Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ԱՂԲ ԵՆ ԹԱՓԵԼ

Դեկտեմբեր 07,2002 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ԱՂԲ ԵՆ ԹԱՓԵԼ «Երբեմն աշակերտները լկտիանում են եւ պատուհաններ են բացում»։ Թեեւ խոսքը ձմռան այս ցուրտ օրերի մասին է, բայց սա այն դեպքում, երբ «հատկապես արեւկող դասասենյակներում ջերմաստիճանը 22-23Օ է հասնում»։ Ինչպես, օրինակ, թիվ 51 դպրոցում, որի տնօրեն Արմեն Սահակյանի ներկայացմամբ, քարե շենք է։ Տնօրենի հավաստմամբ, սրա շնորհիվ իրենց դպրոցին հաջողվել է նախորդ տարվա ջեռուցման համար նախատեսված գումարից տնտեսել շուրջ 300 հազար դրամ։ Դատելով մայրաքաղաքի դպրոցներում անցկացրած մեր հարցումների արդյունքներից, կարելի է ասել, որ նախորդ տարիների համեմատ, այս տարի ջեռուցման խնդիրն ավելի նպաստավոր է լուծվել։ Ինչը եւս խոստովանեց քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Կուբանյանը։ Բնավ կասկածի տակ չդնելով պետության հոգածությունը դպրոցների նկատմամբ, այնուամենայնիվ, պետի տեղակալից փորձեցինք պարզել, թե արդյոք մյուս տարիներին, երբ ընտրություններ չեն լինի առջեւում, երաշխիքներ կա՞ն, որ ջեռուցման խնդիրը նույնպես լուծված կլինի։ «Մենք ապաքաղաքականացված աշխատողներ ենք եւ դպրոցներում էլ թույլ չենք տալիս նման գործունեությամբ զբաղվել։ Առաջիկա ընտրություններն այս տարվա ջեռուցումը լավ կազմակերպելու հետ որեւէ առնչություն չունեն։ Վերջերս էլ տեղի ունեցան տեղական ինքնակառավարման ընտրությունները, դպրոցները դրանից ոչինչ չշահեցին, ընդհակառակը, կային դպրոցներ, որ ընտրություններից հետո միայն աղբ էին թափում»,- հավատացրեց Ա. Կուբանյանը։ Նշենք, որ հարցման ենթարկված Ալ. Շիրվանզադեի թիվ 21, Մ. Քաջունու թիվ 54, Ս. Զորյանի թիվ 56, Վ. Պետրոսյանի թիվ 51, Րաֆֆու թիվ 36 եւ թիվ 37 դպրոցների տնօրենները, գրեթե միաբերան նշեցին, որ սկսած նոյեմբերի 15-ից, իրենց դպրոցները ջեռուցվում են եւ, որ ամենակարեւորն է, այն կազմակերպելու համար աշակերտներից գումար չի գանձվել։ Ըստ Ա. Կուբանյանի, արդեն մի քանի տարի է, որ մայրաքաղաքի թվով 105 դպրոցների ջեռուցումը կազմակերպվում է մեկ տողով՝ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ Այս տարի այն իրականացնելու համար պետբյուջեից նախատեսվել է 250 մլն դրամ։ Վերջինիս բերած տվյալների համաձայն, 212 դպրոցներից 170-ը ջեռուցվում է էլեկտրաէներգիայի միջոցով։ 30-ը՝ նախորդ տարիներից սկսած, ջեռուցվում է կենտրոնացված համակարգով, 12-ը ունի սեփական կաթսայատուն։ Ա. Կուբանյանի խոսքերով, կարող են խնդիրներ առաջանալ Ավանի, Դավիթաշենի, Նոր Նորքի դպրոցներում, որոնք ջեռուցվում են կենտրոնացված համակարգով. «Եթե ազգաբնակչությունը վճարունակ չեղավ եւ պայմանագրեր չկնքվեցին, դպրոցներն էլ կզրկվեն կենտրոնական ջեռուցումից, այն, ինչպես այժմ, կիրականացվի էլեկտրաէներգիայի միջոցով։ Չնայած մենք պատրասպ ենք վճարելու»։ Ըստ նրա, ձմռանը նախապատրաստվելու աշխատանքները դեռ տարվում են եւ չնայած դպրոցներում տեղադրված են 17 հազար 200 էլեկտրական տաքացուցիչներ, սալիկներ ու տեներ, դրանց թիվն այս տարի եւս ավելացել է 1200-ով։ Իսկ թիվ 37 դպրոցի տնօրեն տիկին Մանասերյանը սեփական մեկնաբանությունը տվեց «Առավոտի» ունեցած այն տեղեկության մասին, որ օրերս իրենց դպրոցի 9-րդ «Բ» դասարանում դասերը դադարեցվել են՝ սենյակը չջեռուցվելու պատճառով։ Նա նշեց, որ աշակերտներն իրենք են տենը դիտմամբ փչացրել, որպեսզի դասերը տապալեն։ Տիկին Մանասերյանն ավելացրեց. «Մեր դպրոցը խիստ ռեժիմով է ջեռուցվում։ Տեները միացնում ենք ամբողջ գիշեր, որ դասասենյակներն առավոտյան տաք լինեն, իսկ կեսօրին անջատում ենք։ Որքան եղանակները ցրտեն, մեր վիճակը կվատանա, որովհետեւ գումարը կարող է չբավականացնել։ Վեցօրյակն էլ է «նպաստում» դրան»։ Շատ դպրոցների տնօրենների կարծիքով էլ, թեկուզ այս տարվա ջեռուցման հետ կապված դեռեւս խնդիրներ չեն առաջացել, այնուամենայնիվ, բարենպաստ եղանակն էլ է նպաստում, որպեսզի դպրոցներին հատկացված գումարները բավականացնեն մինչեւ ցուրտ սեզոնի ավարտը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել