Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻՍ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ ԺՈԵԼ ԲՈՒՏՐՈՒԻՆ

Հոկտեմբեր 19,2002 00:00

ՀԱՅԵՐԻՍ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ ԺՈԵԼ ԲՈՒՏՐՈՒԻՆ Պաշտոնյային սպասելը լրագրողի աշխատանքի մի (եթե չասեմ՝ մեծ) մասն է կազմում։ Երբ պայմանավորված ժամից 4 րոպե առաջ ՄԱԿ172ում հայտնեցին, որ ղեկավարը նախորդ հանդիպումից դեռ չի վերադարձել, ես մտածեցի, որ սկսվում է իմ աշխատանքի «սպասման» փուլը։ ՄԱԿ172ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Ժոել Բուտրուն հանդիպման եկավ նշանակված ժամից մեկ րոպե պակաս։ Ճամփորդելը Բուտրուի մանկության երազանքն է Ժոել Բուտրուն ծնվել է Փարիզում՝ «շատ տարիներ առաջ»։ Նրա մայրը եւ քույրը Օդեսայից են, իսկ հայրը՝ Փարիզի արվարձաններից։ «Ինչքան հիշում եմ՝ միշտ երազում էի ճամփորդելու մասին, բացի այդ, մանկությանս երազանքներից էր աստղագետ դառնալը։ Ինչո՞ւ եմ շեշտում ճամփորդելու հանգամանքը, քանի որ իմ աշխատանքը հենց անընդհատ տեղափոխություններ է ենթադրում ու ես, կարծես թե, մշտական ճամփորդությունների մեջ եմ»։ Ընդ որում, Ժոել Բուտրուն այնքան է նախընտրում շփվել տարբեր մշակույթների մարդկանց հետ, որ նախապատվությունը տվել է միջազգային կառույցին, այլ ոչ թե դիվանագիտական աշխատանքին։ «Եթե ֆրանսիական դեսպան լինեի, ի դեպ, հիմա էլ ինձ դիվանագետ չեմ համարում, ապա իմ շրջապատը սահմանափակված կլիներ ֆրանսիականով։ Իսկ միջազգային կառույցներում աշխատելը հնարավորություն է տալիս շփվել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, ինչը շատ ավելի հաճելի է եւ հետաքրքիր»։ Թեպետ բազմաթիվ տարիներ Ժոել Բուտրուն աշխատել է տարբեր երկրներում, սակայն Հայաստանը առաջին երկիրն է, ուր նա ապրում է իր երիտասարդ ընտանիքի հետ։ «Հուսով եմ, որ իմ հետագա բոլոր առաքելությունների ընթացքում ընտանիքս կուղեկցի ինձ»։ Պարոն Բուտրուի կինը տնտեսագետ է եւ մինչեւ Հայաստան գալն աշխատել է Ժնեւում։ Բուտրու ամուսինը կարծում է, որ մեր երկիր գալով իր կինը մի կողմից մասնագիտական առումով զոհաբերության է գնում, «մյուս կողմից, չկա չարիք առանց բարիքի, սրանով իսկ կինս ավելի շատ ժամանակ է հատկացնում ընտանիքին եւ երեխաներին։ Բացի այդ, ժամանակ ունի վերջացնելու մի քանի ուսումնասիրություն, որը սկսել էր ու զբաղվածության պատճառով չէր կարողանում ավարտել։ Եթե շատ երկար մնանք Հայաստանում, երեւի կփորձի աշխատանք գտնել»։ Էքստրեմալ իրավիճակները Բուտրուի երիտասարդության տարերքն էին 172 Ծանոթանալով Ձեր կենսագրությանը, պարզեցի, որ աշխատանքային գործունեության ընթացքում Դուք շատ անգամներ աշխատել եք էքստրեմալ, սովի ու աղքատության մեջ գտնվող երկրներում։ Ձեզ իսկապե՞ս հետաքրքրում են էքստրեմալ իրավիճակները, թե՞, ինչպես սովորաբար լինում է՝ ճակատագրի բերումով։ 172 Երբ երիտասարդ էի, արտակարգ իրավիճակների այդ եռուզեռը ինձ շատ էր գրավում։ Այնպես ստացվեց, որ իմ գործունեության առաջին առաջադրանքները այնքան էլ վատ չկատարեցի։ Դրանով իսկ արտակարգ իրավիճակներում անցա այլ աշխատանքների։ Ինձ, իրոք, ավելի երիտասարդ տարիներիս դուր էր գալիս նման իրավիճակներում աշխատելը, իսկ հիմա՝ այնքան էլ չէ՝ ընտանիք կա8230 եւ տարիքն էլ արդեն այն չէ։ Բացի դրանից, մարդասիրական ճգնաժամերին արտակարգ իրավիճակներում աշխատելը թույլ է տալիս քո աշխատանքի արդյունքները անմիջապես տեսնել։ Շատ դժվար աշխատանք լինելով հանդերձ, այն նաեւ շնորհակալ գործ է։ Ավելի երիտասարդ տարիքում՝ աշխատանքային գործունեության սկզբում, երեւի պետք է աշխատել նման իրավիճակներում։ Հետո, փորձ ձեռք բերելով, անցնել ավելի հանգիստ եւ մշտական աշխատանքի։ 172 Դուք համակարգել եք մասսայական ինֆորմացիայի հետ կապված հարցերը։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը Հայաստանում եւ իսկապե՞ս PR ծրագրերը ազդում են հասարակության վրա՝ այս կամ այն խնդիրն իրականացնելիս։ Չէ՞ որ շատ հաճախ մեր երկրում հասարակության կողմից չեն ընդունվում թե՛ պետության եւ թե՛ ընդդիմության որոշ քայլեր։ 172 Մամուլի դերի մասին միանշանակ կարծիք չունեմ, որովհետեւ, ըստ իս, ներկայումս զանգվածային լրատվամիջոցները, որպես այդպիսին, դարձել են կոնկրետ ինչ172որ մշակութային արժեքների կորստի զոհ։ Այսինքն, ամեն ինչ ընդհանրացված է եւ դրա աղբյուրը, բնականաբար, զարգացած աշխարհն է, ուր ի սկզբանե արդեն ինչ172որ նախապաշարում կա իրադարձությունների լուսաբանման նկատմամբ։ Եվ այդ պայմաններում բավական դժվար է զանգվածային լրատվամիջոցների կողմից ստանալ իրական իրավիճակի անաչառ եւ ճիշտ մեկնաբանությունը։ Այդ իսկ պատճառով PR172ի դերը չափազանց կարեւոր է, քանի որ դրանով ես փորձում իրական եւ օբյեկտիվ պատկերը հասցնել հասարակությանը եւ կոտրել արդեն իսկ աղավաղված կարծիքը, որը ներկայումս առկա է միջազգային մամուլի շրջանակներում։ Դրա հետ մեկտեղ, չեմ կարծում, թե ամեն քայլդ գցելու ժամանակ պետք է դրոշակ բարձրացնես։ Ամենակարեւորը աշխատանքի արդյունավետությունն է, իսկ չափից դուրս դրա մասին խոսելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ 172 Հավանաբար Ձեր աշխատանքում եղել են զավեշտական դեպքեր եւ էքստրեմալ իրավիճակներ։ Չէի՞ք ցանկանա որեւէ կոնկրետ դեպք պատմել մեր ընթերցողներին։ 172 1984 թվականին բավականին զավեշտալի դեպք պատահեց Սուդանում, երբ նոր էի անցել աշխատանքի։ Այդ ժամանակ Սուդանում մարդասիրական ճգնաժամ էր, հարեւան երկրներից հազարավոր փախստականներ էին եկել։ Ի դեպ, հենց այդ ժամանակ ես աշխատում էի հասարակայնության հետ կապերի պատասխանատու։ Այնտեղ գտնվելուս օրերին հայտնվեց ճապոնացի գիտնականների մի խումբ, որը զբաղվում էր թռչող ափսեներով եւ, իրենց հասած տվյալների համաձայն, իբր այդ երկրի սահմանին թռչող ափսե էր իջել եւ օգնություն էր բաժանել փախստականներին։ Ճապոնացի գիտնականները փորձում էին այդ հազարավոր փախստականների միջից գտնել այն մարդկանց, որոնք իբր թե շփվել էին այլմոլորակայինների հետ։ Նրանք նույնիսկ պատրաստ էին մեզ կաշառել, որպեսզի կարողանայինք փախստականների միջից գտնել այլմոլորակայինների հետ շփված մարդկանց։ Բուտրուն նախապատվությունը տալիս է ռուսերենին Տարբեր երկրներ այցելելով, ծագումով ֆրանսիացի Ժոել Բուտրուն արեւմտյան երկրներում ավելի շուտ է մշակութային շոկի ենթարկվում, քան, օրինակ, Հայաստանում. «Իրավիճակին հարմարվելը ինձ համար երբեք խնդիր չի եղել։ Երեւի ամենակարեւորը կարծրացած նախապաշարումներ չձեւավորելն է, որովհետեւ, ըստ իս, չի կարելի ինչ172որ կարծիք ունենալ քեզ համար անծանոթ մշակույթի վերաբերյալ»։ Մինչեւ մեր երկրում այս առաքելությանը անցնելը, շատ քիչ պատկերացում է ունեցել Հայաստանի մասին։ Առաջին անգամ Հայաստան է եկել 1992172ին, մեր երկրի հետ ծանոթությունը այդ ժամանակ շատ հպանցիկ է եղել։ Ու երբ գրեթե 10 տարի հետո Հայաստանում աշխատանքի է նշանակվել, կարծել է՝ գալիս է 1992172ի Հայաստան։ «Այդուհանդերձ, մեծ պատրաստակամությամբ ընդունեցի Հայաստանում աշխատանքի անցնելու առաջարկը։ Ի դեպ, տարօրինակ մի զուգադիպությամբ մինչեւ Հայաստան գալս աշխատում էի մի երկրի եւ ժողովրդի հետ, որը նույնպես ցեղասպանության զոհ է դարձել (խոսքը աֆրիկյան փոքրիկ պետության մասին է)։ Այս հանգամանքը ինձ համար խորհրդավոր զուգադիպություն էր։ Ու քանի որ մասնագիտությամբ պատմաբան եմ, հայաստանյան առաքելության առաջադրանքը մեծ հետաքրքրությամբ ընդունեցի։ Իմ պատկերացումները Հայաստանի եւ հայերի մասին բավականին փոխվել են, ես ամեն օր ինձ համար նոր հայտնագործություններ եմ անում։ Հիմա կարող եմ ասել, որ հայերը շատ բազմակողմ եւ բազմաշերտ մարդիկ են»։ Պարոն Բուտրուն կարծում է, որ որոշակի միջոցների առկայության դեպքում, ցանկացած օտարերկրացու համար շատ հեշտ ու հաճելի է ապրել Հայաստանում։ Ընդ որում, շա՜տ ավելի հեշտ, քան ինքը պատկերացրել է. «Գիտակցեցի, որ Հայաստանում շատ երեւույթներ են բազմաշերտ ու ոչ սովորական։ Նույն աղքատությունը Հայաստանում այնքան էլ պարզ եւ միանշանակ չէ։ Այն շատ կողմեր եւ անկյուններ ունի։ Շատ հաճախ կյանքի երեւույթները հնարավոր չէ եւ պետք չէ ընդունել առաջին տպավորությամբ։ Հաճախ, երբ մարդկանց հարցնում եմ ինչպե՞ս է իրենց հաջողվում ամսական 15 դոլարով ապրել, չէ՞ որ դա անհնարին է, պատասխանը էլ ավելի է մոլորեցնում»։ Բուտրուն սիրում է կարգուկանոն Ժոել Բուտրուն խոհանոցում միայն կարգուկանոնի «մասնագետ» է։ Նա որեւէ կերակուր անձամբ չի կարողանում պատրաստել։ Իսկ արդեն ուտելիս նախապատվությունը տալիս է չինական, հնդկական, ճապոնական, Թայլանդի խոհանոցներին։ Ընդհանրապես սիրում է ծովային կերակրատեսակներ։ Հայկական խոհանոցից շատ հավանում է կանաչեղենը, «զակուսկի» ասվածը, բանջարեղենը, ավանդական խորովածը՝ բադրիջան172բիբարով։ Պարոն Բուտրուի երկու զավակները խլում են իր ազատ ժամանակի հիմնական մասը, հետեւաբար հոբիներից մնացել է ընթերցանությունը։ Գալով Հայաստան, Ժոել Բուտրուն ցանկացել է վերականգնել իր ամենասիրելի հոբին՝ լեռնագնացությունը։ Չնայած այն հանգամանքին, որ պարոն Բուտրուն տիրապետում է մի քանի լեզուների, այդուհանդերձ նա գործնական մարդ է եւ Հայաստան գալով նախընտրությունը տվել է ոչ թե հայերենի, այլ ռուսերենի ուսուցմանը։ «Այս հարցում պետք է մի քիչ իրատես լինել, որովհետեւ հայերենը չքնաղ լեզու է, բայց երբ իմ առաքելությունը Հայաստանում ավարտվի եւ գնամ այլ երկիր, հայերենն այլեւս չեմ կարող օգտագործել։ Մինչդեռ ռուսերենի կիրառությունն ավելի մեծ է, եթե, իհարկե, ինձ չնշանակեն Լոս Անջելեսի Գլենդել թաղամաս, Բոստոն կամ Ֆրանսիայի Մարսել քաղաք։ Բայց երեւի չեն ուղարկի, որովհետեւ ՄԱԿ172ն այդ տեղերում գրասենյակներ չունի»։ Կանանց հարցում Ժոել Բուտրուն ազգային խտրականություն չի դնում՝ նրա կինը նորվեգացի է։ Պրն Բուտրուի կարծիքով, հայ կանայք ազատ են եւ ինքնավստահ։ Թեպետ հարցերիս այս հատվածն անվանել եմ «բլից», սակայն պրն Բուտրուին բավականին երկար ժամանակ էր պետք կողմնորոշվելու համար։ Ժոել Բուտրուի սիրած եղանակը գարունն է։ Երկար մտատանջվելուց հետո պրն Բուտրուն, որպես տղամարդու իր թուլություն, նշեց. «Կարգուկանոն եմ սիրում տան մեջ, չեմ սիրում, որ իրերն այս ու այն կողմ են թափված լինում։ Չգիտեմ, դա տղամարդու թուլություն է, թե ոչ այնքան՝ բայց դա է»։ Խմիչքներից նախապատվությունը տալիս է գինուն, սիրում է ջազ, դասական, կամերային երաժշտություն։ Երազում է երբեւէ արձակուրդը անցկացնել Կարիբյան կղզիներում, իսկ ապրել՝ որեւէ տաք երկրում, որտեղ լեռներ կան ու ծով, ասենք՝ Բրազիլիայում։ Քաղաքական գործչի իր իդեալը Մահաթմա Գանդին է։ Սիրած գրողներն են՝ Ֆոլկներ, Շեքսպիր, Հենրի Ջեյմս, Ռասին։ Սիրած նկարիչը Սալվադոր Դալին է։ Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել