատիրապետումը։ Էլ չենք ասում ավելի կազմակերպված ու կուռ կոլեկտիվ դառնալու մասին։ Սրանք հարցեր են, որոնք կարգավորելու մասին պետք է լրջորեն մտածել։ Ու որքան շուտ լուծում գտնվի, այնքան ավելի շուտ կգա սպասված հաջողությունը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ, Աթենք-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել