Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ինձ «գնացած» չեմ համարում

Հոկտեմբեր 31,2002 00:00

Ես ինձ «գնացած» չեմ համարում Այսպես է մտածում կոմպոզիտոր, խմբավար Լորիս Ճգնավորյանը, ում նվիրված գրքի շնորհանդեսը կայացավ երեկ։ «Ծննդյանս օրը Վիեննայում էի եւ իմացա, որ լույս է տեսել այս գիրքը։ Շատ անսպասելի էր ինձ համար, քանի որ ես միշտ դեմ եմ եղել այդ գրքի տպագրմանը»,- ասաց մաեստրոն, միաժամանակ չթաքցնելով շնորհակալությունն այս անակնկալի համար։ «Ուխտագնացը» վերնագրով այս գիրքն իրենից ներկայացնում է 1991 թվականին Լորիս Ճգնավորյանի կազմակերպած Երեւան-Գյումրի համաժողովրդական ուխտագնացության մանրամասներ։ «119 հոգով ուղեկցում էինք Լորիսին, տարբեր գաղափարների, մտքի ու հոգեբանության մարդիկ, ու մենք հետո էլ ուզում էինք մեր գործում մի փոքր Ճգնավորյան լինել»,- ասաց գրքի հեղինակ Հովհաննես Նալթակյանը։ Մաեստրոն իր խոսքի մեջ ընկավ հուշերի գիրկը, մանրամասն նկարագրեց ուխտի գնալու օրն իր մասնակիցներով ու վերջում եզրակացրեց, որ «այդ գաղափարն էլ, իրագործումն էլ սուրբ հոգու մասնակցությամբ էր, իսկ ես ընդամենը գործիք էի»։ Հենց այդ պատճառով էլ նա չի թողել, որ գրվի մի գիրք, որի գլխավոր դեմքն ակամա դառնա իր անձը, նաեւ խոստովանեց, որ «թեեւ արդեն տպվել է, բայց ես այն չեմ կարդացել ու չեմ էլ կարդալու, չնեղանաք»։ Ինքը, միեւնույն է, երբեք չի մոռանա, թե «ինչ օրեր էին դրանք, ինձ ամեն կողմից քաշքշում էին, ուզում էին թեւիս կպնեն, ոտքիս կպնեն, ասում էին՝ դու սուրբ ես, բայց ես դրանից նեղվում էի, իսկ մարդկանց սերն ինձ շատ էր հուզում, այ, դրանից չէի նեղվում, սիրո օվկիանոսում ոչ մեկը չի խեղդվել»։ «Հնարավոր չէ նկարագրել այն մեծ զգացողությունները, որ ապրում էինք ամեն քայլափոխի, ամեն մի հանդիպում արդեն մի գրքի նյութ էր»,- իր տպավորությունը հայտնեց ուխտի մասնակից, դասախոս Մարիետա Սահակյանը։ Հիմա էլ մաեստրոն ուղղակի երջանիկ էր, որ «կրկին առիթ եղավ ձեզ հանդիպելու, ձեզ էլ էի կարոտել, այս սենյակին էլ էի կարոտել»։ Սենյակն, ի դեպ, Ժուռնալիստների միության կլոր սեղանով սրահն էր։ Տրամադրությունն էլ՝ բարձր ու տոնական էր, քանի որ մեզ հետ մաեստրոն նշում էր նաեւ հոկտեմբերի 13-ին լրացած ծննդյան 65-ամյակը։ Իր ներկա գործունեության հետ այդ տարիքը կապ չունի, քանի որ «բազմաթիվ համեգներ ունեմ, օպերաներ գրելու պատվերներ, լարային քառյակ եմ ստեղծել, որն այսօր ամբողջ աշխարհից հրավեր ունի» եւ այլն։ Իսկ Հայաստան վերադառնալու մասին խմբավարը դեռ չի մտածում, թեեւ «միշտ էլ գալիս-գնում եմ, ընտանիքս այստեղ է, կարոտում եմ հայրենիքս»։ Հետո էլ՝ «թող ուրիշները մի քիչ աշխատեն, ես 11 տարի աշխատեցի, առայժմ բավական է»։ Միաժամանակ մաեստրոն դրսից էլ ակտիվ շփումների մեջ է հայկական մշակույթի հետ՝ բարեգործական, նաեւ՝ փոխադարձ համերգներով, հրավերներով։ Էլ ո՞նց չհամաձայնես, որ մարդն իրեն այստեղից գնացած չի համարում։ Վերջում կրկին անդրադառնալով «Ուխտագնացը» գրքին, մեջբերենք մի հատված նախաբանից՝ փոքրիկ խմբագրումով. «Լորիս Ճգնավորյանը Հայաստան եկավ այն ժամանակ, երբ շատ շատերը փախան իրենք իրենցից ու երկրից։ Խորեն Աբրահամյանը միառժամանակ հեռացավ երկրից, Սոս Սարգսյանն ընկավ դեգերումների մեջ, խառնաշփոթը մոլորության մեջ գցեց նաեւ Սիլվա Կապուտիկյանին։ Այդ տարիներին պետք է ունենայիր հազար գլուխ ու հազար սիրտ, որպեսզի կարողանայիր նվիրաբերվել այն գործին, որի անունը հայ մշակույթ է»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել