Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՐՁՅԱԼ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ»

Նոյեմբեր 22,2002 00:00

«ԴԱՐՁՅԱԼ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ» Բանկերի գործունեության գնահատման համար գործնականում օգտագործվում են տարբեր տիպի ռեյտինգային համակարգեր: Դա արվում է ե՛ւ վերահսկողական նպատակով (համապատասխան պետական մարմնի կողմից, Կենտրոնական բանկը, կամ առանձին մարմին), ե՛ւ հասարակությանը կողմնորոշելու համար (դրանով որպես կանոն զբաղվում են անկախ գնահատող կազմակերպություններ): Բանկերի ռեյտինգավորման չափանիշները կարող են լինել տարբեր, սկսած քանակական, որի դեպքում բանկի տեղը համակարգում որոշվում է, օրինակ՝ ակտիվների կամ կապիտալի չափով, վերջացրած որակական, որի դեպքում բանկը գնահատվում է միանգամից մի քանի տեսանկյունից, մասնավորապես ակտիվների որակ, շահութաբերության մակարդակ, իրացվելիություն եւ այլն: Սակայն բոլոր դեպքերում բանկային համակարգը գնահատելիս պետք է գործի մի սկզբունք՝ հասարակությանը պետք է մատուցվի ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ երկրի բանկային համակարգը միատարր չէ. համակարգում կան կայուն եւ հուսալի բանկեր, կան բանկեր, որոնք ունեն պրոբլեմներ, որոնք լուծելի են եւ այսօր լուրջ վտանգներ դեռ չեն առաջացնում, կա 8 բանկ, որ գործում են խնամակալության դաշտում եւ ամբողջությամբ սպառել են իրենց սեփական կապիտալը: Դրա հետ մեկտեղ, մնացած 20 բանկերի շարքում կան բանկեր, որտեղ կուտակված են լուրջ խնդիրներ եւ միտումները թույլ են տալիս խոսել պրոբլեմների խորացման մասին: Եվ Հայաստանի բանկային համակարգը բաղկացած է ոչ 5 լավագույն բանկերից, ոչ էլ 8 վատագույններից, այլ 28 առեւտրային բանկերից: Սակայն, երբ երկրի գլխավոր բանկիրը հայտարարում է, որ թվերը կարելի է մեկնաբանել տարբեր ձեւերով, ապա կարելի է նաեւ տարբեր ձեւերով մեկնաբանել այդ հայտարարությունը, սկսած նրանից, որ ԿԲ նախագահը եւ Հայաստանում օտարերկրյա առեւտրային բանկի լիազոր ներկայացուցիչը ցանկություն ունեն լղոզել իրական պատկերը: Մենք ի տարբերություն ԿԲ նախագահի, չենք մեկնաբանում թվերը, այլ ուղղակի ներկայացնում ենք դրանք, այնպես, ինչպես որ կան իրականում: Եվ քանի որ մեր վերջին հրապարակումներից հետո էր «Նեֆտեխիմբանկի» ներկայացուցիչ Տ. Սարգսյանը արել է խորհրդային վիճակագրության լավագույն ավանդույթներով օժտված իր վերոնշված հայտարարությունը, ապա ստիպված ենք մեկ անգամ եւս հրապարակել բանկային համակարգի համեմատական տվյալները, այս անգամ եռամսյակի կտրվածքով, կրկնում եմ, առանց որեւէ մեկնաբանության: Բանկային համակարգի ցուցանիշները 30.09.02թ. համեմատվել են 30.06.02թ. հետ: Համակարգի ընդհանուր կապիտալը նվազել է 4,5 մլրդ դրամով, ընդհանուր ակտիվները աճել են 12,6 մլրդ դրամով, այն դեպքում, երբ ընդհանուր պարտավորությունները աճել են 17,1 մլրդ դրամով: Նախորդ ժամանակաշրջանի վնասը ավելացել է 236 մլն դրամով եւ կազմել է 26 մլրդ դրամ, իսկ ընթացիկ տարվա վնասը աճել է 4 մլրդ դրամով եւ կազմել է 16,6 մլրդ դրամ: Այն 8 բանկերում, որոնք գտնվում են ԿԲ խնամակալության ներքո, եւ որոնց ցուցանիշները Կենտրոնական բանկը այդքան չի սիրում ընդգրկել բանկային համակարգի հաշվարկում (առեւտրային բանկը, անկախ նրանից, թե ինչ դաշտում է գործում, մնում է բանկ այնքան ժամանակ, քանի դեռ ունի Կենտրոնական բանկի լիցենզիա), ունենք հետեւյալ պատկերը. ընդհանուր կապիտալը նվազել է 5,7 մլրդ դրամով, ընդհանուր ակտիվները պակասել են 9,4 մլրդ դրամով, այն դեպքում, երբ ընդհանուր պարտավորությունները նվազել են 3,7 մլրդ դրամով, ընթացիկ ժամանակաշրջանի վնասը ավելացել է 5,4 մլրդ դրամով: Սա է երրորդ եռամսյակում զարգացումների պատկերը ըստ բանկային պաշտոնական վիճակագրության: Իսկ ԿԲ նախագահ եւ համատեղության կարգով «Նեֆտեխիմբանկի» լիազոր ներկայացուցիչ Տ.Սարգսյանին ընդամենը կհիշեցնենք մի հին արեւելյան ասացվածք. ինչքան էլ ասես հալվա, բերանդ չի քաղցրանա: ՎԻԳԵՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել