Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՓԿԱՍՈՒՆ ՏԻԿՆԱՅՔ» ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԵՐԳԻՑ

Հոկտեմբեր 23,2002 00:00

«ՓԱՓԿԱՍՈՒՆ ՏԻԿՆԱՅՔ» ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԵՐԳԻՑ «Մենք մեր արժեքները չգնահատող, ապազգային, օտարամոլ ժողովուրդ ենք եւ պատրաստ ենք օտարի համար անգամ մեր հոգին վաճառել»,- ասում է երգչուհի Սուսաննա Սաֆարյանը։ 15 տարի շարունակ, յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 30-ին, մայրաքաղաքի որեւէ մշակութային օջախում տեղի է ունենում երգչուհու «Իսահակյանական երեկո» անվանումը կրող մենահամերգը։ Համերգի առաջին բաժնում երգչուհին մշտապես կատարում է Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը, իսկ երկրորդ բաժնում՝ աշուղագուսանական երգեր։ 1986-ին Գեղարքունիքի մարզում նկարահանվել է այդ երգերն ամբողջացնող երաժշտական ֆիլմ, որը երգչուհին անվանել է «Հույզերի մեղեդի»։ Արդեն 5 տարի է, որ իր ծննդյան օրը՝ հուլիսի 5-ին, «Մոսկվա» կինոթատրոնում, անվճար, Սուսաննա Սաֆարյանը հանդես է գալիս մենահամերգով։ Հատկանշական է նաեւ, որ երգչուհու առաջին մենահամերգը կայացել է հենց այստեղ, որն էլ նա համարում է Երեւանում իր ամենահոգեհարազատ վայրը։ Արդեն 30 տարի է, ինչ Ս. Սաֆարյանը բեմում է։ Եվ այսօր էլ նրա ե՛ւ նպատակը, ե՛ւ ցանկությունը ազգային երգը տարածելն է, քանզի, ըստ երգչուհու, «ազգային երգը երկրորդական բան է համարվում», պրոպագանդվում է հիմնականում երգիչների այն խավը, որը երգում է թուրքական ու պարսկական «շախով-շուխով», կամ էլ՝ «դարդոտված» երգեր։ Ցավալին այն է, որ այդ երգիչները տվյալ երգերը կատարելով հայտարարում են, թե դրանք իրենց իսկ «հեղինակային երգերն են»։ Երգչուհուն անչափ զայրացրել է նաեւ այն, որ Անկախության օրը հեռուստատեսությամբ ցուցադրվել է «Չիմանայի» երգի տեսահոլովակը, որտեղ անընդհատ աչքի է ընկնում սուլթանի կերպարանքով ինչ-որ մեկը։ Հետաքրքիր է նաեւ, որ Ազգային երաժշտական ալիքի եթերում, ըստ երգչուհու՝ «չի հնչում ազգային երաժշտություն, իսկ թե ինչու է այն կոչվում Ազգային երաժշտական ալիք, հայտնի չէ»։ Իսկ միգուցե մեր՝ «ազգային» «Ծձի TV»-ն ունենալու համա՞ր, բայց չէ՞ որ ամեն ինչի բնօրինակն է միայն գեղեցիկ, եւ, ինչպես Ս. Սաֆարյանն է ասում. «Եթե այսօր որեւէ հայ երգիչ ունենար այնքան տեսահոլովակ, որքան ես ունեմ, ապա այժմ հեղեղվել էր ողջ հեռուստատեսությունը, իսկ ես…», իսկ հետո քմծիծաղով ավելացրեց. «Միգուցե ես է՞լ եմ ընդգրկված հեռուստատեսության կողմից սահմանված կոմերցիոն երգիչների «սեւ ցուցակում» ու տեղյակ չեմ»։ Թեեւ Սուսաննա Սաֆարյանն այսօր որեւէ մեկի հետ «աստղային պատերազմ» չի մղում, սակայն եկել է այն եզրակացության, որ ըստ «հայկական սովորության, այստեղ մեծություն են համարվում այն երգիչները, որոնք մի որոշ ժամանակ աշխատում են Ամերիկայում»։ Երգչուհին զարմանում է, որ այսքան հարուստ մշակույթ ունեցող ազգի երգիչները «աչք են դնում օտարի անճաշակ երգերի վրա, եւ որ 15 տարեկան երեխան աշխարհին ներկայացնում է հայ մշակույթը՝ հենց այդ երգերով»։ Սա էլ ապացուցում է մեր օտարամոլ լինելը։ Երգչուհին տեղեկացրեց նաեւ. «Երբ մեր «բարձրաշխարհիկ» կանանց հայտնել են, որ հոկտեմբերի 30-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում կայանալու է իմ համերգը, նրանք պատասխանել են, որ չեն կարող գալ, քանզի ներկա են լինելու Ռուսսոյի եւ Օրբակայտեի համերգին»։ Փաստորեն, հայոց աշխարհի «փափկասուն տիկնայք» վերջիններիս ավելի են գերադասել, քան Ս. Սաֆարյանին, թեեւ մի համերգը հոկտեմբերի 30-ին է, մյուսը՝ 31-ին։ Ու չնայած այս ամենին, երգչուհին հայրենիքը լքելու մտադրություն չունի, քանզի գտնում է, որ ինքը հաղթանակած երգչուհի է։ Ի դեպ, երգչուհին ասաց, որ մինչեւ տասներկու տարեկանների մուտքն իր համերգներին անվճար է։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել